Խորհրդի կարոտ իշխանությունները. վերջին օրերի տարօրինակ նշանակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի վերջին օրերի նշանակումները խիստ տարօրինակ էին: Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին նշանակեց իր խորհրդական: Միաժամանակ Կարեն Կարապետյանը նախօրեին իր խորհրդական է նշանակել Արամ Մխոյանին: Առաջին հայացքից միգուցե որեւէ արտառոց բան չկա, բայց իրականում այս նշանակումները տարօրինակ էին այնքանով, որ ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Կարեն Կարապետյանին պաշտոնավարման համար մնացել է մոտ մեկ ամիս: Ուստի այդ կարճ ընթացքում խորհրդական ընտրելը, այդ նպատակով պետական միջոցներից ռեսուրսներ ծախսելը, համաձայնեք, խիստ տարօրինակ է: Ու տպավորություն է, թե Սարգսյանն ու Կարապետյանը, որ առանց այն էլ խորհրդականների հսկա բանակ ունեն, այսօր անելանելի դրության մեջ են եւ հրատապ նոր խորհրդականների նոր խորհուրդների կարիք ունեն, ուստի չխնայելով պետական միջոցները` որոշել են իրենց շրջապատել նման թանկագին անձանցով:

Սկսենք հերթով. Հասմիկ Պողոսյանը բավական երկար զբաղեցրեց մշակույթի նախարարի պաշտոնը` չնայած այն բողոքներին ու դժգոհություններին, որ կային նախարարի եւ իր ղեկավարած գերատեսչության շուրջ: Ուղիղ 10 տարի նա ղեկավարում էր մշակույթի նախարարությունը եւ միայն 2017 թվականին հրաժեշտ տվեց պաշտոնին, եւ նրա փոխարեն նշանակվեց Արմեն Ամիրյանը:

Եվ այժմ` չանցած մեկ տարի, Սերժ Սարգսյանն իր սիրելի կադրին նորից պաշտոն է տալիս: Իհարկե, այս դեպքում հարց է ծագում` այդ ի՞նչ խորհուրդներ է Հասմիկ Պողոսյանը տալու նրան: Այդ ի՞նչ բարեփոխումներ էր նա իրականացրել իր ոլորտում, ե՞րբ էր նրա օրոք մշակույթը վերելք ապրել, որ այժմ էլ նախագահական ինստիտուտում փորձի մի բան անել: Նաեւ հարց է ծագում` ինչո՞ւ նշանակումն արվեց այժմ` փետրվար ամսին, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է մեկ ամիս ժամանակ: Եվ սա այն դեպքում, երբ արդեն իսկ հայտարարվել է` նախագահի աշխատակազմում լուրջ կրճատումներ են լինելու. սպասվում է, որ այստեղ 159 հաստիք կրճատվելու է, քանի որ նոր Սահմանադրությամբ նախագահին քիչ լիազորություններ են վերապահված, հետեւաբար կարիք չկա մեծ աշխատակազմի: Գուցե Սերժ Սարգսյանը Հասմիկ Պողոսյանին որպես «ժառանգությո՞ւն» է թողնում նոր նախագահին, որն արտառոց որեւէ դեպք բացառելու պարագայում դառնալու է Հայաստանի հաջորդ նախագահը: Չի բացառվում նաեւ, որ վարչապետի պաշտոնում այս պահին ՀՀԿ-ական միակ թեկնածու Սերժ Սարգսյանը Հասմիկ Պողոսյանին իր հետ տանի առաջիկայում ձեւավորվելիք կառավարություն:

Մեկ փաստ էլ. Սերժ Սարգսյանը խորհրդականների պակաս չունի: Նա ունի մեկ գլխավոր խորհրդական` Արամ Ղարիբյանը, եւս յոթ խորհրդականներ` Միքայել Հարությունյանը, Վարդան Խաչատրյանը, Ֆելիքս Փիրումյանը, Գագիկ Գեւորգյանը, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, Արմեն Սմբատյանը: Եվ հիմա արդեն յոթերորդ խորհրդականը ունեցավ` Հասմիկ Պողոսյանը: Ընդ որում, նկատենք՝ Արմեն Սմբատյանը մշակույթի ոլորտից է, եւ այդ առումով էլ տարօրինակ է Պողոսյանի նշանակումը: Չնայած, ասում են` Հ. Պողոսյանի կադրային առաջխաղացման մեջ մեծ դեր ունի հենց Արմեն Սմբատյանը:

Ուշագրավ է նաեւ մեկ այլ նշանակում: Փետրվարի 26-ին նոր խորհրդական ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ պաշտոնը տրվեց Արցախի գյուղատնտեսության նախկին նախարար Արամ Մխոյանին: Հաշվի առնելով այն փաստը, որ Կարեն Կարապետյանն արցախցի է, դժվար չէ կռահել, որ նա որպես իր խորհրդական նշանակել է համերկրացու սկզբունքով: Այսպիսով` Կարապետյանի հերթական նշանակումն է, երբ նախապատվությունը տրվում է մտերիմ մարդու` լինի ընկեր, բարեկամ, թե պարզապես համերկրացի: Չնայած ժամանակին հենց նա էր հանձնարարել, որ նույն դպրոցում կամ մանկապարտեզում մայր ու աղջիկ չպետք է աշխատեն: Բայց այսօր Կարեն Կարապետյանն արցախցի իր մտերիմներին է բերում: Եվ խնդիրն այստեղ ամենեւին էլ կադրերի մասնագիտական կարողությունները կամ մարդկային որակները չեն, այլ խնդիրը գործելաոճն է:

Տարօրինակ է վարչապետի նշանակումը, երբ իր պաշտոնավարմանը մնացել է մոտ մեկ ամիս: Եւ ուրեմն ի՞նչ իմաստ ունի ծախսել պետական ռեսուրսները, երբ առանց այն էլ խորհրդականների հսկա բանակ ունի՝ 13 հոգի: Թվարկենք՝ Կարեն Կարապետյանը երեք գլխավոր խորհրդական ունի` Գագիկ Մարտիրոսյանը, Գեւորգ Մուրադյանը եւ Հայկ Դավթյանը: Աշխատում է եւս մեկ գլխավոր խորհրդական հասարակական հիմունքներով` Էդուարդ Ներսիսյանը: Եվս երկու խորհրդական կան, որոնցից մեկը հենց Արամ Մխոյանն է, մյուսը` Գեւորգ Մալխասյանը: Բացի այս` վարչապետը ոչ ավել, ոչ պակաս եւս յոթ այլ խորհրդական ունի: Նրանք են Ալեքսանդր Խաչատուրյանը, Արիաննե Կաոիլին, Արմեն Ավակ Ավակյանը, Համլետ Հովսեփյանը, Մհեր Տերտերյանը, Սամվել Սարգսյանը եւ Վռամ Գյուլզադյանը: Ճիշտ է` վերջիններս աշխատում են հասարակական հիմունքներով, այսինքն` բյուջեից աշխատավարձ չեն ստանում, սակայն օգտվում են պետական միջոցներից, գույքից եւ այդպես շարունակ:
Չէ, իսկապես ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել երկու նոր խորհրդականների հետ, սակայն Արամ Մխոյանը կարծես թե դեռ աշխատանքային համար չունի, իսկ Հասմիկ Պողոսյանի աշխատանքային հեռախոսին այդպես էլ պատասխանող չեղավ: Պողոսյանն անպատասխան թողեց նաեւ բջջային հեռախոսի զանգերը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս