ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՇՏԵՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» դաշինքում այս օրերին խորացող հակասությունների եւ պառակտման շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի հետ, ով մեկ տարի առաջ հաշտեցրել էր Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին` այդպես դառնալով «Ելք»-ի «կնքահայրը»:

-Պարո՛ն Պողոսյան, ՔՊ-ն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շրջանակում այս օրերին մարզերում է: Ինչպե՞ս եք գնահատում այդ պայքարը:
-Այն, որ ունեինք մի իրավիճակ, երբ կարծես թե լճացում էր, որեւէ զարգացում չէր լինում, ՔՊ այս քայլը դիտարկում եմ որպես շատ գեղեցիկ, տեղին քայլ, որն ինչ-որ չափով արթնացրեց նաեւ հանրությանը: Շատ հետաքրքիր եւ գեղեցիկ երգով սկսեցին եւ ասեմ, որ հզոր էներգետիկա ունի կրկներգը: Շատ գեղեցիկ է այն, որ բոլորով քայլում են, փորձում ցույց տալ, որ եղանակը կարեւոր չի. եթե մարդիկ ունեն նպատակ, պատրաստ են դրան գնալու: Բայց, ցավոք, մինչ այս պահը ինձ համար գլխավոր հարցը, որ մնում է` ինչպիսի՞ն է լինելու ավարտը: Ուրախ եմ այն կոչերի համար, որ ամեն ինչ արվելու է առանց բռնության: Բայց պետք է գիտակցել, թե արդյո՞ք հաշվարկված են բոլոր սցենարները. եթե նույնիսկ վերջնական նպատակին չհասնելու, ապա գոնե նրա համար, թե ո՞ր ուղղությամբ են զարգանալու իրադարձությունները: Խնդիրն այն է, որ հասկանանք` ապրիլի 9-ին Հայաստանում կյանքը չի ավարտվելու, ոչ էլ 17, 18-ին:
-Մարզերում քայլելը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել Ս. Սարգսյանի վարչապետությունը կանխելու հարցում:
-Աշխարհում չկա անհնարին բան, բայց այդ կարողության խնդիրը միայն ու միայն ՔՊ տղաների քայլերթի մեջ չի: Խնդիրն այստեղ է մնում. Ս. Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու ի՞նչ հնարավորություններ կարող են լինել: Եթե իրավական դաշտում նայենք, ապա հաջորդ վարչապետի թեկնածությունն առաջարկելու է ՀՀԿ-ն: Կլինի՞ Ս. Սարգսյանի անունը` որպես թեկնածու, թե՞ ուրիշ անուն, դա էլ է հարցականի տակ: Իսկ եթե ապրիլի 16-ին այլ անուն ասեն, ի՞նչ ենք ասելու, ո՞րն է լինելու հաջորդ գործողությունը: Իսկ եթե պատկերացնենք, որ այնպիսի զանգված է լինելու, որ ԱԺ 5 մուտքերը փակելու են եւ թույլ չեն տալու, որ պատգամավորները կարողանան ներս մտնել ու քվեարկել: ԱԺ-ն կանոնակարգ-օրենքով իրավունք ունի այլ վայրում նիստ անելու. իսկ եթե այդ րոպեին որոշում կայացվի, որ արտագնա նիստ են անում եւ, օրինակ, գնան Գյումրի: Ես չգիտեմ` այդ սցենարը մշակվե՞լ է, թե՞ ոչ: Խնդիր է առաջանում, թե արդյո՞ք բոլոր սցենարները հաշվարկված են, եւ որո՞նք են լինելու գործողությունները, մի քիչ պարզ չէ: Ցավոք, ավելի շատ ներգրավվում են միջանձնային բախումների դաշտ:
-Փաստ է, որ դաշինքում կոնսենսուսի չեկան, եւ այդ պարագայում 2 ուժերի պահվածքից ո՞վ է տուժում եւ ո՞վ` շահում:
-Ոնց որ թե «Ելքում» դեռ որեւէ մեկը չի հեռացել, եւ Ն. Փաշինյանն էլ ասել է, որ չի համարում, թե «Ելքը» վախճանվել է, ոնց որ թե մյուսներն էլ չեն խոսում «Ելքի» պառակտման մասին: Կան մոտեցումների տարբերություններ, բայց ինչպես լսում եմ` մեկը մյուսին հաջողություն է մաղթում: Այնպես որ, այնպես չի, որ այնտեղ ամեն ինչ ավարտված է. ես հուսով եմ, որ բոլոր քաղաքական տարընթերցումները ապագայում կհաղթահարվեն: Մեզ միասնություն է պետք: Այն մարդիկ, ովքեր տանելու են այնտեղ, որտեղ Հայաստանը չպետք է շահի, արդյո՞ք ճիշտ ուղղության վրա ենք:
-Այն, որ ԼՀ կողմից ի սկզբանե ասվում է, որ ՔՊ պայքարը կարող է չհաջողել, չի՞ ստացվում, որ այսպես ասած` իշխանության ջրաղացին ջուր են լցնում:
-Եթե ասեին` չենք հավատում ու չենք պայքարելու, այո՛: Բայց կա այլընտրանքային առաջարկ, իրենց ծրագիրն են առաջարկում: Եթե հաղթող-պարտվողի խնդիրը քննարկենք, բոլորն էլ պարտված են, որովհետեւ Հայաստանն է պարտվում այդ ամենի մեջ: Եթե Հայաստանն է պարտվում, ի՞նչ կապ ունի` ես այդ րոպեին հաջողությա՞ն եմ հասել, թե՞ ոչ:
-Եթե ընդդիմությունը միասնական չէ, անգամ դաշինքի ներսում տարբեր կարծիքներ են, հնարավո՞ր է հաջողության հասնել:
-Միգուցե պետք է ձեւավորել դաշտ, որտեղ պետք է նստել, քննարկել: Պետք է երեկոներն իրար հետ խոսել, ոչ թե փակվել: Դժվարանում եմ հիմա մարդկանց խորհուրդ տալ:
-Դուք փորձելո՞ւ եք Ն. Փաշինյանին եւ Է. Մարուքյանին, այսպես ասած, հաշտեցնել, բերել ընդհանուր սեղանի շուրջ:
-Գիտեք ինչ` մեկ անգամ հաջողվել է, դա տղաներն են արել: Ես վստահ եմ` եթե վաղը նորից… հիմա Նիկոլը քայլելու մեջ է, ես ինձ իրավունք էլ չեմ տա խանգարել այդ պայքարի իր մոտեցմանը, չէ որ ինքը հավատով է դա անում: Եթե նույնիսկ գաղափար էլ լինի, ավելի շուտ մեքենա կնստեմ ու կգնամ` իր կողքով քայլելով ասելու: Եթե ցանկությունը ես զգամ` լինի նաեւ իրենց կողմից, կմոտենամ ասելու: Իսկ արդյո՞ք դա այն է, ինչ իսկապես նպաստելու է… եթե կլսեն երբեւէ այս խոսքերը, կմտածեն, ես միայն ուրախ կլինեմ ջերմորեն ընդունելու` առանց քաղաքականության մասին խոսելու, ընդհանրապես, Հայաստանի մասին խոսելու: Բայց այսօրվա դրությամբ այն, որ այսօր կվերցնեմ, կզանգեմ, ես ինքս էլ պետք է պատրաստ լինեմ դրան, որ հասկանամ` դա մի բանի կնպաստի՞, թե՞ ոչ: Երկուսն էլ իմ տեղը գիտեն: Ես շատ ուրախ կլինեմ, որ երկու ընկերներ կարողանան ինքնուրույն էլ գալ այն գիտակցությանը, որ հասկանան` համատեղ պայքարի մոտեցումները` տարբերվելով, զանազանվելով, ի վերջո, ի՞նչ որոշում է ընդունվելու հաջորդ օրը:
-Ե՛վ ՔՊ-ն, ե՛ւ այլ ուժեր խոսում են Սարգսյանի վարչապետությունը կանխելու մասին, բայց ենթադրենք` Սարգսյանի փոխարեն առաջադրվում է Վ. Բաղդասարյանը կամ Գ. Սահակյանը…
-Երբ մենք պայքարի մեջ ենք ներգրավվում, պայքարում ենք համակարգի դեմ, ոչ թե անձի: Համակարգային պայքարի խնդիրը երբ գնում է, խոսքն այն մասին չի, որ ՀՀԿ-ն պետք է վաղը դիմում գրի ու խորհրդարանից դուրս գա: Պետք է իրավիճակ ձեւավորենք, որ ունենանք արտահերթ ընտրություններ: ՀՀԿ-ի կողմից չենք տեսնում այն մոտեցումը, որ իրենք էլ գիտակցեն` նույն մարդուն 3-րդ անգամ երկրի ղեկավարման ստանձնելու առաջարկով իրենք նպաստո՞ւմ են Հայաստանի զարգացմանը, թե՞ ոչ: Դրա համար դարձել է այնպես, որ համակարգի դեմ պայքարն էլ վերածվել է անձնավորված դեմքի պայքարի: Եվ հենց իրենք նպաստեցին դրան` մյուս կողմից ասելով, թե ամենափորձվածը Ս. Սարգսյանն է: Բայց եթե չփոխենք, հաջորդ փորձվածին չենք ունենա:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԿԱՐԵՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՆՏԵՍԵԼ ԷԻՆ

ԿԸՀ-ն օրենքով սահմանված կարգով խորհրդարան է ներկայացրել իր գործունեության մասին հաղորդում:

Հատկանշական է փաստը, որ նախորդ տարին ԿԸՀ-ի համար բավական հագեցած էր. անցկացվեցին ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրություններ, որոնք աչքի ընկան ընտրակաշառքի աննախադեպ ծավալներով, միաժամանակ նաեւ ընտրողների նկատմամբ ճնշումների եւ վարչական ռեսուրսի կիրառման ահռելի չափերով: Միայն թե, նկատենք, ԿԸՀ-ն իր զեկույցում զերծ է մնացել ակնհայտ խնդիրներին անդրադարձ կատարելուց:
Խախտումների վերաբերյալ զեկույցում նշված է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում դրանց վերաբերյալ գրառումների 98 տոկոսից ավելին կատարվել է մի քանի տեղական դիտորդական կազմակերպությունների անունից: Այդ գրառումները վերաբերել են քվեարկության օրն արձանագրված մասնավոր դեպքերի, որոնց մի մասն, ըստ հանձնաժողովի, գրառում կատարող անձանց տեսակետներն էին եւ չէին վերաբերում քվեարկության կարգին, հետեւապես չէին կարող որակվել որպես ԸՕ սահմանված քվեարկության կարգի խախտում:
Մեկ փաստ եւս. ԿԸՀ զեկույցում առաջին էջում բառացիորեն նշված է. «Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2016թ. հունիսի 13-ի ԸՕ վերաբերյալ համատեղ եզրակացության համաձայն` այն գնահատվել է դրական»: Մինչդեռ նշված չէ, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ինչ թերություններ է մատնանշել: Մուկուչյանի ղեկավարած կառույցը մոռացել է, հիշեցնենք. «Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները եւ ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը»:

Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Մինչ ընդդիմադիր տարբեր ուժեր պայքարում են Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարումը թույլ չտալու համար, նա այս օրերին շարունակում է ամրացնել թե՛ իր, թե՛ ՀՀԿ-ի դիրքերը: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը: Ընդ որում, Սարգսյանն ավելի հեռուն է գնացել եւ խոսել է անգամ 2040 թվականի մասին: «Ցանկանում եմ ընդգծել կայուն եւ բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաեւ մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչեւ 2040 թվականը 4 միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ եւ չափելի միջոցառումների մշակումը եւ մինչեւ 2030 թվականը միջանկյալ թիրախային ցուցանիշի սահմանումը», – նշել է նա: 2040 թվականին չորս միլիոն բնակչություն ունենալու մասին հայտարարությունը Սարգսյանն արել էր նաեւ նախկինում, սակայն այժմ այն ուշագրավ է տիրող պայքարի առումով: Ստացվում է՝ Սերժ Սարգսյանը գոնե մինչեւ 2030 թվականը հույս ունի, որ ՀՀԿ-ն մշտապես մեծամասնություն է լինելու, եւ արդեն իսկ մինչ այդ թվականին հասնող ռազմավարություն է մշակել: Այլապես անհասկանալի է նման հեռահար նպատակների, նման երկար ժամկետների մասին անընդհատ բարձրաձայնելը:

 

 

ՔՆԱԾ ՆԱԽԱԳԱՀԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վանուհի Մարգարյանը հայց է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի դեմ: Նա պահանջում է, որ ՀՀ վարչական դատարանը ստիպի դատարանի նախագահ Մնոյանին որոշակի գործողություններ կատարելու: Իսկ թե կոնկրետ ինչ չի կատարել դատարանի նախագահը, դժվար է ասել: Փորձեցինք դատարանի նախագահից պարզել, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց մեկ այլ անձ` նշելով, որ նա քնած է: Պարզվում է` Արագածոտնի մարզի դատարանի նախագահը 8-ից քնում է:

 

 

ԿՕՏԱՐԵՆ
Կառավարության` ապրիլի 5-ի նիստի օրակարգում ներառված հարցերից մեկը վերաբերում է «Նաիրիտ» գործարանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշում է կայացվելու էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին թույլտվություն տալու` որպես «Նաիրիտ-2» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնետոմսերի լիազոր կառավարում իրականացնող անձ, ընկերության օգտին գրավադրված` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ հաշվեկշռում հաշվառվող պահեստը, ծածկը եւ դրանցով զբաղեցված, սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը օտարելու: Նշենք, որ դա կարվի ընկերության հանդեպ գործարանի ունեցած դեբիտորական պարտքի մի մասի դիմաց: Տարածքը գնահատվել է 301,3 մլն դրամ, սակայն կօտարվի 280,3 մլն դրամով:




Լրահոս