ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԳՈՂ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը, փաստորեն, սկսել է զբաղվել նաեւ գրագողությամբ` իրեն դնելով զավեշտալի իրավիճակում: Այսպես. ժամանակին ԱԺ տնտեսական հանձնաժողովի մի խումբ պատգամավորների կողմից  առաջարկվել էր՝ «Մաքսային օրենսգրքում» փոփոխություններով արգելել ժամկետանց սննդամթերքի ներմուծումը Հայաստան, ինչին վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությամբ բացասական եզրակացություն էր տրվել` «հիմնավորելով», որ հարցն արդեն կարգավորված է  «Սննդի անվտանգության մասին» օրենքով:  Բայց սրանից երկու ամիս հետո կառավարությունը արդեն դրական  եզրակացությամբ իր համանուն նախագիծն  է ուղարկել: Ինչպես պնդում է հանձաժողովի անդամներից մեկը` փոփոխությունները, որոնք արդեն ուղարկվել են խորհրդարան,  գրեթե ամբողջությամբ նույնն են: «Էն օրը լսում եմ` վարչապետը հեռուստացույցով «ժիվոյ» հայտարարում ա, որ ժամկետանց սննդի արգելք Հայաստանում չկա, եւ իրենք հիմա փոփոխություններ են կատարում»,-պատմեց հանձնաժողովի անդամներից մեկը: Արդյունքում, առաջիկա ԱԺ նստաշրջանում կարող է հայտնվել երկու միանման օրինագիծ, որովհետեւ չնայած կառավարության բացասական եզրակացությանը, հանձնաժողովի անդամների քվեարկությամբ իրենց նախագիծը ընդգրկել էին նստաշրջանի օրակարգում:  Պատմում են, որ այն ժամանակ «դեմ» եզրակացություն  ներկայացրած  Էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանին, որը «մուննաթ» էր եկել հանձնաժողովի անդամների վրա, հանձնաժողովի անդամները  հակադարձել էին: Օրինակ, Հերմինե Նաղդալյանը խնդրել էր կարդալ այն կետերը, որոնք արգելում են ժամկետանց սննդի ներմուծումը.  պարզվել էր, որ իրականում ոչ մի արգելք չկա: Այստեղ Գառնիկ Բադալյանը ասել էր. «Ինչ է` ուզում եք խանգարե՞լ ներմուծմանը», ինչից հետո ջղայնացել էր Վարդան Այվազյանը` ասելով.«Էս ներմուծված ժամկետանց ապրանքը իմ երեխեն է ուտում»: Ինչ վերաբերում է ժամկետանց սննդին, չնայած այս մասին հստակ վիճակագրություն չկա, այնուամենայնիվ նշենք, որ արտասահմանում մեկ շիշ ժամկետանց գարեջրի ուտիլիզացիան` ոչնչացումը, շատ ավելի թանկ արժե, քան այն գինը, որով արտասահմանյան գարեջուրն այսօր վաճառվում է խանութներում: Հետեւաբար, արտասահմանյան ընկերությունների համար շատ ավելի ձեռնտու է կոպեկներով, նույնիսկ անվճար այն տալ ներմուծողին, քան` ոչնչացնել: Այստեղից էլ համապատասխան եզրակացությունը` թե ինչ սնունդ, հյութեր կամ գարեջուր կարող է վաճառվել մեր խանութներում: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս