ԱԱԾ-ին՝ մեղր, զինծառայողին՝ 200-300 դրամ. Վիգեն Սարգսյանի նոր նախագծի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստին որոշման մի նախագիծ ներկայացրեց, որը հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ է տվել: Նախագծով առաջարկվում է պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության եւ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանել ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաեւ լուցկու հատկացումը:

Այս առիթով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողները ծխախոտ չեն ստացել այսպես, թե այնպես։ Պայմանագրային զինծառայողներին հաշվարկվել է օրեկան մեկ տուփ ծխախոտ՝ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում:

Նրանց օրական 20 հատիկ ծխախոտի եւ համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար. մեկ տուփ ծխախոտի չափով՝ 200-300 դրամ: Ստացվում է, որ պայմանագրային զինծառայողին ծխախոտի համար եթե հատկացվի 200 դրամ, ապա ինքը պետք է օրական ծխի 190 դրամանոց ծխախոտ եւ 10 դրամով գնի լուցկի: Նույնը՝ 300 դրամի դեպքում՝ 290 դրամանոց ծխախոտ եւ 10 դրամանոց լուցկի: Նշենք, որ հայաստանյան խանութներում եւ սուպերմարկետներում գրեթե չկա 200 դրամ արժեքով ծխախոտ: Ավելին՝ անցած տարվա դեկտեմբերին 280 դրամ արժեք ունեցող ծխախոտը 20 դրամով թանկացավ, օրինակ՝ թանկացել է «Monte Carlo», «Բրիլիանտ», «LD», «ONE» եւ այլ ծխախոտները, որոնք 280 դրամից դարձել են 300 դրամ: Իսկ ահա հայկական արտադրության «Երեւան», «Ախթամար», «Մասիս», «Գառնի», «Վան» սիգարետները վաճառվում են 300 դրամով: Միայն «West» սիգարետն է, որը 180 դրամով է վաճառվում, այն էլ առանց ֆիլտրի է: Հետաքրքիր է, թե ՊՆ ղեկավարը ինչ գնի ծխախոտ է առաջարկելու պայմանագրային զինծառայողներին:

Նշենք, որ պաշտպանության նախարարի նոր օրինագիծը, ինչպես 1000 դրամների նախագիծը, բուռն դժգոհություն է հարուցել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական հատվածում: Բանն այն է, որ քաղաքացիների մեծ մասը վստահ չէ, որ ծխախոտի համար նախատեսված գումարները կհասնեն պայմանագրային զինծառայողներին:

Իսկ ահա տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, հայտարարեց. «Սկզբունքորեն կողմ եմ բանակում առողջ ապրելակերպին, սակայն կողմ չեմ հատվածավորված լուծման տարբերակներին: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է ԱԱԾ-ն տոննաներով մեղր ուտի, երբ ավելի նվազ վտանգավոր պայմաններում է գործում, իսկ սահման պաշտպանող զինվորը՝ ոչ: Առաջարկում եմ մեղրը եւս ներառել բանակի զինվորներին տրվող օրապահիկում, իսկ ԱԱԾ-ից այն իսպառ վերացնել»: Ապա «Ժողովուրդ»-ին նա ներկայացրեց պաշտոնական փաստաթուղթ, որտեղ նշված է, որ ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել 1500 լիտր մեղր, որի համար հատկացվելու 4.5 մլն դրամ:

Հ. Գ. Ի պատասխան տնտեսագետի այն առաջարկին, որ մեղրը եւս ներառվի բանակի զինվորներին տրվող օրապահիկում, իսկ ԱԱԾ-ից այն իսպառ վերացվի, ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է, թե որ դեպքում է ԱԱԾ աշխատակցին մեղր տրամադրվում: Ըստ այդմ` համաձայն ՀՀ կառավարության 11.11.1998թ. թիվ 706 և 03.12.2015թ. թիվ 1456-Ն որոշումների՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի այն զինծառայողները, ովքեր ծառայում են ՀՀ հյուսիսային ուղղությամբ և ծովի մակերևույթից 2000մ բարձրության վրա, ապահովվում են բնական մեղրով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս