Հայաստանում տարիներ շարունակ գործող համակարգը ոչ թե ներառական է եղել, այլ ուղղակի կլանիչ. Վահագն Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր ղեկավարած կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է:

«Հեղափոխությունից առաջ մենք ունեցել ենք մի տնտեսական համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտները, տնտեսական գործունեության առանձին ձեւերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, եւ սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել, այսպես ասած, համախառն ներքին արդյունքի ձեւավորման մեծ բաժինը ստեղծել: Եւ ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, եւ տնտեսական ոլորտները ու գործունեության ձեւերը պետք է լինեն հասանելի»,- հայտարարել է վարչապետը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ներառող տնտեսական համակարգի ստեղծման մասին: Արդյոք ՀՀ-ում հնարավո՞ր է հասնել դրան, եւ արդյոք այն կարդարացնի՞:

-Ընդհանրապես դա նոր մոտեցում է, բայց ոչ բոլորովին նոր, համենայնդեպս մեզ համար վերջին ժամանակներս կիրառվող եւ ներկայացող: Հիմնական իմաստն այն է, որ տնտեսության մեջ ներգրավված գործարարների հավասար հնարավորություններ են ապահովվում նոր արդյունքի ստեղծման համար: Եւ դրա հետ կապված նաեւ այդ արդյունքից օգտվողների հավասար իրավունքներ են ապահովվում: Այսինքն` այն ինչ որ մեզ մոտ եղել է, բայց այդ ամենի արդյունքում առավել արտոնյալ մարդկանց խավ է ձեւավորվել, երբ նրանք արտոնություններ են ստացել, իսկ մնացածներին սահմանափակ հնարավորություններ են տրվել:

-Այսինքն` սա վերաբերո՞ւմ է նաեւ փոքր միջին ձեռնարկատերերին…

-Իհարկե բոլորին: Այն արհեստական արտոնությունները, որոնք տրվել էին որոշ տնտեսվարողների, տրվել է ոչ թե նրա համար, որ իրենք իսկապես ձեռք էին բերել տեխնոլոգիական նորամուծությունների արդյունքում, այլ ուղղակի քաղաքական ճիշտ նպատակահարմարությունից ելնելով: Այսօրվա կառավարության տնտեսական քաղաքականությունը եւ որպես ուղենիշ հենց այդ ներառական տնտեսություն ունենալը, նշանակում է, որ բոլորին հավասար պայմաններ են տրվում: Այսօր կառավարության հիմնական խնդիրը դա ապահովելն է, ինչի համար ինքը պետք է ունենա տնտեսական նորմալ օրենսդրություն: Իսկ դրա կատարման ապահովման համար հարկավոր է անկախ դատական համակարգ եւ կոռուպցիայի բացակայություն: Այս ամեն ինչը իրար հետ հնարավորություն կտա ունենալ նորմալ տնտեսություն:

-Բայց արդյոք դա կհաջողվի՞ ներկայիս կառավարության մոտ:

-Միանշանակ, չկասկածեք: Հակառակ դեպքում ոչնչով չի տարբերվի նախորդ կառավարությունից: Եւ այս վերջին, հատկապես կոռուպցիոն կողմերը, որոնք բացահայտվում են, ապացուցում են այն, որ Հայաստանում տարիներ շարունակ գործող համակարգը ոչ թե ներառական է եղել, այլ ուղղակի կլանիչ:

-Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ եք կարծում, այս ներառող տնտեսական համակարգը ՓՄՁ-ների համար ձեռնտու տարբերակ է… Գուցե նրանք պատրա՞ստ չեն այդպես աշխատել…

-Եթե կոնկրետ ասել են ՓՄՁ-ների հետ կապված, ապա այս պայմաններում ներառական տնտեսական համակարգը նշանակում է, որ բոլորը պետք է իրենց տեղը ունենան: Այսինքն բոլորը իրենց մասնակցության հնարավորությունը կունենան: Այստեղ` մեր երկրում, առավելեւս շատ կարեւոր է փոքր եւ միջին բիզնեսի դերը, եւ կառավարության հիմնական տնտեսական շեշտադրումը` որպես զարգացման լոկոմոտիվ, պետք է դառնա հենց փոքր եւ միջին բիզնեսին աջակցությունը: Աջակցություն, ոչ թե ձեռքը բռնի ու առաջ տանի, ո՛չ, դրա կարիքը չկա, այլ աջակցություն այն առումով, որ գոնե հավասար պայմաններ ապահովվեն մրցակցային դաշտում: Քանի որ այսօր մեր փոքր եւ միջին բիզնեսը այդ հավասար մրցակցության պայմաններից դուրս է գործում եւ անընդհատ խնդիրներ է ունենում, ոչ թե այն պատճառով, որ վատ է աշխատում, հարմարվում է ստեղծվող տնտեսական պայմաններին, այլ այնքան են արտոնություններ, հնարավորություններ տվել խոշոր բիզնեսին, որ միջին բիզնեսը ուղղակի չի իմանում՝ ինքը ինչ է: Ուղղակի պետք է որոշել, թե որոնք են այդ չափանիշները, որոնք հնարավորություն կտան փոքր եւ միջին բիզնեսին աշխատելու: Նույն ձեւով հարկելը արդյոք այդ հնարավորությո՞ւնն է, թե՞ ոչ: Միանշանակ` ոչ:

– Իսկ ներառող տնտեսական համակարգի ստեղծմամբ կվերանա՞ն նաեւ տնտեսության մեջ մենաշնորհները, թե՞ ընդհակառակը:

-Իհարկե, ժամանակի ընթացքում դա կբերի մոնոպոլիաների վերացում: Բայց մի խնդիր կա, շատ կարեւոր հանգամանք, որին պետությունը կարող է մասնակցություն ունենալ` իր տնտեսական գործիքները օգտագործելով: Խոսքը առեւտրի բնագավառի մասին է, որտեղ ամեն ինչ արհեստական ձեւով է արվել, որպեսզի մենաշնորհային առեւտրային համակարգ ունենանք: Այսինքն` խոշոր առեւտրային ընկերությունները օգտվել են, որ խոշոր ներկրողներն են, մեծածախ առեւտուր անողներ են, եւ փոքր բիզնեսին այդ բնագավառում զարգացման հնարավորություն չեն տալիս: Զուտ հարկային քաղաքականության միջոցով կարող են նորից այդ մենաշնորհը վերացնել:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս