Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրն արդիական է նաև Լոռու մարզում. ինչ պատկեր է այնտեղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը Հայաստանում շարունակում է մնալ արդիական: Լոռու մարզում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 21890 մարդ: Պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում 2016թ-ի ընթացքում ժամանակավոր կամ հիմնական աշխատանքով է ապահովվել 103 հաշմանդամություն ունեցող անձ, որն ինչպես երևում է, չնչին մասն է միայն:
Այս խնդիրը վերացնելու ուղղությամբ պետությունը խրախուսում է այն տնտեսվարողներին, ովքեր աշխատանքով են ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց: Սակայն ոչ բոլոր գործատուներն են դիմում այս քայլին: Հիմնականում նրանք խուսափում են աշխատանքի վերցնել այն անձանց, ովքեր ունեն սահմանափակ հնարավորություններ:

Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի խոսքով՝ պետությունը անհրաժեշտության դեպքում գործատուին տրամադրում է ֆինանսական միջոցներ՝ մինչև 500 հազար դրամ գումար՝ աշխատատեղը որպեսզի հարմարացնի հաշմանդամություն ունեցող անձանց:
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանի խոսքով՝ քիչ չեն դեպքերը, երբ գործատուները պարզապես հրաժարվում են աշխատանքի վերցնել հաշմանդամություն ունեցող անձանց՝ տարատեսակ պատճառաբանություններ բերելով:

Մինչև ԽՍՀՄ փլուզումը Վանաձորում գործում էր Հայաստանի կույրերի միավորումը, որտեղ աշխատում էին տեսողության խնդիրներ ունեցող ավելի քան 250 մարդ: Ներկայումս գործարանը չի աշխատում:
Չնայած նրան, որ աշխատանքի ընդունման համար ստեղծված են ոչ հավասար պայմաններ և հնարավորություններ, հաշմանդամություն ունեցող անձինք չեն հուսալքվում և փորձում են առաջ շարժվել՝ անկախ ամեն ինչից:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս