Տավուշի սահմանամերձ գյուղերում անելանելի վիճակ է. կառավարությունը խոստումը չի կատարում` վտանգելով մարդկանց կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան շատ են մեզանում խոսում սահմանամերձ շրջաններում բնակվողներին արտոնություններ տալու մասին, այնքան ավելի անպաշտպան են դառնում կրակահերթերի տակ գիշերող մեր հայրենակիցները: «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան եւ Բաղանիս գյուղերը ամռան այս տապին խմելու ջուր չունեն:

Հեռավոր Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ 40 աստիճան շոգի պայմաններում բարեկամավանցիները շաբաթը մեկ անգամ կարճ ժամանակով են խմելու ջուր ստանում: Ու սա այն դեպքում, երբ 3 տարի առաջ Բարեկամավանում խմելու ջրագծի ծրագիր իրականացվեց: Փոքր, փաստացի շուրջ 400 բնակիչ ունեցող գյուղը սնուցող խմելու ջրագիծ կառուցվեց, որը սնվում է գյուղի տարածքում փորված խորքային հորերից: Սակայն այդ հորերում քիչ ջուր կա, եւ հիմա մարդիկ էլի ջուր չունեն:

Տեղեկացնենք, որ Բարեկամավանում խմելու ջրագիծ կառուցած կազմակերպությունը սահմանամերձ, արտագաղթից դատարկված բնակավայրի շատ առանձնատների բակում խմելու ջրի ծորակներ է տեղադրել, սակայն դա ավելորդ ծախս էր, քանի որ այդ տներում տասնամյակներ շարունակ բնակվող չկա: Սահմանամերձ Բաղանիսում խմելու ջրի հարցը լուծելու համար ֆինանսական մեծ ներդրումներ են արվել, սակայն արդյունքը, մեղմ ասած, վատ է:

Ինչպե՞ս է իրավիճակը մեկնաբանում Բարեկամավանի վարչական շրջանի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չթաքցրեց, որ համայնքում շաբաթը մեկ անգամ են ջուր ստանում, սակայն դրա պատճառը համարեց բնակիչների ոչ ճիշտ օգտագործումը: «Շաբաթը մեկ անգամ ամեն թաղամասին ջուր ենք տալիս, դա կապված է ջրաչափերի հետ, որ չկա տեղադրված, եւ մարդիկ անխնա բացում են ոռոգման ջրի տեղ: Կարգավորելը շատ դժվար է, եւ միայն ջրաչափ տեղադրելը կօգնի», – նշեց նա:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 26-ին վարչապետ (այժմ՝ նախկին) Հովիկ Աբրահամյանն այցելեց Բաղանիս: Նրան դիմավորեցին միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող Բաղանիսի խմելու ջրամբարի մոտ, աղուհացով:

Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներին: ՀՀ կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ի կողմից Բաղանիսի խմելու ջրի 16 կիլոմետր երկարությամբ համակարգի վերակառուցման նպատակով հատկացվել էր 263 մլն դրամ: Կառուցվել էին 200 եւ 50 տոննա տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբարներ, 16 կմ երկարությամբ ջրագիծ, ջրահավաք ավազանը նորոգվել էր, տեղադրվել ջրաչափեր: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն այդ ժամանակ Հովիկ Աբրահամյանին հայտնեց, որ ծրագրի արդյունքում Բաղանիսը շուրջօրյա ջրամատակարարում կունենա: Սակայն հիմա փաստն այն է, որ Բաղանիսի բնակիչները խմելու ջուր են ստանում 4 օրը մեկ:

Ինչո՞ւ տված խոստումն իրականություն չդարձավ: «Ժողովուրդ»-ը փորձեց Բաղանիսի վարչական շրջանի ղեկավար Նարեկ Սահակյանից ճշտել, թե ինչու հնարավոր չի լինում ապահովել ջրամատակարարում: «Շաբաթը մեկ անգամ չէ, երեք օրը մեկ անգամ է լինում: Ճանապարհի գլուխը ջուր չի հասնում: Առաջիկա 15-20 օրվա մեջ հարցը կկարգավորվի: Գյուղն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջուրն էլ անբարեխիղճ օգտագործողներ էլ կան»:

Բաղանիս համայնքի բնակիչ, լրագրող Աննա Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղի կենտրոնական փողոցից վերեւ բնակվող տասնյակ ընտանիքներ ընդհանրապես չեն կարողանում օգտվել չորս օրը մեկ տրվող խմելու ջրից:

Ամռան շոգին խմելու ջրից զրկված այդ ընտանիքները մտադիր են բողոքել կառավարություն, որ սահմանամերձ գյուղում խմելու ջրի հիմնահարցը լուծելու համար մեծ փողեր են ծախսվել, սակայն ծրագրի արդյունք չկա: Եւ փաստն այն է, որ կյանքը վտանգելով՝ սահմանամերձ համայնքում ապրող մեր հայրենակիցները անապատային կենցաղ ունեն: Ահա թե ինչպես են մեր երկրում մարզային համաչափ զարգացում ապահովում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս