«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՈՒԶՈՒՄ Է, ՀԱԿ-Ն ԱՆՏԵՂՅԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսում Ստեփան Սաֆարյանը»,-այսպես պատախանեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի` «Ժողովուրդ»-ի հետ հարցազրույցում արված այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը պատրաստ է կոնսուլտացիաներ սկսել միասնական օրակարգ ձեւավորելու համար: Մեր այն հարցին, թե արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնապես դիմել է Կոնգրեսին նման առաջարկով, Մուսինյանը մնաց անդրդվելի: «Եկե՛ք բավարարվենք իմ մեկնաբանությամբ: Իմ պատասխանը սպառիչ է, այնտեղ ամեն ինչ ասված է»,- հավելեց ՀԱԿ-ի մամուլի խոսնակը: Արման Մուսինյանի կտրուկ ու ժխտողական պատասխանի հետ կապված մենք փորձեցինք ճշտել «Ժառանգության» դիրքորոշումը նույն Ստեփան Սաֆարյանից, որը նշեց բառացիորեն հետեւյալը. «Ես կասեմ, որ պարոն Մուսինյանը ուղղակի տեղյակ չէ, թե ինչի մասին ենք մենք զրուցել իր գործընկերների հետ»: Պատգամավորի խոսքերով «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի միջեւ տեղի է ունեցել քննարկում ընդհանուր օրակարգ ձեւավորելու մասին, սակայն նա հրաժարվեց ներկայացնել մանրամասներ տվյալ հանդիպման վերաբերյալ: «Ես միայն կարող եմ նշել, որ նման քննարկում մեր եւ ՀԱԿ-ի միջեւ տեղի է ունեցել եւ բավականին բարձր մակարդակով»,-նշեց նա: Իսկ թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել «բարձր մակարդակով», դեռեւս գաղտնիք է: Երեւանյան սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի կարծիքով ՀԱԿ-ը «Ժառանգության»` որպես աջակցող ուժի կարիքը չունի: «Սկզբունքորեն «Ժառանգություն»-ը Կոնգրեսին պետք չէ որպես աջակցող ուժ: Բայց որպես ամբողջ բողոքավոր զանգվածի շահերը արտահայտող ուժ` ՀԱԿ-ը կարող է ներառել «Ժառանգությանը», բայց ստորադասելով նրա դերը: Նույնը վերաբերում է նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությանը»,-նշեց սոցիոլոգը: Սակայն Ադիբեկյանի կարծիքով նշված ուժերի միջեւ դաշինքի կայացման հավանականությունը շատ ցածր է երկու հիմնական պատճառով. նախ` լիդերների ամբիցիաներն են խանգարում սերտ համագործակցության կայացմանը եւ, բացի դրանից, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները հայոց ցեղասպանության հարցի շուրջ տրամագծորեն հակասում են միմյանց: Այս առումով սոցիոլոգը հիշեցրեց, որ ժամանակին «Հայ դատ»-ի շուրջ տեղ գտած հակասության պատճառով ՀՀ առաջին նախագահը Ր. Հովհաննիսյանին զրկեց արտաքին գործերի նախարարի պաշտոնից. «Այդ իսկ պատճառով, եթե գնահատենք շանսերը, ապա ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միավորման հավանականությունը տատանվում է մեկը տասի միջակայքում, որովհետեւ Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը բավական ամբիցիոզ մարդիկ են, եւ նրանք այդ քայլը կընկալեն որպես թուլություն, այլ ոչ թե հավաքական կամքի դրսեւորում»: Այնուամենայնիվ, Ադիբեկյանը ամբողջությամբ չբացառեց դաշինքի կայացման հավանականությունը` նշելով, որ քաղաքականության մեջ մարդկանց հիշողությունը կարճ է, եւ այդ ուժերը դեռ կարող են համագործակցության ֆորմատ ձեւավորել: Բայց փորձագետի կարծիքով առաջին քայլը պետք է անի «Ժառանգություն»-ը, քանի որ վերջինիս անցնելը Ազգային Ժողով գալիք 2012թ. ընտրություններում կախված է միայն Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշից, որը միշտ գտնվում է 9% սահմանագծում. «Հետեւաբար, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը միավորման ձգտում ունենար, նա ՀԱԿ-ի անցած հանրահավաքի ժամանակ կլիներ ոչ թե ունկնդրողների, այլ ճառ ասողների շարքում»:  ԱՐՇԱԼՈՒՅՍ ՄՂԴԵՍՅԱՆ




Լրահոս