«Քեթրինի Միհրանի» չհայտարարագրած բիզնեսները. ՀՀԿ-ական պատգամավորի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օֆշորային սկանդալում հայտնված ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, պարզվում է, ավտոմեքենա չունի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից:

Պողոսյանը մեքենա չունի այն դեպքում, երբ իրեն պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը Հայաստանում ճապոնական արտադրության BYD ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է: Նրանք են այդ մեքենաները ներկրում, եւ ժամանակին պետական բյուջեի միջոցներով ԴԱՀԿ-ի համար հենց այս մակնիշի մեքենաներ էին ձեռք բերել` այդպես զարգացնելով Միհրան Պողոսյանի բիզնեսը: Փոխարենը պատգամավոր Պողոսյանն ունի շենքեր-շինություններ, հասարակական նշանակության 6 հատ շինություն, արտադրական նշանակության մեկ շինություն եւ մեկ հատ ավտոտնակ:

Այս պատգամավորը շատերի մոտ հայտնի է որպես Քեթրինի Միհրան: Բանանի, ցիտրուսային եւ տրոպիկական մրգերի ներմուծող եւ մենաշնորհ ունեցող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն անմիջականորեն առնչվում է Միհրան Պողոսյանի հետ: Բանանի միակ ներկրող պատգամավորի դրամական միջոցները անցած տարում կազմել են 32 մլն դրամ եւ 153 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացած 3 մլն 100 հազար դրամը:

Բայց հետաքրքիր հայտարարագիր է ներկայացրել նրա կինը` Կարինե Մխիթարյանը, ով 2016 թվականին 0 դրամ տարեկան եկամուտով 70 հազար դոլարով գնել է RANGE ROVER SPORT–HSE մակնիշի ավտոմեքենա: Ըստ նրա հայտարարագրի` չի աշխատել: Բայց փոխարենը ունեցել է 2 մլն դրամի չափով դրամական միջոց:

Նկատենք, որ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն բացի բանանի, ցիտրուսային եւ տրոպիկական մրգերի ներմուծումից, զբաղվում է նաեւ պարարտանյութերի եւ թունաքիմիկատների ներկրմամբ: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այս ընկերությունը բուծում եւ բազմացնում է խոզեր, կովեր, ոչխարներ եւ հնդկահավեր: Բայց այս ամենի մասին հայտարարագրում եւ ոչ մի խոսք չկա: Ավելին` նրա անվան հետ է կապվում նաեւ «Կավկազսկայա պլեննիցա» ռեստորանը, «Գրիար» ՓԲԸ-ն, «Փարիզ» եւ Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս