ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հանդիպում ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի հետ: Հանդիպման մանրամասները գաղտնի են պահվում: Նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ իրադարձության մասին մեկ նախադասություն է, որտեղ, սակայն, բառ անգամ չկա քննարկված թեմաների մասին: Նման գաղտնապահությունը հազիվ թե պատահական լինի: Ենթադրվում է՝ հանդիպումը կապված է Ղարաբաղյան խնդրում զարգացումների հետ: Ի վերջո, հիշում եք՝ մի կողմից միջազգային հանրությունն ակտիվացրել է այս հարցում լուծման հասնելու ջանքերը, բացի այդ՝ վերջերս հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները, եւ բանը հասավ նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այդ ամենի համար հասցեական քննադատեցին Ադրբեջանին: Այս ամենին զուգահեռ՝ վերջին օրերին շատացել են զինված ուժերում մահվան ելքով միջադեպերը: Այնպես որ, ենթադրվում է՝ Սերժ Սարգսյանը ՊՆ-ում հենց այս թեմաներով է խոսել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԶՈՒ վերջին միջադեպերի պատճառով երեկվա հանդիպումից հետո եղել են նաեւ պաշտոնանկություններ. աշխատանքից ազատվել է ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ընդ որում, մեր աղբյուրները նրա պաշտոնանկությունը կապում են հենց ԶՈՒ վերջին միջադեպերի հետ, այդ թվում եւ ջրահեղձ եղած զինվորների դեպքի: Իսկ ՌՈ պաշտոնում նշանակվել է Արթուր Բաղդասարյանը, որ մինչ այդ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Հրաչյա Հարությունյանի տեղակալն էր:

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն արդեն մի քանի օր է՝ թափուր է. նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը դարձել է ՀՀ ԱԺ փոխնախագահ: Իսկ հիմա նախարարի հավանական թեկնածուների թվում շրջանառվում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հարությունյանը, խոսելով իր նշանակման հավանականության մասին, ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է այդ լուրերը: «Երբ նման որոշում լինի, այդ ժամանակ դրա մասին նոր կարող եմ խոսել»,- ասել է նա: Հարցին՝ իսկ Դուք նման ցանկություն ունե՞ք, Հարությունյանը պատասխանել է. «Ես քաղաքական թիմի անդամ եմ, չեմ հասկանում հարցը… Նոր ժամանակները նոր խնդիրներ են դնում: Ցանկությունն ու առաջարկը տարբեր են: Ես ցանկություն ունեմ ծառայելու երկրին»: Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարն է եղել 1998-2007 թվականներին:

 

 

 
Չնայած ՀՀԿ ցուցակում ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը չդարձավ պատգամավոր, սակայն խորհրդարանում նրա աշխատասենյակի պատից չեն հեռացրել համապատասխան ցուցատախտակը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ-ում չեն շտապում այս հարցում որեւէ քայլ անել, քանի որ հավանական է՝ Կարապետյանը կրկին վերադառնա խորհրդարան: Բայց նա պատգամավոր կարող է դառնալ կանանց համար նախատեսված քվոտայով, այն բանից հետո, երբ ՀՀԿ կին պատգամավորներից որեւէ մեկն այլ պաշտոնի նշանակվի՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից: Առայժմ, սակայն, դեռ որոշում կայացված չէ, թե պատգամավորներից ով է վայր դնելու մանդատը եւ տեղափոխվելու գործադիր: Մինչ այդ, երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ անձամբ Նաիրա Կարապետյանից, սակայն նա սկզբում պատճառաբանեց, թե զբաղված է, հետո կխոսի, իսկ ավելի ուշ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 

 
Գյուղատնտեսության ոլորտում հետաքրքիր վիճակ է ստեղծվել. իշխանությունները «Սպայկա» ընկերությանը դարձրել են գյուղացիների բողոքներից իրենց ապահովագրելու միջոց: Ամեն անգամ, երբ գյուղացիները բողոքում են իրենց գյուղմթերքի իրացման թեմայով, կառավարությունը խոստանում է հանձնարարել «Սպայկա» ընկերությանը՝ լուծել խնդիրը: Օրերս բողոքի հերթական ակցիայից հետո Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում էր ասել, թե «Սպայկա»-ն համագործակցում է գյուղացիների հետ վարունգի իրացման հարցում: Բայց «Սպայկա»-ից տեղեկացանք, որ մարզպետի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, եւ որ իրենք միջադեպից հետո անմիջապես կապ են հաստատել գյուղապետերի հետ, բայց ոչ թե խոստացել են մթերել ապրանքը, այլ որ առաջարկների դեպքում մարդիկ կարող են դիմել իրենց: Միաժամանակ, «Սպայկա»-ից տեղեկացրել են, որ գյուղացիների առաջարկած վարունգը չեն կարող մթերել, քանի որ դրանք շուտ են փչանում, եւ հնարավոր չէ երեք-չորս օրվա ընթացքում արտահանել: Ու ստացվում է, որ էլի գյուղացին մնաց միայնակ, իսկ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը պարզապես ձեւացնում է, թե աշխատում է:

 

 

 
ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
Այն, որ ընտրական ցիկլի ավարտից հետո սրվելու էր Ղարաբաղի հարցը, սպասելի էր: Եթե նախկինում այս հակամարտությունը կարգավորելու հարցում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ առանձնապես Միացյալ Նահանգները մեծ շահագրգռություն չունեին, ապա ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները մեծացնում են Հարավային Կովկասում այս ցավոտ թնջուկի՝ առնվազն վնասազերծման անհրաժեշտությունը: Ուստի եւ պատահական չէ, որ վերջին սրացումներին ի պատասխան՝ հետեւեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ հասցեական գնահատականները. մի բան, որ դժվար է հիշել, թե երբ էր վերջին անգամ եղել: Համանախագահներն այդպիսով, ըստ էության, փորձեցին հասկացնել, որ դիվանագիտական գործընթացից եւ համաձայնեցված խաղի կանոններից ադրբեջանական կողմի պարբերական շեղումներն այլեւս անընդունելի են: Թե ինչպիսի արդյունք կունենա այդ զգուշացումը, պարզ կդառնա առաջիկայում: Իսկ մինչ այդ նկատենք, որ Հայաստանում այդ հայտարարությունները բավականին մեծ ոգեւորություն առաջացրին: Դրանք ողջունող քաղաքագետներն ու փորձագետները, սակայն, հաշվի չեն առնում միջնորդների կողմից տարբերակված մոտեցումների կիրառման ռիսկերը:
Բանն այն է, որ մշտապես հրապարակավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելով՝ միջնորդները դիվանագիտական խողովակներով իրենց իրական գնահատականները փոխանցում էին կողմերին՝ այդպիսով ֆորմալ կերպով պահպանելով միջնորդական առաքելության համար պարտադիր՝ անկողմնակալության պայմանը: Մինչդեռ եթե հիմա տարբերակված մոտեցումները շարունակվեն, դա կարող է լավ առիթ հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանը պահանջի փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը՝ վերջինիս մեղադրելով կողմնակալության մեջ: Սա Ադրբեջանի համար հրաշալի նվեր կլինի, քանի որ այս երկիրը, ինչպես հայտնի է, դեռ վաղուց էր ցանկանում հասնել Մինսկի խմբի համանախագահների փոփոխությանը կամ, առհասարակ, հակամարտության կարգավորումը տեղափոխել այլ հարթակ, օրինակ՝ Միացյալ ազգերի կազմակերպություն:
Թերեւս ավելորդ է ասելը, թե դա որքան անցանկալի սցենար կլինի ՀՀ-ի համար: Ուստի հայկական դիվանագիտությունն այս փուլում պետք է հասնի նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց այս հասցեական կոչից անցնեն հասցեական քայլերի, այդ թվում եւ Ադրբեջանի նկատմամբ շատ կոնկրետ սանկցիաների կիրառմանը, ինչից վերջինս գուցե թե որոշակիորեն զսպվի եւ չհամարձակվի բարձրաձայնել Մինսկի խմբի փոփոխության մասին: Հակառակ դեպքում Ադրբեջանը կարճ առաջիկայում կարող է այն աստիճան լկտիանալ, որ իսլամական երկրների կոալիցիայի հետ համատեղ լրջորեն օրակարգ մտցնի հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի հարթակ տեղափոխելու հարցը: Ի վերջո, երբ կես տարի առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վետո է դնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության վրա, շատերը չէին հավատում, որ դա նրան կթույլատրվի:




Լրահոս