ՄԱՐՏԻ 1-Ի ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում Մարտի 1-ի վերաբերյալ խոսել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մարտի 1-ի գործով մեր սպասումները շատ են: Առաջիկայում այդ գործով ունեցած մեր տեղեկությունների մասով պարբերաբար հաշվետու ենք լինելու հանրությանը, եթե, իհարկե, դրանք չեն խոչընդոտի բացահայտմանը: Հենց լինեն ռեալ արդյունքներ, կհրապարակենք»,-ասել է նա:

Սովորաբար, մարտի 1-ի բացահայտումների մասին խոսելիս շատերը նշում են միայն մարտի 1-ի տասը սպանությունների մասին: Սակայն իրականում դեպքերը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում: Ինչպես հայտնի է, 2008 թ. նախագահական կեղծված ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների շուրջօրյա խաղաղ հավաքը մարտի 1-ի առավոտյան ընդհատվեց ոստիկանության հարձակմամբ: Ոստիկաններն ավելի վաղ հայտարարել էին, թե տեղեկություն ունեն Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայության մասին եւ այդուհետ կոչ էին արել ցուցարարներին տարածքում զննություն կատարելու հնարավորություն տալ: Հենց այդ նպատակով էլ նրանք շարժվել էին Ազատության հրապարակ, որտեղ գիշերում էին մոտ 4000 խաղաղ ցուցարարներ: Արդյունքում բախում էր սկսվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ոստիկանության ներկայացուցիչները կիրառել էին էլեկտրաշոկ, արցունքաբեր գազ, մահակներ: Նրանք իրենց հերթին պնդում էին, որ ցուցարարներն իրենց վրա քարեր, փայտի կտորներ, մետաղյա ձողեր են նետել: Այստեղ կարեւոր մեկ հանգամանք. Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` զննությունը պետք է կատարվի առավոտյան ժամը 7-ից ոչ շուտ: Սակայն ոստիկանական ուժերն այդ իրականացրել էին ժամը 6.30-6.45-ի սահմաններում` այդպես կոպտորեն խախտելով օրենսդրությունը: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները խաղաղ նստացույց անող քաղաքացիներին ծեծի էին ենթարկել, ինչի մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներ եղան այդ օրերին: Ոստիկանությունը զննություն կատարելու հանգամանքը բացատրում էր այն բանով, որ իրենք տվյալներ են ունեցել, թե մարտի 1-ին սադրիչ գործողություններ պետք է տեղի ունենան, հրահրվեն զանգվածային անկարգություններ: Ցույցը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից հակառակն էին պնդում. չնայած մոտ 20 րոպե ցուցարարների` մերկ ձեռքերով ցույց տված դիմադրությանը` վայրենաբար գործող զինվորներին հաջողվեց դաժան ծեծուջարդի, էլեկտրաշոկի եւ արցունքաբեր գազի միջոցով մարդկանց դուրս քշել հրապարակից եւ հիմնահատակ ավերել վրանային ավանը:: Երկրորդ կարեւոր դիտարկումը. խաղաղ ցույցը ցրվել է առանց քաղաքացիներին նախապես զգուշացնելու, այլ խոսքով` ապօրինի կերպով է կատարվել:
2008-ի ողբերգական դեպքերից հետո ստեղծվել էր Մարտի 1-ի գործով փաստահավաք խումբ, որն ուսումնասիրություն էր կատարում: Սակայն հաջորդ տարի` 2009 թ. հունիսին, Սերժ Սարգսյանը կասեցրել էր խմբի գործունեությունը: Չնայած դրան` 2010 թ. մայիսին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը հրապարակեցին զեկույց, որտեղ մանրամասն ներկայացրել էին մարտի 1-յան դեպքերին բանակի մասնակցության վերաբերյալ: Իսկ սա կարեւորագույն հարցերից մեկն է, որի ուղղությամբ ներկայիս ուժային բոլոր կառույցները պետք է աշխատանք կատարեն պարզելու համար եղելությունը: Զեկույցի հեղինակներ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը մասնավորապես ընդգծում էին, որ այն ժամանակ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թ. մարտի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը, որի համաձայն` Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18.00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Իսկ Երեւանի կայազորի պետ, Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել էր կայազորի պետի վարչակազմ: Սակայն փետրվարի 23-ին մեր երկրի վրա զինված հարձակում չի իրականացվել, եւ ռազմական դրություն էլ չի հայտարարվել: Եվ այս ամենի համատեքստում զարմանալի է այն իրողությունը, որ երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել:
Խումբը ներկայացրել էր նաեւ որոշակի փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի կողմից մինչեւ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի հրապարակումը, բանակն արդեն ներգրավված է եղել ներքաղաքական իրադարձություններին: Այսպիսով, մարտի 1-ին 10 օր շարունակ անցկացվող խաղաղ ցույցը ցրվեց: Իսկ երեկոյան ընդդիմության աջակիցների նկատմամբ հրազեն կիրառվեց, ինչի արդյունքում տասը քաղաքացիներ զոհվեցին:
Ապօրինի էր նաեւ մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու Քոչարյանի հրամանագիրը: Ապօրինի էր, քանի որ այն ժամանակ գործող Սահմանադրության 55 հոդվածի համաձայն` նախագահը կարող է հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմ, իսկ «Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով»: Արի ու տես, որ այն ժամանակ դեռ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք ՀՀ-ում չկար, ասել է թե` խախտվել է ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածը:
Հետագայում քննչական մարմինները եւ դատարաններն այդպես էլ չանդրադարձան օրենքի խախտումները բացահայտող փաստերին:
Այնպես որ, մարտի 1-ի դեպքերի բացահայտումը պետք է սկսել հենց իրադարձությունների սկզբից առկա իրավիճակից եւ այդ ընթացքում իրավապահ համակարգի կողմից կատարված գործողությունների, դրանց իրավաչափության խնդրից: Պետք է մարտի 1-ի դեպքերի բացահայտումը սկսել նաեւ` Քոչարյանի այդ ապօրինի հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելով, ավելի ճիշտ` այն հակասահմանադրական ճանաչելով:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՄԻԼԻՈՆՆԵՐ` ԱԶԱՏԻՉԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել Լեւոն Սարգսյանի ղեկավարած «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի 2017 թվականի գործունեության մասին հաշվետվությունը: Ըստ այդմ` հիմնադրամը բարեգործական բեռների ներմուծման եւ անհատույց բաշխման նպատակով ծախսվել է ավելի քան 346 մլն 351 հազար դրամ: Իսկ ընդհանուր անցած տարվա ընթացքում «Փյունիկ» հիմնադրամը ծախսել է 724 մլն 990 հազար դրամ:

Ըստ այդ հաշվետվության` «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորման հիմնական աղբյուրն է հանդիսացել Երեւանի քաղաքապետարանը, «Երեւան» հիմնադրամը: Բացի այս, կազմակերպություններ եւ անհատներ եւս ֆինասավորել են հիմնադրամին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Երեւան» հիմնադրամը, որը առաջիկայում կլուծարվի, հիմնադրամին սիզամարգերի ստեղծման եւ ծաղկապատման համար հատկացրել է 1.5 մլն դրամ: Իսկ ահա Երեւանի քաղաքապետարանը դարձյալ սիզամարգերի ստեղծման եւ ծաղկապատման համար հիմնադրամին անցած տարվա ընթացքում հատկացրել է 161 մլն 975 հազար դրամ: Ըստ հաշվետվության` Լեւոն Ազատիչի ղեկավարած հիմնադրամին քաղաքապետարանը սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական եւ հիշատակի օրերին աջակցություն տալու նպատակով տրվել է 65 մլն դրամ, ջրային կառույցների շահագործման եւ պահպանման համար` 28 մլն դրամ, տոնական ձեւավորման համար` 19.7 մլն դրամ:
Նշենք, որ կազմակերպություններից, անհատներից ՀՀ կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների կատարելագործման, նորագույն սարքավորումներով վերազինման համար հատկացվել է 213 մլն 997 հազար դրամ: Միայն անհատներից նվիրված դրամական միջոցը կազմել է 69 մլն 923 հազար դրամ, իսկ կազմակերպություններից` ավելի քան 144 մլն դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ ո՛չ անհատների եւ ո՛չ էլ կազմակերպությունների անունները նշված չեն: Բացի այս, «Փյունիկ» հիմնադրամին «Երեւան» հիմնադրամից գույք էլ է նվիրաբերվել` 64 մլն 259 հազար դրամի չափով խաղասարքեր, մարզասարքեր եւ բնօրինակ արձան`ավելի քան 43.5 մլն դրամի չափով: Ուշագրավ է, որ հիմնադրամի գտնվելու վայրը հաշվետվության մեջ նշված է Եր. Քոչարի պողոտա, Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին է: Բայց այնտեղ, ինչպես հայտնի է, որեւէ հիմնադրամ տեղակայված չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՆ ՀԵՂԵՂՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Առատ անձրեւները Շիրակի մարզում հեղեղումների ու սելավների պատճառ են դարձել: Կարմրավան, Փոքր Մանթաշ, Ցողամարգ գյուղերն այս տարվա ընթացքում լուրջ վնասներ են կրել սելավների պատճառով: Ամենեւին վերջերս գրանցվեց Կարմրավանի դեպքը: Հորդառատ անձրեւի հետեւանքով վարարել էր Աշոցքի Կարմրավան համայնքով անցնող Ախուրյան գետը սնուցող վտակներից մեկը: Նախրապահներն ու 300-400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն մնացել էին գետակի մյուս կողմում: Միայն փրկարարների օգնությամբ էր հաջողվել մարդկանց ու կենդանիներին անվնաս տեղափոխել: Օրեր անց էլ նման դեպք էր գրանցվել Մեծ Մանթաշում: Սելավային հոսքերը վնաս էին պատճառել ցանքատարածությունների, ջրալցվել էին 10-15 բնակելի տուն, կորել էր նաեւ երկու խոշոր եղջերավոր անասուն: Ամենավերջին դեպքն էլ Ոսկեհասկում էր: Ընդամենը օրեր առաջ սելավաջրերը բարձրացել ու լցվել էին հարակից տները:
Սելավատարների վարարումների պատճառը դրանց ոչ բարեկարգ վիճակն էր: Ըստ սահմանված կարգի` սելավատարի մաքրման աշխատանքներով պետք է զբաղվեն համայնքապետերը, սակայն համայնքային բյուջեն չունի միջոցներ աշխատանքների լիակատար իրականացման համար: Զուգահեռ նաեւ ջանքեր չեն գործադրվում պահպանելու նախկինում կառուցված սելավատարները, ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Օրինակ` Հայկավան, Ողջի, Ախուրիկ եւ Ոսկեհասկ գյուղերի համար Ողջի գյուղի վարչական տարածքում կառուցվել էին սելավատարի խողովակներ: Սակայն որոշ ժամանակ անց խողովակները առանց զգուշացնելու ապամոնտաժվել էին: «Մոտ 2000 մմ տրամագծով խողովակները ապամոնտաժեցին առանց մեր գիտության: Դա մեզ համար որպես ջրատար էր ծառայում: Խողովակների ապամոնտաժումը վատ հետեւանք ունեցավ մեր գյուղերի բնակիչների համար, որովհետեւ դրանք հանողը հաստատ չի բերելու, նորից դնի: Գոնե ինչ-որ ձեւով սելավատար կառուցվի: Երբ կային այդ խողովակները, ապահով էինք, հիմա վտանգը շատ մեծ է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանը:
Սելավատարների խնդիրը Շիրակի մարզում նոր չէ: Հատկապես հայտնի են Արթիկի երկու սելավատարները, որոնք, նախորդ տարի վարարելով, լուրջ վնասներ հասցրեցին քաղաքին՝ մոտ 600 միլիոն դրամի չափով: Վարարման մեղավորների ցանկում նաեւ բնակիչներն են, որոնք սելավատարը հաճախ որպես աղբավայր են ծառայեցնում:
Այնպես որ, Շիրակի մարզում սելավատարների համակողմանի ուսումնասիրությունն ու կանխարգելիչ գործողությունների իրականացումն արդեն անհետաձգելի է:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Շիրակ




Լրահոս