Պաշտոնյաների սիրուհիները, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի ունեցվածքն ու Նիկոլ Փաշինյանի նախագիծը` ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրել էր մի նախագիծ,  որով առաջարկում էր ԱԺ-ում ստեղծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:

Հանձնաժողովի խնդիրները պետք է լինեին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ձևավորման աղբյուրները, ինչպես նաև նրանց գույքային վիճակը, եկամուտների օրինականությունը, հնարավոր կոռուպցիոն երեւույթներն ու խնդիրներն ուսումնասիրել: Պատգամավորը հանձնաժողովի նիստի ընթացքում նշեց, որ այժմ հայտարարագրեր է ներկայացվում, սակայն չկան մեխանիզմներ` պարզելու, թե որքանով են դրանք ճիշտ ներկայացվում:

Փաշինյանը ընդգծեց, որ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ ունեցվածք ունեն: «Ասում են, որ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում 4 մլրդ դոլարի հարստություն է կուտակել: Կամ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Լեգենդներ են պտտվում նրա հարստության մասին, դրանց  մի մասը պարզ իրողություն է: Կամ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որից այդպես էլ չիմացանք՝ գյուղմթերքների վաճառքից 2 մլն դոլար ո՞նց է ձևավորվել:  Հանրությունը չիմանա՞ ինչ փոփոխություն է տեղի ունեցել: Եթե պարզվի, որ այդպես չի, շատ ավելի լավ: Եթե պարզվի, որ այդպես է, հանրությունը դրանից հետո ինքը պետք է որոշի՝ ինչ միջոցներ ձեռնարկի կամ ինչ վերաբերմունք ցուցաբերի», -ընդգծեց նա:

ՀՀԿ-ական պատգամավորներն առաջարկեցին այսպիսի նախագիծ ներկայացնել ընտրություններից հետո` ասելով, թե այժմ դրա ժամանակը չէ, սակայն Փաշինյանն այդ կարծիքին չէր: Նա հայտարարեց, թե պետք է ուսումնասիրել պաշտոնյաների հետ կապված մեծ թվով մարդկանց ունեցվածքը` քույրերի, եղբայրների, նույնիսկ զոքանչների: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ բարձրաձայնեց սիրուհիներին ևս ներգրավելու մասին, ինչի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, ՀՀԿ խմբակցությունը այդ թեմայով հատուկ կարծիք կունենա: Կան ոչ միայն ունիվերսալ սիրուհիներ, կան նաև ունիվերսալ պատգամավորներ, այնպես որ, այդտեղ շատ պետք չի խորանալ»:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ իր գործընկերների հետ գրազ էր եկել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ տեսքով է ներկայացնելու նախագիծն ու խորհրդարանում ում անուններն է տալու: Սահակյանը ընդգծեց, թե գրազը հաղթել է, քանի որ իր կանխատեսածի նման է եղել: Սահակյանի խոսքով, ԵԼՔ-ի քաղաքական օրակարգի մասն է և ՀՀԿ-ն չի ուզում կապ ունենալ դրան, որպեսզի չասեն` թե Փաշինյանն իշխանությունների հետ կապ ունի:

Փաշինյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանը երևի հատուկ ուստանովկա է տվել, որ ամեն անգամ, երբ ես խոսում եմ, հիշատակեք, որ ինչ-որ մարդիկ ինձ կապում են իշխանությունների հետ:  Ի՞նչ կապ կարող է լինել իմ եւ ձեր միջև, ձեր իշխանության ամենալավ գնահատականն է, որ մեկին երբ ուզում եք վատություն անեք, ասում եք՝ գիտես, իշխանության հետ սա կապված է: Ձեր իշխանությունը նմանվում է բորոտի կամ ինչ-որ սուր վիրուսային հիվանդություն տարածող մեկի», – հավելեց նա:

Ի վերջո` նախագիծը դրվեց քվեարկության, սակայն մերժվեց, քանի որ նիստին մեծամասնություն կազմող ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս