ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱՓ ԵՎ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին Նկարիչների միությունում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ միության անդամների եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների մասնակցությամբ։ Ավելի վաղ՝ հունիսի 8-ին եւս իրականացվել էր նման ակցիա, սակայն այս անգամ միջոցառումն առանձնանում էր երիտասարդ նկարիչների առատությամբ։ Նրանց պահանջներն, ըստ էության, չեն փոխվել՝ միության թափանցիկ գործունեության ապահովում, նախագահության հրաժարական, միության նախկին ֆունկցիաների եւ համբավի վերականգնում, չարաշահումների բացառում, հավասար պայմաններ նկարիչների համար։ Եթե օրեր առաջ միության նախագահ Կարեն Աղամյանը բացակայում էր երկրից, ապա այս անգամ նա ներկա էր ակցիային եւ պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները։

Այսպիսով, ներկաները նախեւառաջ առաջ քաշեցին այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ պարոն Աղամյանին հաջողվել է 1998-ից մինչեւ հիմա, այսինքն՝ 20 տարի, ստանձնել միության նախագահությունը: «Ես չորրորդ անգամն եմ ընտրվել նախագահ եւ ընտրությունների ժամանակ ամեն անգամ ավելի ու ավելի շատ ձայներ եմ ստացել։ Սա նշանակում է, որ անդամների 80 տոկոսն իմ օգտին է քվեարկել»,-պատասխանեց պարոն Աղամյանը։
Քանդակագործ, իրավաբան Վահան Գալստյանը հակադարձեց. «Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի համաձայն` մինչեւ հինգ տարի ժամկետում պետք է անցկացվեր համագումար, եւ եթե դրա ընթացքում պարոն Աղամյանը դներ իր թեկնածությունը եւ ընտրվեր, այդ դեպքում միայն կարող էր միության նախագահի պաշտոնը ստանձնել»։
Սրան ի պատասխան` պարոն Աղամյանը պատասխանեց. «Ազգային ժողովի կանոնադրությամբ` մինչեւ 5 տարի ժամկետով սահմանված են նախագահության լիազորությունները։ 2017-ի կանոնադրությունը վարչությունը դեռ չի հաստատել, պետք է քննարկենք, որպեսզի ուղարկենք հաստատման։ Առաջնորդվում ենք ՀՀ-ում գործող ՀԿ-ների մասին օրենքով»։
Իսկ այն դիտարկումներին, որ միության նախագահը պարտավոր է պարբերաբար հանդես գալ ֆինանսական ու միության գործունեությանը վերաբերող հաշվետվություններով, միության նախագահը հակադարձեց. «Հաշվետվություններ, ըստ կանոնադրության, ներկայացվում են համագումարների ժամանակ։ Վերջին համագումարին, օրինակ, եղել է նման հաշվետվություն, հաջորդին եւս կլինի»։
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող, ակցիայի մասնակից Հարություն Հովսեփյանը հիշեցրեց Խորհրդային միության տարիները, երբ Նկարիչների միության անդամ դառնալը պատիվ էր, ձգտում, ինչը չի կարելի ասել ներկայի մասին։
«Նկարիչների միության անդամ կարող են դառնալ միայն մասնագիտական կրթություն ունեցողները, որոնք երեք անգամ կմասնակցեն միության կողմից կազմակերպվող ցուցահանդեսների»,-շեշտեց պարոն Աղամյանը։
Ներկաները, սակայն, իրենց դժգոհությունն արտահայտեցին այն առնչությամբ, որ միությունում ցուցահանդեսների թեմատիկան չի փոխվում, եւ դրանց մասնակցելու հնարավորություն ստանում են միայն յուրայինները. «Այդ ցուցահանդեսներին կարող է ներկայացվել մինչեւ 300 աշխատանք։ Ժյուրին ընտրում է 100-ը։ Ես չեմ ընտրում։ Իմ կամայականության հավանականությունը բացառված է։ Մեր միությունում չեն գործում քավոր-սանիկ, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքները։ Այդպիսի բան հնարավոր չէ, ոչ ոք ինձ դա թույլ չի էլ տա»,-պարզաբանեց պարոն Աղամյանը։
Նա անդրադարձավ նաեւ այն բողոքներին, որ միության դահլիճներում ցուցահանդեսների համար համապատասխան պայմաններ ապահովված չեն: «Հիմա մենք ունենք դահլիճներ,որոնք մասնագետների կարծիքով լավագույնն են տարածաշրջանում։ Վրաստանի նկարիչների միության նախագահը գալիս,նախանձով է նայում դրանց»,-ասաց պարոն Աղամյանը։
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ Նկարիչների միությունը տարիների ընթացքում կորցրել է հսկայական տարածքներ, նախագահը պատասխանեց, որ դա ապօրինի կերպով իրականացվել է միության նախկին նախագահ Պողոս Հայթայանի օրոք. «Նկարիչների միությունը նոր շենք պետք է ունենար, բայց այն վաճառվել է 20 հազար դոլարով պարսիկներին։ Եվ ոչ ոք չի բողոքել։ Ես երեք տարի շարունակ դատարաններն ընկա, բայց անզոր գտնվեցի, որովհետեւ իմ դիմաց դուրս էին եկել հսկա ուժեր։ Մեր սրճարանը վաճառվել է 700 դոլարով 1997-ին։ Հիմա ես պատրաստվում եմ որոշ հարցեր կրկին բարձրացնել եւ հետամուտ լինել, որ մեր կորուստները հետ բերենք»,-մեկնաբանեց նա։
Հ.Գ. Ի դեպ,շատերը Կարեն Աղամյանին մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման եւ միության դահլիճները իր ցուցահանդեսներով ողողելու մեջ։Հետաքրքիր է,որ դժգոհությունների այս ֆոնին հունիսի 22-ին միությունում տեղի է ունենալու Կարեն Աղամյանի ստեղծագործությունների ցուցահանդես։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԱԼԻ»

«Այսօր ես բավական հուզված եմ, տեսնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը բավական լուրջ ընթացք է բռնել. դա շատ կարեւոր բանալի է մեր հասարակության մեջ առողջ մթնոլորտ ստեղծելու համար։ Հիմա մենք այդ ամենի ականատեսն ենք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված վերջին բացահայտումներին։

Նա խոստովանեց, որ ոգեւորված է, եւ կարծիք հայտնեց, որ խոստումնալից տեմպերով առաջ ենք գնում: «Մեր հասարակության ընդհանուր մթնոլորտն է պետք փոխել։ Եթե շատերի արժեքային համակարգը խեղաթյուրվել էր, այսօր արդեն այն կվերականգնվի»,-հույս հայտնեց երգիչը։
Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի մասին ինչ կարծիքի է եղել երկու ամիս առաջ եւ ինչ կարծիքի է այսօր, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ես միշտ էլ մտածել եմ, որ Հայաստանում պետք է փոփոխություններ լինեն, միշտ էլ ասել եմ, որ մեր հույսը երիտասարդությունն է։ Փորձը ցույց տվեց, որ այդպես էլ կա։ Եթե ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ խորհրդային տարիներից մնացած մենթալիտետային խնդիրներ կան, ապա երիտասարդների շրջանում դրանք բացակայում են։ Նոր սերունդը շատ ավելի ազատ է»։
Երգիչն անդրադարձավ նաեւ մեր երկրում տարվող մշակութային քաղաքականությանը: «Այդ քաղաքականությունը ենթադրում է բարի ավանդույթների ժառանգում եւ ազգային մշակույթի պահպանման եւ հանրահռչակման հարցում նոր ուղիների որոնում»,-ասաց նա։
Պարոն Գրիգորյանի կարծիքով՝ մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցը բավական խելացի է. «Ես ճանաչում եմ նրան, գիտեմ, որ երկրում մշակութային ճիշտ ռազմավարություն իրականացնելու մեծ ցանկություն ունի։ Հիմա նա ավելի շատ հետազոտական գործերով է զբաղված, եւ յուրաքանչյուրս պետք է փորձի օգտակար լինել նախարարին՝ անկախ այն հանգամանքից՝ համակարգի ներսում աշխատում է, թե ոչ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

21 ՄԼՆ ԵՎՐՈ ԿՎԱՍՏԱԿԻ
Արդեն համաձայնեցվել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հնգամյա նոր պայմանագրի պայմանները, եւ շուտով այն կստորագրվի: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն անգլիական ակումբում տարեկան 21 մլն եվրո կվաստակի: Այս կերպ Դե Խեան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը: «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը տարեկան մոտ 15 մլն եվրո է վաստակում: Այս դիրքում հանդես եկող մյուս խաղացողները զգալիորեն ավելի քիչ են վաստակում: Հիշեցնենք, որ Դե Խեան 2011թ. է հանդես գալիս ՄՅՈւ-ում: Ավարտված մրցաշրջանում նա ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 45 հանդիպման է մասնակցել, որոնցից 22-ում գոլ բաց չի թողել:

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՄԱՐԶԵԼ
Մադրիդի «Ռեալ»-ի եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գուտին կշարունակի մարզել Արքայական ակումբի երիտասարդական թիմը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով: «Ռեալ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնից Զինեդին Զիդանի հեռանալուց հետո Գուտին համարվում էր թեկնածուներից մեկը: Սակայն պաշտոնում նշանակվեց Խուլյեն Լոպետեգին, որը դրանից հետո հեռացվեց Իսպանիայի հավաքականից: Հիշեցնենք, որ Գուտին «Ռեալ»-ում հանդես է եկել 1995-2010թթ.: Նա երիտասարդական թիմը գլխավորում է 2013թ.:




Լրահոս