Այն, ինչ չի կարողանում Թրամփը, հաջողեցնում է Սերժ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը ԱՄՆ-ի 2 նահանգներում՝ Վիրջինիայում ու Նյու Ջերսիում, կայացան նահանագապետերի ընտրություններ, որոնք, ըստ էության, ազդարարեցին ամերիկյան հասարակության վերականգնողական փուլի մեկնարկը: Երկու նահանգներում էլ նահանագապետեր ընտրվեցին ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Այս ընտրություններով պարզ դարձավ, որ նախագահ Թրամփի քաղաքականությունը աստիճանաբար մերժելի է դառնում ամերիկացիների համար՝ ազդելով կոնկրետ ընտրական գործընթացների վրա:

Վիջինիայում եւ Նյու Ջերսիում անցկացված ընտրությունները 2016թ. նոյեմբերից հետո առաջին նահանգային ընտրություններն էին: Վերջիններս իրենց էությամբ նախագահական ընտրությունների ավելի փոքր մասշտաբով տարբերակն են համարվում, որտեղ կրկին հիմնական թեկնածուները ներկայացնում են ԱՄՆ հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունները: Հատկանշական է, որ երկու նահանգներում էլ գործող նահանգապետերը կաշկանդված էին գործող օրենքով: Վիրջինիայի սահմանադրությամբ՝ նահանգապետը մեկ ժամկետից ավելի պաշտոնավարելու իրավունք չունի:

Այստեղ գործող նահանգապետ Թերրի ՄաքՕուլիֆը ներկայացնում էր Դեմոկրատական կուսակցությունը: Նրա տեղակալ Ռալֆ Նորթեմը վայելում էր ինչպես գործող նահանգապետի, այնպես էլ ամբողջ կուսակցության աջակցությունը: Նրա նախընտրական հանդիպումը զարդարել էր իր ներկայությամբ նաեւ 44-րդ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Էդ Ջիլեսփին, որը հանրապետականների թեկնածուն էր, բավականին հայտնի անձնավորություն էր ամերիկյան քաղաքական դաշտում: Նա 43-րդ նախագահ Ջորջ Բուշի խորհրդականն էր, կուսակցության ազգային հանձնաժողովի նախագահը, 2012թ. Օբամայի մրցակից Միթթ Ռոմնիի նախընտրական շտաբի կարկառուն դերակատարներից մեկը: 2014թ. նույն ընտրություններում նա չնչին տարբերությամբ էր պարտվել եւ հայտարարել, որ 2017թ. անպայման կրկին հավակնելու է նահանգապետի պաշտոնին: Նա հրապարակայնորեն փորձում էր իրեն հեռու պահել Թրամփից՝ ստանալով հանդերձ վերջինիս նախագահական սատարումը:

Նա նախընտրել էր իր քարոզարշավին մասնակից դարձնել փոխնախագահ Փենսին՝ ցույց տալու համար նախագահի քաղաքականության հանդեպ իր ոչ միանշանակ վերաբերմունքը: Հատկանշական է, որ իր դեմոկրատ մրցակիցը մեղադրում էր դաշնային կառավարության հանդեպ չափից դուրս քննադատաբար մոտենալու համար՝ նկատելով, որ Վիրջինիայի տնտեսական զարգացումը էապես կախված էր դաշնային իշխանությունների հետ ջերմ հարաբերություններից: Այդ ամենը, սակայն, չփրկեց Ջիլեսփին՝ ցուցադրելով վիրջինիացիների հստակ աջակցությունը դեմոկրատական կուսակցությանը:

Նյու Ջերսիում գործող նահանգապետը Քրիս Քրիսթին էր՝ նախագահական ընտրություններում թեկնածուի կարգավիճակի համար պայքարող գործիչը, որը իր պարտությունը կանխազգալով՝ կանգնել էր Թրամփի կողքին: Քրիսթին առաջին հայտնի հանրապետականն էր, որը այն ժամանակ հանդգնեց սատարել Թրամփին՝ ի հեճուկս կուսակցության իրական «բոսերի» դժկամությանը: Այդ քայլով Քրիսթին, թվում է, հույս ուներ դառնալ ԱՄՆ գլխավոր դատախազ, սակայն Թրամփը հուսախաբ արեց իր քաղաքական թիմի ծանր հրետանուն՝ նրան գործնական որեւէ պաշտոն այդպես էլ չտալով եւ մի քանի անգամ հրապարակավ նվաստացնելով: Քրիսթին նաեւ իրավունք չուներ մասնակցելու նահանգապետի ընտրություններին՝ երկու հաջորդական ժամկետով այդ պաշտոնում ընտրված լինելու համար: Նա, ի դեպ, 2013թ. նահանգապետ էր դարձել 60 եւ ավելի տոկոս ձայնով, ինչը նահանգի հանրապետականացվածության ցուցիչն էր:

WASHINGTON, DC – OCTOBER 16: U.S. President Barack Obama speaks to the media about the fight against the Ebola virus during a meeting with his Ebola Response Team in the Oval Office at the White House October 16, 2014 in Washington, DC. The president canceled two days of campaign trips to meet with officials regarding the Ebola outbreak. (Photo by Kevin Dietsch-Pool/Getty Images)

Նրա փոխարեն նահանգապետի պաշտոնի համար պայքարում էր փոխնահանգապետ Քիմ Գվադանյոն: Վերջինս 13 տոկոս տարբերությամբ պարտվեց դեմոկրատական կուսակցության թեկնածու, Հոլդման Սաքսի ղեկավար ու Գերմանիայում Օբամայի նշանակած ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Մըրֆիին: Օբաման այստեղ նույնպես հանդես էր եկել քարոզարշավի ակտիվ մասնակցի դերում, ինչն էլ նվազ նշանակություն չունեցավ արձանագրված արդյունքի վրա: Հանուն արդարության հարկ է նկատել, որ երկու նահանգներն էլ 2016թ. ընտրությունների ժամանակ նախապատվությունը տվել էին Քլինթոնին՝ մերժելով Թրամփին: Դրանով հանդերձ, հաշվի առնելով նահանգապետի նախորդ ընտրությունների փորձը, կարելի է պնդել, որ սա առաջին ուղղակի հարվածն էր հանրապետական կուսակցությանը: Վերջինս զրկվեց առնվազն մեկ նահանգային իշխանությունից՝ որպես հետեւանք Թրամփի քաղաքականության հանդեպ լոյալ վերաբերմունքի:

Այդուհանդերձ, այս ընտրություններով ԱՄՆ-ն դրսեւորվեց նաեւ իբրեւ յուրօրինակ ժողովրդավարություն, երբ նախագահը, բնույթով հակաժողովրդավար լինելով եւ ավտորիտար հակումներ ունենալով հանդերձ, պարզապես անկարող է միջամտել տեղական ընտրություններին: Երկու դեպքում էլ հաղթանակ են տարել նախագահի ամենախիստ քննադատները: Հայաստանում նման իրավիճակ վաղուց այլեւս հնարավոր չէ, երբ հանրապետության նախագահին ընդդիմադիր գործիչները ընտրեն ինչ-որ քաղաքի ղեկավար:

Ն. Հովսեփյան




Լրահոս