ՈՎՔԵՐ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀՀԿ-ԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին: Սահմանված ժամկետում ԿԸՀ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել ՀՀԿ, «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ու «Ելք» դաշինքը:

Երեւանի ավագանու ընտրություններին իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցանկի երկրորդ հորիզոնականում է Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, Երեւանի ավագանու անդամ Սմբատ Լպուտյանը, 3-րդ տեղում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, 4-րդում՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Երեւանի ավագանու ցանկում կրկին տեղ է գտել նաեւ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը: Նա զբաղեցնում է ցանկի 8-րդ հորիզոնականը: Նշենք, որ նրա հեղինակած «Երեւան» գիտական հոդվածների ժողովածուում զետեղված է Տարոն Մարգարյանի գործունեությանը նվիրված ավելի քան 10 էջ: ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի ավագանու, նաեւ Հանրային խորհրդի անդամ Աննա Ասատրյանը «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը՝ Երեւանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա» վերնագրված հոդվածում գրում է հետեւյալը. «Տարոն Մարգարյանն իր պաշտոնն ընկալում է ոչ թե որպես վայելք, ինքնահաստատման միջոց, այլ սեփական ժողովրդին, տվյալ դեպքում՝ երեւանցուն ծառայելու հնարավորություն»: Իսկ ահա մեկ այլ էջում նա նշել է. «Մարգարյանի անձնական միջամտությամբ 2013 թվականի ապրիլին ՀՀ ԳԱ ակադեմիայի բակում տեղադրվեցին «Երեւան» մակնիշի նստարաններ, իսկ վերջերս ասֆալտապատվեց ակադեմիայի բակային տարածքը»:
Բացի այս՝ ավագանու անդամների ցանկում տեղ են գտել նաեւ օրեր առաջ սկանդալային պատմության մեջ հայտնված «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցները: Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել էր «ՍԱՍ գրուպ»-ում տեղի ունեցած «ընտրական» ժողովից մի ձայնագրություն: Օրինակ՝ ավագանու անդամների ցանկի 66-րդ տեղն է զբաղեցնում «ՍԱՍ գրուպ»-ի մենեջեր Էդգար Ավետիսյանը, իսկ 164-րդ տեղում՝ ընկերության կադրերի բաժնի պետ Մարինե Տեր-Հովհաննիսյանը:
Երեւանի ավագանու ցանկում տեղ են գտել նաեւ մի շարք համատիրությունների նախագահներ, քաղաքապետարանի, թաղապետարանների աշխատակիցներ, այդ թվում նաեւ թաղապետեր ու փոխքաղաքապետեր: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ավագանու ընտրություններում առաջադրվել են Երեւանի փոխքաղաքապետեր Արամ Սուքիասյանը, Վահե Նիկոյանը, Դավիթ Օհանյանը, Կամո Արեյանը: Ի դեպ, քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը նույնպես տեղավորվել է ցանկում: Նա զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը:
Նաեւ առաջադրվել են վարչական շրջանների ղեկավարները. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Դավթաշենի թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը, Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանը, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը, Նորք-Մարաշի թաղապետ Վաղինակ Մկրտչյանը, Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հանիսյանը, Նուբարաշենի թաղապետ Արթուր Կիրակոսյանը, քաղաքապետի օգնական Արթուր Աղաջանյանը: Առաջադրվածների ցանկում է նաեւ Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի մասնագետ Միքայել Ղիմոյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արեւշատյանը: Ի դեպ, ավագանու ցանկի մեջ տեղ է գտել նաեւ քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը, որն Աժ ընտրություններում առաջադրվել էր թիվ 4 ընտրատարածքում` ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով: Նշենք, որ նա բավականին մեծ ունեցվածք ունի. 10 մլն դրամի ոսկյա զարդեր, Երեւանում երկու բնակարան, մեկ շինություն եւ հողատարածք՝ Կոտայքի մարզում: Իսկ նրա հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 50 հազար դոլար եւ 25 մլն դրամ: Հետաքրքիր է, թե ինչպես է քաղաքապետարանի աշխատակիցը այսքան ունեցվածք կուտակել: Նշենք, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նույնպես ավագանու անդամների ցանկում է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ցանկի 15-րդ հորիզոնականը զբաղեցնում է ՀՊՃՀ նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Նա այժմ «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի ռեկտորն է: Հիշեցնենք, որ նա 2013 թվականի ավագանու ընտրություններին զբաղեցնում էր ցուցակի 3-րդ հորիզոնականը:
Այս անգամ երեւանի ավագանու ՀՀԿ-ի ներկայացրած ցուցակում տեղ են գտել նաեւ «Գազպրոմ Արմենիա» եւ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների աշխատակիցները: Այսպես՝ ցանկի 50-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արարատ Գեւորգյանը: Իսկ ցանկի 157-րդ տեղում է ՀԷՑ կենտրոն ՏՀՏ Արաբկիրի մասնաճյուղի 11-րդ տեղամասի տեսուչ Արթուր Մազմանյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դուստր Զարուհի Բաբուխանյանը, որը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, նույնպես առաջադրված է եւ զբաղեցնում է ավագանու ցուցակի 104-րդ տեղը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության վարչության պետ Հովհաննես Մկրտչյանը նույնպես տեղ է գտել ավագանու ցանկում: Իսկ Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայի տնօրեն Վասպուրակ Մարտիրոսյանը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը:
Նշենք, որ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առեւտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետեւյալ գները. ՆյուՅորքի NYMEX բորսա՝ WTI տեսակի նավթի գինը նվազել է 1.13%-ով եւ կազմել 52.58 դոլար: Լոնդոնի ICE բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.07%-ով եւ կազմել 55.29 դոլար:
Նշենք, որ նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: Նյու Յորքի NYMEX-ն ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882թ. եւ զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առեւտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով՝ NYMEX-ի՝ նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների եւ COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղղություններով:

 

 

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Թուրքիայի տարբեր քաղաքներում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո սկսված հանրահավաքները շարունակվում են: Հատկապես խոշոր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում եւ Էսքիշեհիրում: Ցուցարարները հատկապես իրենց բողոքն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել անհրաժեշտ դրոշմակնիք չունեցող քվեները: Իզմիրում եւ Անթալիայում կազմակերպված ցույցերի ժամանակ մեծ թվով մարդիկ են ձերբակալվել:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»՝ 48,59 տոկոսը:
Գլխավոր ընդդիմադիր, Քեմալական հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվարկվել է «այո»-ի օգտին խախտման արդյունքում:




Լրահոս