Լապշինին Ադրբեջանին հանձնելու դեպքում բացասական հետևանքներ են սպասվում նախևառաջ Արցախի համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ պահանջել է հնարավորինս արագ արտահանձնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: Այսպիսով՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի կողմից հոր՝ Հեյդարի անվան ոսկյա լանջամեդալը ստանալուց եւ հրապարակավ «ես դրա համար վարձահատույց կլինեմ» հայտարարելուց հետո Լուկաշենկոն քայլ առ քայլ կատարում է իր խոստումը եւ Իլհամին հաճոյանալու համար նաեւ այս առիթը բաց չի թողնում: Իսկ առիթն այդ, իրականում, բավականին կարեւոր է եւ շատ լուրջ բացասական հետեւանքներով հղի նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղի համար:

Բանն այն է, որ Լապշինի արտահանձնումը կդառնա շատ վատ նախադեպ եւ կունենա կանխարգելիչ նշանակություն՝ ի հեճուկս Ադրբեջանի իշխանությունների սահմանած արգելքի՝ Ղարաբաղ այցելությունների համար: Եթե մինչ այս Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ Արցախ այցելող գործիչներին «սեւ ցուցակում» ընդգրկելը առանձնապես չէր մտահոգում այդ գործիչներին /նրանց թիվը կազմում է 623/, ապա Լապշինի նախադեպից հետո օտարերկրյա դիվանագետները, լրագրողներն ու արտիստները կսկսեն խուսափել Արցախ այցելելուց, քանի որ դա այլեւս կարող է նրանց համար վտանգավոր դառնալ:

Այսուհետ, փաստորեն, նրանք չեն կարող երաշխավորված լինել, որ մի օր էլ իրենց որեւէ «իքս» երկրում չեն ձերբակալի եւ Ադրբեջանին հանձնի: Ի վերջո, չի բացառվում, որ առաջիկայում Բելառուսի օրինակին հետեւեն Թուրքիան, Պակիստանը կամ այլ իսլամական երկրներ: Եվ այս առումով պետք է ընդունել, որ Լապշինի հետ կապված Բաքվի այս օպերացիան շատ լավ հաշվարկված էր եւ հեռահար նպատակներ հետապնդող: Չմոռանանք, որ խոսքը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացու մասին է /Լապշինը նաեւ Ուկրաինայի քաղաքացի է, թեեւ վերջինս այս կապակցությամբ քար լռություն է պահպանում/, եւ Լապշինին «ստանալուց» հետո Ադրբեջանը, բնականաբար, կսկսի առեւտուրը նաեւ Ռուսաստանի եւ Իսրայելի հետ իրենց քաղաքացուն վերադարձնելու շուրջ:

Իսկ ինչ է անում այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը, ինչ է անում Բելառուսում ՀՀ դեսպանը: Առայժմ բացի ԱԳՆ-ի մի քանի հայտարարություններից եւ ՀՀ փաստաբանների պալատի նամակագրությունից՝ այլ քայլեր չեն երեւում: Բնականաբար, այս դեպքում էլ Նալբանդյանի սիրած բացատրությամբ, թե իրենք ճառ ասող չեն, զանգ կախող են, մեզ ԱԳՆ-ից կհակադարձեն, թե ամեն ինչի մասին չէ, որ պիտի բարձրաձայնեն: Այս դեպքում, սակայն, նման պատճառաբանությունն ուղղակի ծիծաղելի կհնչի, քանի որ սա հենց այն դեպքն է, երբ պետք է հնարավորինս շատ եւ ամենուր ճառեր ասել, բողոքի ցույցեր կազմակերպել, միջազգային բոլոր ամբիոններից աղաղակել, ի վերջո, պաշտոնական Մինսկին բողոքի նոտա հղել, միջազգային լրատվամիջոցներով արշավ սկսել /խոսքը բլոգերի մասին է/ եւ այլն:
Մինչդեռ մեր ԱԳն-ն, ինչպես միշտ, քնած է խորը եւ անվրդով քնով: Ի դեպ, ԼՂՀ ԱԳՆ-ն՝ նույնպես:




Լրահոս