ՀԱԿ-ը ԱԺ ընտրությունների օրը կվիճարկի ՍԴ-ում . ովքեր են միացել ստորագրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ-ն այսօր խորհրդարանում հայտարարեց ստորագրահավաք սկսելու մասին, որի հիմքում ընտրությունների օրը փոխելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելն է: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ ձևաթուղթը պետք է ստորագրի 27 պատգամավոր, հակառակ պարագայում դատարան դիմում ներկայացնելն օրենքով հնարավոր չի լինի:

Լևոն Զուրաբյանի խոսքով,  ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու Սերժ Սարգսյանի հրամանագիրը հակասահմանադրական է: «Այդ հրամանագիրը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին, և մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ: Ճիշտ է, իշխանությունը ներկայացրել է, ի դեմս Դավիթ Հարությունյանի, իր հակադարձ փաստարկները, բայց մենք կարծում ենք, որ հիմքերը, որ առկա են, լրիվ բավարար են նրա համար, որ մենք դիմենք Սահմանադրական դատարան: Եվ թող Սահմանադրական դատարանը որոշի, թե ով է այս հարցում ճիշտ»,- նշեց նա։

Ստորագրահավաքը մեկնարկել է նիստերի ընդմիջման ժամին, և մինչ այս պահը ստորագրահավաքին արդեն միացել է 14 պատգամավոր: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, թե ստորագրել են ՀԱԿ խմբակցության պատգամավորները, «Համախմբում» կուսակցության անդամները, «Ժառանգություն» խմբակցությունից և ԲՀԿ երեք պատգամավոր`ընդգծելով, սակայն, որ վաղը ևս միացողներ կլինեն:

Փաստաթուղթն արդեն ստորագրել են Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Հրանտ Բագրատյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը և Թևան Պողոսյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ArmLur.am-ին հայտնեց, որ բացի իրենից ստորագրահավաքին միացել են նաև Միքայել Մելքումյանը և Վահե Էնֆիաջյանը` ընդգծելով, որ խմբակցության տարբեր պատգամավորներ այս հարցում տարբեր մոտեցումներ ունեն:

«Խնդիրը քննարկվել է խմբակցությունում. տարբեր պատգամավորներ ունեն տարբեր մոտեցումներ: Եթե մենք հենց ապրիլի 2-ին կարողանանք անցկացնել արդար ընտրությունն ու զինվորի հացը չգողանալ, ապա դա ամենամեծ հարգանքի տուրքը կլինի ապրիլի 2-ին մեր զոհված տղաների հիշատակի առջև»,- նշեց նա:

Զոհրաբյանը նշեց, թե պետք է ձևավորել այնպիսի իշխանություն, որը հասկանա՝ բանակը սրբություն է: Անդրադառնալով հարցի իրավական կողմին` Ն. Զոհրաբյանն ընդգծեց, որ առկա է սահմանադրագետների վեճ, սակայն գերխնդիր պետք է դարձնել ոչ թե ընտրությունների օրը փոխելը, այլ անել հնարավորն ու անհնարը՝  ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: Պատգամավորի խոսքով, կարևոր չէ՝ ընտրությունը կլինի ապրիլի երկուսին, թե մեկ այլ օր. կարևորն այն է, որ գոնե մեկ անգամ անցկացվեն արդար և ազատ ընտրություններ, և դա էլ կլինի ամենամեծ խոնարհումը զինվորների առջև:

Հիշեցնենք, որ  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե հրամանագիրն ընդունվել է Ընտրական օրենսգրքին համապատասխան, ինչպես ամրագրված է Սահմանադրության վերջին փոփոխություններով: Հավելենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրի սահմանադրականության հարցը բարձրացրել էր նաև պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը: Իսկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ այսօր խորհրդարանում հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, թե քվեարկության օրը կարող է փոխվել միայն մեկ պատճառով՝ որպեսզի չհամընկնի ապրիլյան պատերազմի տարելիցի հետ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս