Սերժ Սարգսյանի հրաժարականը կվնասի՞ շուրջ 1100 շահառուի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցման ծրագրի շահառուները լուրջ մտահոգություններ ունեն. նրանք վախենում են, որ ծրագիրը դադարեցվի: Պատճառը Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Ներկայացվում է, որ երիտասարդ ընտանիքների համար բնակելի շենքերը կառուցվել են Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ, արդեն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»: Ու հիմա նոր ծրագրի շահառուները չգիտեն` արդյո՞ք Ս. Սարգսյանի հրաժարականից հետո իրենց շենքերը կկառուցվեն: Մի մասը հայտնվել է անհարմար դրության մեջ, երբ վաճառել են եղած բնակարանը կամ վարկեր վերցրել, որպեսզի բնակարանի կանխավճարը մուծեն:

Նշենք, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Երեւանի Մոնթե Մելքոնյանի փողոցին հարակից 6.57 հա մակերեսով հողամասում (Դալմայի այգիներում) կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով «Վերածնունդ» երիտասարդական ավանը: Ընդհանուր առմամբ կկառուցվեն մոտ 1170 բնակարաններ, ստորգետնյա ավտոկայանատեղեր, հասարակական նշանակության տարածքներ` խանութներ, կենցաղ-սպասարկման օբյեկտներ: Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է այս տարվա մայիսին եւ նախատեսվում է ավարտել 2020 թվականի սեպտեմբերին:

Արդյո՞ք այս գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ:

-Պարո՛ն Քարամյան, «Վերածնունդ» թաղամասի մասով հայտարարել էիք, որ մայիսի 1-ից ծրագիրը մեկնարկելու է: Կներկայացնե՞ք` ինչից է սկսվելու եւ ե՞րբ է մեկնարկելու շինարարությունը:

-Սպասում ենք նախագծերի վերջնական տարբերակին, այն, հավանաբար, կունենանք մեկ ամսից, սակայն մինչ, այդ տեղում, մայիս ամսվա կեսերին, կսկսենք հողային աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկատնտեսական պայմանների ձեւակերպմանը` էլեկտրաէներգիայի ժամանակավոր ենթակայան, ջրամատակարարման անցկացում եւ այլն: Նախագծերի վերջնական տարբերակը ստանալուն պես կկազմակերպենք շահառուների վիճակահանությունը: Ի լրումն այս ամենի արդեն իսկ մեկնարկել են Զեյթուն 3-ի շինաշխատանքները, իսկ երկու շաբաթ անց կունենանք վիճակահանությունը:

-Արդյո՞ք քաղաքական վերջին զարգացումները կարող են պատճառ դառնալ ծրագրի դադարեցման…

-Ցավոք, քաղաքական վայրիվերումները ցանկացած հասարակության մեջ էլ ունենում են բացասական հետեւանքներ: Մեր պարագայում, ես կարծում եմ, կկարողանանք այդ հետեւանքները հաղթահարել, եւ որ ամենակարեւորը` մեր շահառուները, ինչպես վերջին 10 տարիների ընթացքում, այնպես էլ առաջիկա 4 տարիների համար, ճիշտ ժամանակին կտոնեն իրենց բնակարանամուտը:

-Պարո՛ն Քարամյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվում էր Սերժ Սարգսյանի անմիջական հովանավորությամբ, նրա հրաժարականը ծրագրի նկատմամբ որոշ անվստահություն է առաջացրել շահառուների շրջանում: Ավելին` արդեն իսկ կան մտավախություններ, որ այն չի իրականացվի: Եթե այժմ Սերժ Սարգսյանը իշխանական վերնախավում չէ, արդյո՞ք նա շարունակելու է մնալ ծրագրի «կնքահայրը»:

-Ես կարծում եմ, որ այո, առերեւույթ կարող է առաջանալ նման անհանգստություն, սակայն իսկապես հավատացնում եմ մեր բոլոր շահառուներին, որ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվան հետ կապված ծրագիրը մենք հասցնելու ենք ավարտին: Նամանավանդ, որ ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, եւ մեր երկիրը շատ արագ կհաղթահարի քաղաքական ճգնաժամը:

Այսպես, թե այնպես կնքահայրն է, ինչպես Դուք եք նշում, եւ այդ հանգամանքը եւս պարտավորեցնող է լինելու ՀՀԿ մեծամասնություն ունեցող կառավարությանը մի կողմից, իսկ մյուս կողմից էլ պարոն Սարգսյանը շարունակում է լինել մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը: Չգրված կանոնների համաձայն էլ, աշխարհի բոլոր երկրների պաշտոնաթող նախագահները ունենում են մանդատ` համանման ամենատարբեր ծրագրեր սատարելու, առաջ մղելու համար:

-Հայաստանի քաղաքական կյանքում վերջին նոր իրողությունները, երբ ՀՀԿ-ն վարչապետ չի առաջադրում, չի ազդի՞ ծրագրի վրա կամ ժամկետներ խախտի:

-Կարծում եմ` ոչ: Եւ, առհասարակ, կարծում եմ, որ մեր երկրի զարգացման կարեւորագույն նախապայմաններից մեկն էլ մեզանում առկա լավագույն ավանդույթների, ծրագրերի առողջ, ողջամիտ շարունակության մեջ է նաեւ: Ամեն դեպքում, մեր կողմից գործադրվելու են բոլոր ջանքերը` առաջիկա տարիներին ծրագիրը անխափան ու ժամկետների մեջ առաջ տանելու համար: Մեր ծրագիրը պահանջարկված, հասցեական է:

Այն իսկապես բավարարում է բերել բազմահազար երիտասարդ ընտանիքների սոցիալական բնակապահովման խնդրին, սա նախագահ Սարգսյանի նախընտրական թեզն էր, որը մենք կատարեցինք ամբողջապես: Շարունակելիության առումով ասեմ, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայելու, այն, ինչը որ արդեն իսկ հայտարարված է` ի կատար ածենք, որովհետեւ շուրջ 1300 ընտանիք սպասում է բնակարանամուտի: Ինչպես նշել էի` պաշտոնաթող նախագահները առհասարակ իրենց հասարակություններում ունենում են որոշակի առաքեություն, եւ սովորաբար դրանք արտահայտվում են սոցիալական, մշակութային ամենատարբեր ծրագրերով: Եկեք, միասին նաեւ այս մշակույթի ձեւավորողը դառնանք առաջիկայում:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս