Հրապարակային տեսարանների պակաս չի լինելու. ինչ սպասել նորընտիր ավագանիից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են ընդամենը երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ելք»-ը եւ նորաթուխ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, արդեն իսկ պարզ էր, որ այդ երեք ուժերն էլ, անկախ ընտրությունների արդյունքներից, ներկայացված են լինելու Երեւանի նորընտիր ավագանիում. մեկը շատ, մյուսը՝ քիչ: Եվ պատահական չէր, որ դեռ քարոզարշավի առաջին օրերին գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանը հայտարարեց, թե նոր ավագանիում «ավելի ուրախ կլինի»:

Արդեն մայիսի 14-ից հետո, երբ ՀՀԿ-ն բարեհաջող կերպով «խփեց» 71 տոկոսից ավել, ակնհայտ դարձավ, որ Տարոն Մարգարյանի ուրախությունը ընդդիմադիր խմբակցությունների անդամներն առանձնապես չեն կարողանա մթագնել, առավելագույնը, թերեւս, կլինի անպակաս սուր քննադատությունն ու ավագանու հաստատմանը ներկայացվող յուրաքանչյուր հարցի նկատմամբ առավել մանրակրկիտ եւ ուշադիր մոտեցումը: Որոշումները, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կկայացնի Տարոն Մարգարյանն իր խմբակցության անդամների հաստատմամբ:

Եվ ուրեմն, ինչ է տալու մայրաքաղաքին նորընտիր ավագանիում թեկուզ եւ շատ ակտիվ, ազնիվ եւ նվիրված ընդդիմադիր անդամների ներկայությունը: Ընդ որում, նրանք էլ բաժանված են երկու անհաշտ ճամբարների. մեկի կողմից հնչում են մյուսին քրեական հետապնդման ենթարկելու կոչեր, որոնք վերադարձվում են ձայնագողության մասին ակնարկներով եւ այլն: Այսինքն՝ արդեն իսկ ակնհայտ է, որ նորընտիր ավագանիում ոչ միայն իշխանություն-ընդդիմություն անհաշտ պայքարի, այլեւ «Ելք»-«Երկիր ծիրանի» հրապարակային տեսարանների պակաս չի լինեու:

Մեծ հաշվով դա, իհարկե, վատ չէ: Խնդիրն այն է, սակայն, որ այդ հրապարակային տեսարանների հետեւում շարունակելու են չլուծված մնալ մահվան գազելների, հուսահատության վերելակների ու նման տասնյակ, հարյուրավոր հիմնախնդիրներ: Առավել եւս, որ եթե «Երկիր ծիրանին», այնուամենայնիվ, մանդատները վերցնի, ապա Երեւանի ավագանին կլինի խորհրդարանական ամբիոնից զրկված Զարուհի Փոստանջյանի համար քաղաքական միակ հարթակը, որը նա կօգտագործի ամբողջ ծավալով:

Արդյունքում՝ երկրի հիմնական քաղաքական թատերաբեմին՝ Ազգային ժողովին զուգահեռ՝ կարող է ակտիվանալ նաեւ մայրաքաղաքային խորհրդարանական թատերաբեմը, ինչը, անշուշտ, միանգամայն ձեռնտու կլինի գործող իշխանությանը: Ռեյտինգային ընտրակարգով պառլամենտ գործուղված ապաքաղաքական դեմքերի օրենսդիր գործունեության գաղջությունը գուցե թե ժամանակ առ ժամանակ հնարավոր լինի քողարկել Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամների վառ քաղաքական գործունեությամբ, ինչից, բնականաբար, գոհ կլինեն բոլորը:

 




Լրահոս