Ինչո՞ւ Հայաստանը ոգևորվեց համանախագահների հայտարարությունից` հաշվի չառնելով ռիսկերը. ժամանակը չէ՞ անցնել Ադրբեջանի նկատմամբ շատ կոնկրետ սանկցիաների կիրառմանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ընտրական ցիկլի ավարտից հետո սրվելու էր Ղարաբաղի հարցը, սպասելի էր: Եթե նախկինում այս հակամարտությունը կարգավորելու հարցում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ առանձնապես Միացյալ Նահանգները մեծ շահագրգռություն չունեին, ապա ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները մեծացնում են Հարավային Կովկասում այս ցավոտ թնջուկի՝ առնվազն վնասազերծման անհրաժեշտությունը: Ուստի եւ պատահական չէ, որ վերջին սրացումներին ի պատասխան՝ հետեւեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ հասցեական գնահատականները. մի բան, որ դժվար է հիշել, թե երբ էր վերջին անգամ եղել:

Համանախագահներն այդպիսով, ըստ էության, փորձեցին հասկացնել, որ դիվանագիտական գործընթացից եւ համաձայնեցված խաղի կանոններից ադրբեջանական կողմի պարբերական շեղումներն այլեւս անընդունելի են: Թե ինչպիսի արդյունք կունենա այդ զգուշացումը, պարզ կդառնա առաջիկայում: Իսկ մինչ այդ նկատենք, որ Հայաստանում այդ հայտարարությունները բավականին մեծ ոգեւորություն առաջացրին:

Դրանք ողջունող քաղաքագետներն ու փորձագետները, սակայն, հաշվի չեն առնում միջնորդների կողմից տարբերակված մոտեցումների կիրառման ռիսկերը:
Բանն այն է, որ մշտապես հրապարակավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելով՝ միջնորդները դիվանագիտական խողովակներով իրենց իրական գնահատականները փոխանցում էին կողմերին՝ այդպիսով ֆորմալ կերպով պահպանելով միջնորդական առաքելության համար պարտադիր՝ անկողմնակալության պայմանը: Մինչդեռ եթե հիմա տարբերակված մոտեցումները շարունակվեն, դա կարող է լավ առիթ հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանը պահանջի փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը՝ վերջինիս մեղադրելով կողմնակալության մեջ:

Սա Ադրբեջանի համար հրաշալի նվեր կլինի, քանի որ այս երկիրը, ինչպես հայտնի է, դեռ վաղուց էր ցանկանում հասնել Մինսկի խմբի համանախագահների փոփոխությանը կամ, առհասարակ, հակամարտության կարգավորումը տեղափոխել այլ հարթակ, օրինակ՝ Միացյալ ազգերի կազմակերպություն:

Թերեւս ավելորդ է ասելը, թե դա որքան անցանկալի սցենար կլինի ՀՀ-ի համար: Ուստի հայկական դիվանագիտությունն այս փուլում պետք է հասնի նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց այս հասցեական կոչից անցնեն հասցեական քայլերի, այդ թվում եւ Ադրբեջանի նկատմամբ շատ կոնկրետ սանկցիաների կիրառմանը, ինչից վերջինս գուցե թե որոշակիորեն զսպվի եւ չհամարձակվի բարձրաձայնել Մինսկի խմբի փոփոխության մասին:

Հակառակ դեպքում Ադրբեջանը կարճ առաջիկայում կարող է այն աստիճան լկտիանալ, որ իսլամական երկրների կոալիցիայի հետ համատեղ լրջորեն օրակարգ մտցնի հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի հարթակ տեղափոխելու հարցը: Ի վերջո, երբ կես տարի առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վետո է դնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության վրա, շատերը չէին հավատում, որ դա նրան կթույլատրվի:




Լրահոս