Պապիլոմա վիրուսի դեմ արդեն պատվաստվել է 264 աղջիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումը, որը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից:

Արգանդի պարանոցի քաղցկեղը միակ կանխարգելվող քաղցկեղն է: Այն համալիր գործընթաց է եւ իր մեջ ներառում է զուգահեռ ընթացող, իրար ամբողջացնող բաղադրիչներ` ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացում (առաջնային կանխարգելում), արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների եւ քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային հետազոտությունների իրականացում (երկրորդային կանխարգելում):

Հայաստանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ներդրման ընթացքում ի հայտ եկան խոչընդոտներ: Մասնավորապես որոշ ոչ մասնագետների կողմից տարբեր սարսափելի տեսանյութերի, ասեկոսեների եւ ապատեղակատվության տարածման արդյունքում հակապատվաստումային քարոզը լուրջ ակտիվություն դրսեւորեց եւ հանգեցրեց բնակչության շրջանում անվստահության մթնոլորտի ձեւավորմանը: Բայց նույնիսկ այս անվստահության եւ վախի մթնոլորտի պարագայում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների մեկնարկից մինչ օրս հանրապետությունում արդեն իսկ պատվաստվել է 264 աղջիկ, որոնց մոտ հետպատվաստումային ոչ մի երեւույթ չի դիտվել:

ՄՊՎ-ի դեմ պատվաստումների շուրջ բարձրացած աղմուկը հիշեցնում է 2007 թվականին կարմրուկի, կարմրախտի դեմ լրացուցիչ պատվաստումների կամպանիայի (արշավի) ընթացքում առաջացած իրավիճակը: Այն ժամանակ էլ որոշ ոչ մասնագետներ, այդ թվում նույնիսկ հայտնի բժիշկներից ոմանք, դեմ էին կարմրուկ-կարմրախտի դեմ լրացուցիչ պատվաստումներին, պայքարում էին եւ ապատեղեկատվություն տարածում:

Այսօր մեր երկրում ակնհայտ է այդ պատվաստումների արդյունքը: Նույնիսկ բնակչության շարժի այս պայմաններում հանրապետությունում չեն արձանագրվում կարմրուկի եւ կարմրախտի տեղական դեպքեր, այն դեպքում, երբ Եվրոպայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում կարմրուկի բռնկումները եւ մահվան դեպքերը սովորական են դարձել:




Լրահոս