ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն չի շտապում հրապարակել համամասնական ընտրացուցակի առաջին եռյակի անունը: Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ով է գլխավորելու ցուցակը` կուսակցության նախագահ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Փոխարենը շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել է, թե ովքեր են առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով: Եւ սկզբունքը, որով կազմվել է ռեյտինգային ընտրացուցակը, միանգամայն տեղավորվում է ՀՀԿ-ի` վերջին տարիներին վարած քաղաքականության տրամաբանության մեջ:

Հավանաբար հիշում եք` իշխանություններն ինչպես էին, ջանք ու եռանդ չխնայելով, հասարակությանը համոզում, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի բարեփոխել քաղական համակարգը, ինչն էլ կօգնի խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետ գործելուն:
«Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քաղաքական բարեփոխումների՝ տնտեսական բարեփոխումների արդյունքները միշտ էլ մեզ չեն բավարարելու: Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը: Քաղաքական բարեփոխումները ենթադրում են նախեւառաջ քաղաքական մշակույթ: Քաղաքական բանավեճերի ու երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման նոր եղանակներ, ուժի դիրքերից քաղաքական ընդդիմախոսների հետ խոսելու բացառում, քաղաքական համակարգում նպատակասլաց ու գաղափարներով լի մարդկանց ազատ մուտք, խորհրդարանը երկրի թիվ մեկ ամբիոնի վերածում»,- 2016թ. սեպտեմեբերին ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Իսկ օրեր առաջ` հունվարի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերում էլ Ս. Սարգսյանը խոսել էր իրենց կուսակցությունից պատգամավորի թեկնածուներ առաջադրելու սկզբունքի մասին. «Իշխանության օրենսդիր եւ գործադիր մարմիններում մեր թեկնածուներին առաջադրելիս հաշվի են առնվելու հայրենիքի շենացման գործում յուրաքանչյուրի ունակություններն ու ընդունակությունները եւ ոչ թե հավակնությունները»:
Միայն թե ՀՀԿ ռեյտինգային ցուցակի հիմնական թեկնածուների անունները լուրջ տարակուսանք են հարուցում` որքանո՞վ են առնչվում քաղաքականությանը, նրանց ներկայությունը խորհրդարանում որքանո՞վ կծառայի քաղաքական բարեփոխումներին, եւ, ընդհանրապես, նրանք ի՞նչ անուրանալի ներդրումներ են ունեցել հայրենիքի շենացման գործում:
Օրինակ` Երեւանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվողների մեջ է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նույն ինքը` Քեթրինի Միհրանը, որը մշտապես եղել է սկանդալների կիզակետում: Ամենաաղմկահարույցը պանամական օֆշորային սկանդալն էր, որը բացահայտվեց, եւ Պողոսյանը ստիպված եղավ հրաժեշտ տալ իր պաշտոնին: Հիշեցնենք` նա օֆշորային գոտում ստեղծել էր ընկերություններ, որոնք Հայաստանում զբաղվել են ԴԱՀԿ վարույթում աճուրդի հանված գույքի գնահատմամբ: Մ. Պողոսյանը նաեւ կոռուպցիոն սկանդալների մեջ էր թաթախված. նա ԴԱՀԿ-ի համար պետական բյուջեի միջոցներով ծառայողական ավտոմեքենաներ էր գնել իրեն պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունից, ասել է թե՝ պետական միջոցները նա ծառայեցրել էր իր ընտանիքի բիզնեսի զարգացման գործին: Միհրան Պողոսյանին է պատկանում Հայաստան բանան եւ, ընդհանրապես, մերձարեւադարձային մրգեր ներկրելու մենաշնորհը: Էլ չենք ասում նրա թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքների եւ այլնի մասին: Ահա թե ինչպես է ԴԱՀԿ Միհրանն իր ունակությունները ներդրել հայրենիքի շենացման գործում:
Երեւանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրվողների մեջ է Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը: Ընտրությունների ժամանակ նրա անունը մշտապես ընտրակեղծարարների թոփ հնգյակում է. նրան է վերապահված Արաբկիր համայնքում հօգուտ իշխանությունների ընտրակեղծիքներ անելու գործը: Այս գործարարն իր խորհրդարանական բազմամյա գործունեության ողջ ընթացքում միայն մեկ անգամ է փորձել խոսել` ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ, երբ ցանկանում էր հերքել իրեն ներկայացված մեղադրանքները, այն էլ բարձրախոսը չաշխատեց: Իսկ նրա օրինաստեղծ գործունեության մասին խոսելը, բնականաբար, անիմաստ է: Ու հիմա թե ինչպես պետք է Սասի Արտակը խորհրդարանի ամբիոնը վերածի երկրի թիվ մեկ ամբիոնի, մնում է միայն ենթադրել:
Նման օդիոզ կերպարների ՀՀԿ-ն առաջադրել է նաեւ մյուս բոլոր ընտրատարածքներում. բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան, ՊԵԿ նախկին աշխատակից Սամվել Սանամյան, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյան, պատգամավորներ Աշոտ Արսենյան, Առաքել Մովսիսյան, Նահապետ Գեւորգյան, Բազմասեր Առաքեյան, Մուշեղ Պետոյան, Արկադի Համբարձումյան, Արայիկ Գրիգորյան, Մուրադ Մուրադյան, հեղափոխությունը օրորոցում խեղդել սպառնացող նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, եւ այսպես շարունակ: Հատկապես խորհրդարանական կառավարման պայմաններում թե ինչպես են նրանք խորհրդարանը երկրի թիվ մեկ ամբիոնի վերածելու, մնում է միայն ենթադրել: Մանավանդ, որ իրենց խորհրդարանական ու ոչ խորհրդարանական գործունեության ընթացքում այս մարդիկ այդպես էլ չեն փայլել հայրենիքը շենացնելու գործին իրենց նվիրվածությամբ, այլ ընդամենը իրենց դիրքը ծառայեցրել են սեփական հարստացմանը:
Արդյունքում պետք է արձանագրենք, որ ՀՀԿ-ն, հակառակ բոլոր խոստումների, այսօր կրկին ցանկանում է պատգամավոր դարձնել «ձայն բերող» տղաներին, որոնք աչքի են ընկել ընտրակաշառք բաժանելու եւ ընտրությունները կեղծելու իրենց ունակությամբ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՆԵՂԱՑԱԾ ՉԷ՞
Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նախընտրական դաշինք կազմելու մասին հուշագիր ստորագրեցին: Ու թեեւ այս դաշինքին է միացել նաեւ Ժողովրդական կուսակցությունը, սակայն ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը հուշագիրը ստորագրողների մեջ չէր: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Տիգրան Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ Դուք էլ չստորագրեցիք հուշագիրը:
-Բայց ես ներկա էի:
-Սակայն չստորագրեցիք: Չէ՞ որ Դուք էլ եք ստեղծված դաշինքի մաս կազմում:
-Այո՛, ես էլ եմ դաշինքին միացել: Բայց ստեղծել են իրենք եւ իրենք էլ ստորագրեցին: Ես չգիտեի, որ այսօր (երեկ-խմբ.) հուշագիր պետք է ստորագրեն:
-Այսինքն՝ Ձեզ նախապես չէի՞ն տեղեկացրել հուշագրի ստորագրման մասին:
-Ասել են, բայց ես նեղացած չեմ:

 

 

«ՀԱՆՑԱԳՈՐԾԻ» ՀԵ՞Տ
Երեկ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրելով, նրան բնութագրեց որպես «ռազմական գործիչ, գեներալ, պետական մեծ ավանդ ունեցող մեր հայրենակից»: Միայն թե ոչ վաղ անցյալում նույն Ր. Հովհաննիսյանը պահանջում էր Օհանյանի հրաժարականը. 2015թ. Ազատության հրապարակում «Նոր Հայաստան»-ի հրավիրած հերթական հանրահավաքի ժամանակ նա ասել էր. «Այն մարդը, որ իմ պատկերացմամբ կարող էր դառնալ ՀՀ նախագահ, մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով զինվորներին բաց, ուղղորդված ստի քվեարկության, ու ես պահանջում են Սեյրան Օհանյանի հրաժարականը»: Երեկ ցանկանում էինք Հովհաննիսյանից իմանալ` արդյո՞ք նույն կարծիքին է, թե ոչ, բայց նրա որդին ու եւս մեկ հոգի, որոնք ստանձնել էին թիկնապահների դերը, հրելով լրագրողներին, թույլ չտվեցին, որ Հովհաննիսյանը պատասխանի հարցերին:
 

 

ԵՂԲՈՐ ՇՆՈՐՀԻՎ
Առաջիկա ԱԺ ընտրություններում Տավուշի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու են ոչ միայն ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, գործարար Գրիգոր Ավայանը, նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը, այլ նաեւ Իջեւանի ավագանու անդամ Հասմիկ Ամիրյանը: Մեր տեղեկություններով՝ Ամիրյանը Իջեւանի վարժարանի տնօրենն է, Իջեւանի ռազմական ոստիկանության պետ Սուրիկ Ամիրյանի քույրը: Դեռեւս 2011թ. «Հետք»-ը գրել էր, որ 2011թ. մայիսի 29-ին տեղի ունեցած Իջեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին, երբ դեռ չէր սկսվել թեկնածուների առաջադրումը, Իջեւանի ռազմական ոստիկանության պետ Սուրիկ Ամիրյանը իր մոտ է կանչել ենթականերին ու հրահանգել, որ առաջիկա ընտրություններում իր քրոջը՝ Հասմիկ Ամիրյանին ներկայացնեն ընտրողների ցուցակներ, եւ անգամ զայրացած հարձակվել է իր ենթականերից մեկի վրա, որը «համարձակվել էր» ընդամենը 5 հոգանուց ցուցակ ներկայացնել: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ՀՀԿ-ն, Ամիրյանին առաջադրելով, ոչ թե նպատակ ունի նրան խորհրդարան տանել, այլեւ նրա եւ եղբոր միջոցով ձայներ հավաքել:

 

 

 
ԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել առանց հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավման: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում գտնվող Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը: Նա հայտնել է, որ հակամարտության կարգավորման միակ ճանապարհ է համարում խաղաղ բանակցությունները: «ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած սկզբունքները պետք է պահպանվեն: Մենք անհանգստացած ենք շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներով: Անհրաժեշտ է ուժեղացված աշխատանք դիվանագիտական դաշտում»,- ասել է նախարարը:

 

 

ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում 2017թ.-ի փետրվարի 12-ին մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկմանը: 2017թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ ԵՄ-ն տրամադրել է ավելի քան 7 միլիոն եվրո աջակցություն, որը ԵՄ անդամ Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության ներդրումների հետ կազմում է ընտրական գործընթացի միջազգային ֆինանսավորման 90%-ը: Ֆինանսավորման նպատակն է բարձրացնել Հայաստանի ընտրական գործընթացում թափանցիկությունը, անաչառությունը, ներառականությունը եւ արդյունավետությունը: Ի դեպ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, ով որպես դիտորդ հետեւել է ընտրությունների ընթացքին, երեկ հայտնել է, որ նոր տեխնիկական միջոցները ունեն բազմաթիվ թերություններ, ինչի հետ կապված իրենք պատրաստվում են ահազանգել համապատասխան մարմիններին:

 

 

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ
Գերմանական դատարանն արգելել է «Գերմանացի դեմոկրատների միություն» կուսակցության գործունեությունը, որի հիմնադիրներն են ծագումով թուրք գործարար եւ երկու փաստաբան գերմանական Քյոլն քաղաքից: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը: Հայտնի է, որ կուսակցությունը հիմնվել էր Բունդեսթագի կողմից՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու համար: Կուսակցության հիմնադիրներ Ռեմզի Արուն, Ռամազան Աքբաշը եւ Հիլալ Էրթեմը հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնել է նրա կինը` Անահիտ Թարխանյանը, ով երեկ մասնակցում էր Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման արարողությանը: Թարխանյանը նշել է, որ Անդրիաս Ղուկասյանը մասնակցելու է «Ժառանգություն» կուսակցության ցուցակով:

 

 

ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Մկրտչյանին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:




Լրահոս