Լոռիում հավաքագրումները թույլ են. պատճառը վարորդների հիասթափությո՞ւնն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի մի շարք համայնքների ղեկավարներ շարունակում են թերանալ սեփական եկամուտների հավաքագրման գործում: Այս մասին հայտարարել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը՝ մարզպետի եւ համայնքների ղեկավարների հետ ընթացող արտագնա խորհրդակցությունների ժամանակ:

Պապոյանը ներկայացնելով սեփական եկամուտների հավաքագրման պատկերն ըստ տարածաշրջանների՝ հայտնել է, որ Գուգարքի տարածաշրջանում 4 ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 95,1 տոկոս:

Ընդհանուր ցուցանիշի վրա բացասական ազդեցություն են ունեցել Վանաձորը. կատարողականը պլանի դիմաց կազմել է 92,8 տոկոս, Ֆիոլետովոն՝ 76 տոկոս, Փամբակը՝ 90,1, Վահագնաձորը՝ 78,6, Հալավարը՝ 46,5 եւ Քարաբերդը՝ 59,4 տոկոս: Հողի հարկի գծով մարզում կատարողականը կազմել է ընդամենը 89,8 տոկոս:

Այս ցուցանիշի վրա բացասական ազդեցություն են ունեցել Վանաձորի (78 տոկոս), Շահումյանի (46), Հալավարի (30,4), Քարաբերդի (13,4 տոկոս) թերի հավաքագրումները: Գույքի վարձակալության մասով տարածաշրջանի միջին կատարողականը 90 տոկոս է: Ցածր կատարողական են ապահովել Արջուտ, Դեբեդ, Փամբակ եւ Անտառամուտ համայնքները:

Ի դեպ, վանաձորցիները պնդում են, որ պատճառը վարորդների հիասթափությունն է, ովքեր հրաժարվում են գույքահարկ վճարել. «Ինչի համար պետք է մեքենայի գույքահարկ վճարենք, երբ ողջ քաղաքում չկա մի փողոց, որով հնարավոր կլինի երթեւեկել: Երբ փողոցները կարգի կբերի քաղաքապետարանը, այդ ժամանակ էլ կվճարենք»,- նշում են վանաձորցի վարորդները:

Սպիտակի տարածաշրջանում 4 ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 101 տոկոս: Չնայած սրան՝ Նոր Խաչակապ (47,5 տոկոս), Գոգարան (78,9) եւ Ղուրսալի (74,3 տոկոս) համայնքներում պատկերը գոհացուցիչ չէ: Հողի հարկի գծով մարզում կատարողականը կազմել է 81 տոկոս:

Ընդհանուր ցուցանիշի վրա բացասական ազդեցություն են ունեցել Ջրաշենը (55 տոկոս), Գոգարանը (45), Սարալանջը (40,6 տոկոս), Նոր Խաչակապը (49,9), Լեռնանցքը (53,8 տոկոս): Գույքի վարձակալության մասով տարածաշրջանում 4 ամսվա կտրվածքով պակաս է հավաքագրվել 1 մլն 806 հազար դրամ: Թերի կատարողական են ապահովել Սպիտակը, Մեծ Պարնին, Նոր Խաչակապը, Սարալանջը, Ղուրսալին:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ իր հերթին հանձնարարել է մինչեւ մայիսի վերջ լրացնել բացը. «Հարկերի հավաքագրումը ձեր պարտադիր լիազորությունն է, կարեւոր գործառույթներից մեկը, որը պարտավոր եք պատշաճ իրականացնել,-ասել է մարզպետն ու հավելել,-հաջորդ ամսվա ցուցանիշները ներկայացնելիս էական արդյունք եմ ակնկալում»:

Մարզպետի կողմից հնչեցված նկատողությունը վերաբերել է նաեւ միջհամայնքային ճանապարհների վրա ստեղծված ու ստեղծվող աղակույտերին ու աղբավայրերին: Նալբանդյանը հորդորել է խիստ վերահսկողություն սահմանել ու պահպանել մաքրություն:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս