2013-ը կկրկնվի՞. Սերժ Սարգսյանը ԵՄ գագաթնաժողովից առաջ կմեկնի Ռուսաստան. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրելու շուրջ ինտրիգը շարունակում է պահպանվել. չնայած ե՛ւ ԵՄ, ե՛ւ ՀՀ պաշտոնյաները հայտարարել են, թե որեւէ խոչընդոտ չկա նոյեմբերի 24-ին կայանալիք Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում փաստաթուղթը ստորագրելու հարցում: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով մեկնել ՌԴ՝ մասնակցելու Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը: Այսինքն՝ մինչեւ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովը, նա լինելու է Մոսկվայում, ենթադրվում է՝ ճշտելու նաեւ որոշ հարցեր: Ու քանի որ նախկինի դառը փորձը կա, երբ հինգ տարի շարունակ եվրոասոցացման ուղին բռնած Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հանկարծակի հայտարարեց ԵԱՏՄ իրավախորհրդին՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին, չի բացառվում նույնի կրկնությունը: Երեկ այդ առումով որոշակի անհանգստություն կար, հատկապես ԵՄ-ՀՀ համաձայնագրի կողմնակիցների մոտ:

Չնայած, նկատենք, օրերս ՀՀԿ քաղաքական դպրոցում ավելի վաղ՝ այս տարվա օգոստոսին, «Բազե» երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել էր, թե ՀՀ-ն 2013թ. այդ փաստաթուղթը չի ստորագրել ԵՄ-ի պատճառով. «Մենք բանակցում էինք ե՛ւ Եվրասիական տնտեսական միության հետ, ե՛ւ Եվրամիության հետ, որովհետեւ ի սկզբանե երկու կողմերն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»: Այսինքն՝ մինչեւ վերջերս տարածված էր տեսակետը, թե Հայաստանին Ռուսաստանն է արգելել նախաստորագրել Եվրոասոցացման համաձայնագիրը:

Առավել եւս, երբ եվրոպացի պաշտոնյաներն էլ իրենց հայտարարություններում բացահայտ հայտարարում էին այդ մասին՝ ՌԴ-ին մեղադրելով ՀՀ-ին շանտաժի ենթարկելու մեջ. ժամանակին այդ մասին հայտարարել էին ԵՄ գրեթե բոլոր պաշտոնյաները: Միաժամանակ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ համոզում էին, թե Հայաստանը չի կարող միաժամանակ ՀԱՊԿ-ում լինել ռազմաքաղաքական մի դաշինքի անդամ, մյուս կողմից՝ անդամակցել տնտեսական այլ միավորման՝ տվյալ դեպքում նախաստորագրելով ԵՄ-ի հետ ազատ, համապարփակ առեւտրի համաձայնագիրը:

Ու հիմա պարզվում է բոլորովին հակառակը. ԵՄ-ն ինքն է Հայաստանի առաջ կամ-կամ պայմանը դրել: Գոնե այդպես է հայտարարել Սերժ Սարգսյանը եւ հայտարարել ոչ մեկ անգամ: Հետաքրքրականն այն է, որ ԵՄ-ից այդպես էլ որեւէ հերքում չի եղել եւ ոչ էլ արդարանալու փորձ: Տեսնես ինչո՞ւ:




Լրահոս