Արցախցին շարունակում է ազատության դրոշակակիրը մնալ, Ալիևն իր հայտարարություններն անելիս լավ կանի մտածի հենց այս դիրքից. Աշոտ Ղուլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք այսօր Արցախում տեղի է ունենում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Քիչ առաջ իր ընտրությունը կատարեց նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ արցախցիները, ինչպես և 29 տարի առաջ, շարունակում են տարածաշրջանում ժողովրդավարության ու ազատության դրոշակակիրը մնալ:

Նրա խոսքով` այսօր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը միայն մի կողմից է վտանգված՝ Ադրբեջանի. «Այնպես որ Իլհամ Ալիևն իր հայտարարություններն անելիս լավ կանի մտածի հենց այս դիրքից»:

ԼՂՀ ԱԺ նախագահը նաև ընդգծեց, որ պետական շինարարությունը կայուն, հետևողականորեն առաջ ընթացող մի գործընթաց է, որը պարբերաբար թարմացումների կարիք ունի։

«Մենք այս մտադրությամբ ենք սկսել Սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Միանշանակ փոփոխությունները վերաբերվելու են մեր երկրի բոլոր ոլորտներին՝ անվտանգության ապահովմանը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն, ինչպես նաև կառավարական համակարգերի կատարելագործմանը։

Այսօր ես փողոց դուրս գալուց հասկացա, որ 29 տարի առաջ Արցախցիների սերունդը ԽՍՀՄ-ում առաջին անգամ ազատության դրոշ է բարձրացրել ու այսօր էլ այս տարածաշրջանի ժողովուրդը երևի թե նույն ժողովրդավարական, ազատության դրոշակակիրն է շարունակում մնալ ու դա պարտավորեցնող առաքելությունը է»,- նկատեց Ղուլյանը։




Լրահոս