ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԱԽԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Սերժ Սարգսյանի եւ ԱԺ Հանրապետական խմբակցության միջեւ հանդիպումից հետո հայտարարություն տարածվեց, թե վերջիններս պատրաստ են առանց նախապայմանների բանակցություններ անցկացնել, սակայն երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հերթական անգամ մերժեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից արված բանակցելու հրավերը: Սա արդեն երկրորդ չկայացած հանդիպումն է. Կարապետյանի հետ նախորդ հանդիպումը պետք է կայանար ապրիլի 25-ին, սակայն վարչապետի պաշտոնակատարը վերջին պահին հրաժարվեց հանդիպումից: Երկու դեպքում էլ պատճառաբանությունները միանման էին:

«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել, չեն կարող համարվել բանակցություններ», – նշված է վարչապետի պաշտոնակատարի խոսնակի հայտարարության մեջ:
Եվ չնայած դրան` Նիկոլ Փաշինյանը նախատեսված ժամին նախատեսված վայրում էր, սակայն նրա կողքին դրված աթոռը զբաղեցրեց ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ Փաշինյանի ուսապարկը: Նախապես ծրագրված Կարապետյան-Փաշինյան հանդիպումը վերածվեց վերջինիս մամուլի ասուլիսին: «Կարապետյանը չներկայացավ բանակցության, քանի որ վստահ չէ իր բանակցային ուժերին, իսկ եթե այդպես է իր հայրենիքի ներսում, ապա ինչպե՞ս է նա պատրաստվում բանակցել դրսում՝ Արցախի շուրջ», – ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաշինյանը: Համաձայնեք` իր այս հայտարարությամբ Փաշինյանը, շախմատային լեզվով ասած, «մատ արեց» Կարապետյանին` ըստ էության հաստատելով մինչեւ հիմա ՀՀԿ-ականների պնդումները, թե ոչ վաղ անցյալում ինչու են Սերժ Սարգսյանին գերադասում Կարեն Կարապետյանից: Բոլորս ենք հիշում, որ ՀՀԿ գործիչները հենց այս փաստարկն էին օգտագործում, երբ հիմնավորում էին՝ ինչու խորհրդարանական Հայաստանում Կարապետյանը չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը. նրանք շեշտում էին, որ Կարապետյանը չի կարող ԼՂ խնդրում բանակցել` ըստ արժանվույնս ներկայացնելով ՀՀ շահերը, չի կարող լինել անվտանգության երաշխավոր: Եթե ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանն անփոխարինելի էր եւ հենց Արցախի հարցում, ապա այսօր նրան ըստ էության չեն կարող համարժեք լինել ո՛չ Կարեն Կարապետյանը եւ ո՛չ էլ ՀՀԿ այլ գործիչ:
Իսկ այժմ Կարեն Կարապետյանի պահվածքը պարզապես նողկալի է, շատ ավելի վատը, քան Սերժ Սարգսյանինն էր: Ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս օրերին պետության «առաջին դերի» անունից հանդես եկող Կարեն Կարապետյանի պահվածքը շատերին ստիպել է դրական լույսի ներքո հիշել Սերժ Սարգսյանին, որի հրաժարականը ՀՀ-ում եւ Սփյուռքում համազգային տոնախմբության վերածվեց:
Սերժ Սարգսյանն առանց արյունահեղության հրաժարական տվեց, եւ այդ քայլը շատերը գնահատեցին: Մինչ այդ նա, լինելով երկրի նախագահ, հետո՝ վարչապետ, համաձայնեց գալ եւ մասնակցել Փաշինյանի հետ բանակցություններին: Ճիշտ է` այդ բանակցությունները տեւեցին ընդամենը 2 րոպե: Սարգսյանն այդ քայլից հետո ավելի ընկավ հասարակության աչքերում, երբ իր խոսքում հիշեցրեց մարտի 1-ի մասին, բայց միեւնույն է` լինելով երկրի ղեկավար` նա ուղիղ եթերում հանդիպեց ընդդիմության առաջնորդին:
Բայց այս պահին դե յուրե պետության ղեկավար համարվող Կարեն Կարապետյանը, ընդհակառակը, իրեն պահում է ամենավերջին վախկոտի նման` հրաժարվելով Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում հանդիպելուց եւ ատամներով կառչել է իշխանությունից: Ընդ որում, նա այս ամենն ավելի շատ անում է` ո՛չ ՀՀԿ-ի ներսում, ո՛չ էլ Հայաստանում դույզն-ինչ աջակցություն ունենալով, այլ դրսից ուժեր փնտրելով:
Ավելորդ է նաեւ հիշեցնել՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ երկու անգամ հասցրել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ փակուղուց դուրս գալու ողջամիտ հեռանկարներ, ելքեր որոնելու նպատակով: Ընդ որում, Արմեն Սարգսյանը պաշտոնյաներից առաջինն էր, որ հանդիպեց Փաշինյանին, ընդ որում, ոչ թե ինչ-որ հյուրանոցում, այլ անձամբ եկավ Հանրապետության հրապարակ՝ չվախենալով հետեւանքներից:
Հ.Գ. Ինչ վերաբերում է ներքաղաքական գործընթացների հետագա զարգացումներին, այս պահին ամեն ինչ ընթանում է կուլիսներում՝ բանակցությունների մակարդակով: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՅԴ-ականների հետ: Ավելի վաղ նա երկու անգամ հանդիպել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որն այսօր պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ: Կարեն Կարապետյանն էլ իր ձեռքերը ծալած չի նստել. նա էլ փորձում է ՀՀԿ խմբակցությունն իրենով անել` հակառակ նրա անձի հանդեպ լրջագույն դժգոհություններին: Թե ինչ որոշում կկայացնեն խորհրդարանական ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցությունը, դժվար է միանշանակ ասել: Իրադարձությունները զարգանում են բավական արագ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԻՍԿ ԴՈՒ ԾԱՌԱՅԵ՞Լ ԵՍ
«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի դեմ վերջին օրերին սոցիալական ցանցերում սկսված արշավը, ինչպես դժվար չէ կռահել, իրականացվում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրահանգով: Հիմա էլ սկսել են շահարկել այն հարցը, թե Փաշինյանը չի ծառայել բանակում, հետեւաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո չի կարող ԶՈՒ գլխավոր-գերագույն հրամանատար լինել: Միայն թե «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նույն Կարեն Կարապետյանն էլ ժամանակին չի ծառայել խորհրդային բանակում, բայց արի ու տես, որ հավակնում է երկրի ղեկավարի պաշտոնին: Ավելին` հայկական բանակում չի ծառայել նաեւ նրա որդին՝ գործարար Տիգրան Կարապետյանը, մինչդեռ Փաշինյանի 18-ամյա որդին` Աշոտը, պատրաստվում է այս տարվա ամռանը մեկնել ծառայության: Մեկ փաստ էլ. 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը ՔՊ անդամների հետ ջոկատ կազմեց ու մեկնեց սահման, իսկ Կարապետյանն այդ օրերին Մոսկվայում էր. աշխատում էր «Գազպրոմի» փոխնախագահ:

 

 

ԹԵԺ ԷՐ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ ԱԺ-ում թեժ բանավեճ է եղել ռուս եւ հայ պատգամավորների միջեւ: Ռուս պատգամավորները Կարեն Կարապետյանի թիմի քարոզչության տակ սկսել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման մասին քամահրանքով խոսել, անգամ ասել, թե «Մայդան» է ծրագրել: Սակայն Ծառուկյան խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը կոշտ հակադարձել է` պնդելով, որ ՀՀ-ում այս օրերին տեղի ունեցող գործընթացները աշխարհաքաղաքական հարց չեն, այլ հայկական համաժողովրդական շարժում է՝ կոռուպցիայի, իրավական բեսպրեդելի դեմ: «Ի՞նչ գիտես, որ աշխարհաքաղաքական կոնտեքստ չունի»,- բարձրաձայն արձագանքել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը: Մեզ հայտնի դարձավ, որ դրանից հետո պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանն անցել են «հակահարձակման», բանավիճել ռուս պատգամավորների հետ` բացատրելով իրավիճակը, եւ դուրս եկել դահլիճից:

 

 

ՃՆՇՈՒՄ Է
Չնայած Հայաստանում իշխանափոխությունը փաստացի տեղի է ունեցել, սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը որոշել է չնահանջել ու ճնշել իր ենթականերին: Պատճառն այն է, որ այս օրերին նախարարության աշխատողների մի մասը օնլայն, իսկ մի մասն էլ ֆիզիկապես հետեւում է հանրապետությունում տեղի ունեցող հանրահավաքներին: Սա Արտեմ Ասատրյանի սրտով չէ ու պահանջել է կիլոմետրերով հեռու մնալ հանրահավաքներից: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ասատրյանը նույնը հրահանգել է նախարարության մարզերի տարածքային աշխատողների հետ կապված: Երեւի ոմանք որոշել են Ասատրյանի հետ չար կատակ անել ու հավաստիացնել, որ ՀՀԿ-ն մնալու է իշխանության ղեկին, իսկ ինքն էլ նախարար, ուստի որոշել է բոլորին ճնշել:

 

 

ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
«Մոսկվա այցելած հայ պաշտոնյաների հետ շփումը կենտրոնացած էր Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամի շուտափույթ լուծման անհրաժեշտության վրա»,- այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա. «Բանակցություններ են ընթացել գերատեսչությունների գծով, նաեւ եղել է հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Կարեն Կարապետյանի միջեւ: Գլխավորապես այդ շփումը կենտրոնացած էր Հայաստանում առաջացած ճգնաժամային իրավիճակի շուտափույթ լուծման անհրաժեշտության, ինչպես նաեւ դրա կարգավորման վրա՝ անկասկած, Սահմանադրության շրջանակում՝ այնպես, որպեսզի փոխզիջում գտնվի բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ»: Այլ կերպ ասած` Պեսկովն իր հայտարարության մեջ շեշտելով «բոլոր շահագրգիռ կողմերի» համար ընունելի տարբերակի մասին` վերջ է դրել նախօերից տարածված մտայնությանը, թե ՌԴ իշխանությունները սատարում են Կարեն Կարապետյանին:

 

 

ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ», այս մասին ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքէջում: Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող արդիական հարցեր, ինչպես նաեւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման եւ Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացքը, ասվում է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին էլ Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում:

 

 

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՇԱՀԸ
«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ԵՄ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցն ընդգծել է հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը երկխոսության միջոցով եւ արագորեն հարթելու հրամայականը՝ շեշտելով՝ դրան պետք է մասնակցեն ներքաղաքական դաշտի բոլոր շահագրգիռ կողմերը: «Հայաստանցիները պարզորոշ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, եւ այժմ իրադրությունը պետք է հանգուցալուծվի Հայաստանի քաղաքացիների շահերին համապատասխան եւ նրանց աջակցությամբ: Այս համատեքստում խիստ կարեւոր է, որ քաղաքական ուժերի ազգային երկխոսությունը արդյունքներ տա եւ լուծի ստեղծված իրավիճակը»,- ասել է նա:

 

 

ԱՌԱՆՑ  ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ
Ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ Նիկոլ Փաշինյանը չպետք է դնեն նախապայմաններ, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով՝ նշելով՝ իրենք բաց են ցանկացած քննարկման համար։ «Ես չեմ պատկերացնում որեւէ իշխանություն եւ ընդդիմություն՝ թե՛ Հայաստանում, թե՛ որեւէ այլ երկրում, բայց մասնավորապես Հայաստանում, ուղիղ եթերում կգնա բանակցությունների, կքննարկի ամեն ինչ, երբ որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ»,- ասել է նա եւ կոչ արել կողմերին` պահպանել սառնասրտություն, հարցերը լուծել սահմանադրական ճանապարհով՝ օրենքների շրջանակներում։




Լրահոս