Ինչու է Ադրբեջանը քրեական գործեր հարուցում Արցախում գործող արտասահմանյան կազմակերպությունների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ԱԳՆ-ի տրամադրած տվյալների հիման վրա քրեական գործ էր հարուցել Արցախում գործող մի շարք կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում Շվեցարիան, Բուլղարյան, Ուրուգվայը, Արգենտինան, Ռումինիան ներկայացնող ընկերությունների ղեկավարների` իբրև թե նրանց կողմից Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու, ինչպես նաև երկրի օգտակար հանածոները կողոպտելու, խոշոր չափով վնաս պատճառելու, ապօրինի օգուտներ ստանալու և այլ գործոնների համար, որոնք ուղղված են «օկուպացիայի ամրապնդման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը»:

Այս առնչությամբ ArmLur.am ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:

–Պարո′ն Բադալյան, Ձեր կարծիքով ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը` քրեական գործ հարուցելով Արցախում գործող մի շարք օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ:

−Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են մեկ նպատակ. հասնել ԼՂՀ մեկուսացմանը: Նրանք որոշակի գործողություններ իրականացրեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ և դրական արդյունքի հասան, և հիմա նա գտնվում է Ադրբեջանի բանտում: Եւ հիմա այդ ուղղությամբ Ադրբեջանի կողմից գործողությունները շարունակվում են, որպեսզի հասնեն նրան, որ միջազգային ոչ մի կազմակերպություն չփորձի ԼՂՀ մտնել առանց իրենց թույլտվության:

Սա ԼՂՀ-ի ճակատում Ադրբեջանի հարձակման ճյուղերից մեկն է, դա լինում է և ռազմական ուղղությամբ, ինչպես եղավ անցյալ տարի ապրիլի և նրանք կարողացան 800 հեկտար տարածքը գրավել ԼՂՀ տարածքում և ընդհանուր լրատվական քաղաքականությունը և դիվանագիտական ճանապարհով են աշխատում և խստացրին իրենց վերաբերմունքը ԼՂՀ այցելող օտարերկրացիների և միջազգային կառույցների գործունեության նկատմամբ: Սա ընդհանուր քաղաքականությունն է:

−Ձեր կարծիքով նրանք այս անգա՞մ էլ հաջողության կհասնեն, ինչպես հասան բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքում:

−Չեմ կարող ասել, որ ոչ, չի կարող ասել, դա կախված է բազմաթիվ հանգամանքերից: Նրանք գոնե ինչ-որ չափով աշխատանքներ տանում են այդ ուղղությամբ, թե հիմա դրանք հաջողության կհասնեն, թե չեն հասնի ոչ ոք չի կարող պատասխան տալ: ԼՂՀ օտարերկրացիներ գալիս են 88-ից սկսած, և այդքան տարի Ադրբեջանը հաջողության չէր հասնում օտարերկրյա քաղաքացիների՝ ԼՂՀ մուտքն արգելելու համար, բայց 25 տարի անց նրանք կարողացան, օրինակ, Լապշինի նախադեպով հաջողության հասնել:

−Նման գործընթացներից զերծ մնալու համար Հայաստանը ի՞նչ քայլերի պետք է դիմի:

−Դրա մասին թող Հայաստանի իշխանությունները մտածեն. ես խորհուրդ չեմ տալու Հայաստանի իշխանություններին:

Զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս