Արարատ Միրզոյանի այցն ԱՄՆ. փոթորիկ մեկ բաժակ ջրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս համացանցը փոթորկվեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի` ԱՄՆ կատարած այցելության վերաբերյալ բուռն քննարկումներով: Դրանք հանգեցին փոխադարձ վիրավորանքների` այդպես էլ բաց թողնելով այցի քաղաքական կողմը: Թեպետ որոշ փորձեր եղան խնդիրը քաղաքական հարթության մեջ դիտարկելու, սակայն դրանք մնացին քարոզչական պատվերի տրամաբանության շրջանակներում` առավել մեծ խաղի միտումներ դրսեւորելով:

Առաջին փոխվարչապետի այցն ԱՄՆ քաղաքականպես, թվում է, թույլ էր` հաշվի առնելով ԱՄՆ գործադիր եւ օրենսդիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ հանդիպումների բացակայությունը: Սակայն դիտավորությամբ մոռացության մատնվեց, որ Միրզոյանը ԱՄՆ-ում չէր գտնվում պաշտոնական կամ աշխատանքային այցով: Քննադատությունների տարափում, սակայն, սա մոռացվեց` շեշտելով, որ Միրզոյանը հանդիպել էր միայն դեմոկրատ կոնգրեսմենների հետ, որոնք էլ իրենց հերթին «թշնամի» են նախագահ Թրամփին: Սա ծիծաղելի փաստարկ էր, քանի որ պետության արտաքին շահերի սպասարկման ոլորտում ԱՄՆ-ում հանրապետական-դեմոկրատ բաժանում գոյություն չունի:

Չի կարող պատահել, որ մեկ այլ պետության բարձրագույն ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ օրենսդիր ներկայացուցիչները ցույց տան նախագահի հետ ունեցած իրենց հակասությունները եւ դրանով պայմանավորեն հյուրերի հետ իրենց պաշտոնական խոսակցությունը: Հիշենք, օրինակ, որ մի շարք հանրապետականները ժամանակին քվեարկում էին դեմոկրատ նախագահ Օբամայի` Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի օգտին, իսկ Իրաքի պատերազմի օրերին հանրապետական նախագահ Բուշի քաղաքականությունն էին պաշտպանում բազմաթիվ դեմոկրատներ, այդ թվում Հիլարի Քլինթոնը: Այնպես որ, արտաքին քաղաքականության գործնական դաշտում ԱՄՆ-ում հանրապետական-դեմոկրատ բաժանում չկա, եւ դա առավել եւս չի կարող անդրադառնալ Սպիտակ տանը կամ Կոնգրեսում հյուրընկալվող օտարերկյա պատվիրակությունների հետ հանդիպումների վրա:

Ա. Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ առիթ տվեց նաեւ հրապարակավ խայծ նետելու, թե իբր առաջին փոխվարչապետի այցը անհամարժեք էր իր պաշտոնեական կարգավիճակին: Նկատի էր առնվում այն հանգամանքը, որ Արարատ Միրզոյանը ՀՀ առաջին փոխվարչապետն է, այլ կերպ ասած` ՀՀ գործադիր իշխանության երկրորդ դեմքը, ուստի նա պետք է հանդիպեր ԱՄՆ գործադիր իշխանության երկրորդ դեմքին` ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին: Զարմանալի չէր լինի, եթե այսպիսի կարծիք արտահայտեր միջպետական հարաբերություններից անտեղյակ, ԱՄՆ-ի միջազգային դերակատարությանն անծանոթ քաղաքացին, ինչը, սակայն, անթույլատրելի է վերլուծաբանների կամ նույնիսկ ինքնահռչակ ամերիկագետների համար: Խնդիրն այն է, որ ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի մակարդակով առանձին ընդունելություններ են կազմակերպվում խոշոր կամ ԱՄՆ առաջնահերթություններում գտնվող պետությունների ղեկավարների համար, իսկ մյուս երկրների ղեկավարների հետ քննարկումները գերազանցապես կազմակերպվում են պետքարտուղարի կամ նրա տեղակալների ու օգնականների մակարդակով:

Օրինակ` Ուկրաինայի նախագահ Պեոտր Պորոշենկոն, երբ ամիսներ առաջ աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ, զուտ 20-րոպեանոց արարողակարգային հանդիպում ունեցավ նախագահ Թրամփի հետ, իսկ հիմնական բանակցությունները վարում էր փոխնախագահ Փենսի հետ: Վերոնշյալ տրամաբանությամբ Պորոշենկոյին պարզապես նվաստացրել են ԱՄՆ-ում` ստիպելով հիմնական հարցերը քննարկել փոխնախագահի հետ: Ավելին` ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությունից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հեռախոսազույց ունեցավ ոչ թե նախագահի, այլ փոխնախագահ ընտրված Փենսի հետ, մինչդեռ Իլհամ Ալիեւը զրուցել էր անձամբ Թրամփի հետ: Կարծեք թե այն ժամանակ ուղղորդված մամուլն ու վերլուծաբանները առավել կարեւորեցին Սարգսյանի` Փենսի հետ ունեցած զրույցը` մոռանալով, որ նախագահի կարգավիճակը նրան չպետք է թույլ տար հարցեր քննարկել փոխնախագահի հետ: Բայց անգամ Սարգսյանի պարագայում սա անհեթեթություն է դիտվում, որովհետեւ ԱՄՆ գործադիր իշխանության ներսում գրեթե միշտ էլ աշխատանքի բաժանում է տեղի ունենում, եւ այս անգամ թերեւս փոխնախագահի լիազորությունների շրջանակներում է հետխորհրդային տարածաշրջանի եւ Մերձավոր Արեւելքի փոքր պետությունների հետ քաղաքականության համակարգումն ու մշակումը:

Երրորդ «փաստարկն» էլ վերաբերում էր ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների մակարդակի իջեցմանը: Նկատի առնելով, որ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ-ն արտաքին հարաբերություններում ներկայացնելու մանդատ չունենալով հանդերձ մոտ մեկ ամիս առաջ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին` ապա Միրզոյանը, որպես գործադիրի 2-րդ դեմք, չպետք է հանդիպեր Փոմփեոյից ցածր պաշտոնեական կարգավիճակ ունեցող անձանց հետ: Նախ այդ տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում աշխարհում նախագահների ու արտգործնախարարների հանդիպումներ չպետք է տեղի ունենան այն պահից ի վեր, երբ այդ երկրների նախագահները որեւէ տեղ զրույց են ունենում միմյանց հետ: Իսկ ինչ վերաբերում է Սարգսյան-Փոմփեո հանդիպմանը, ապա այն հաստատապես չի կայացել առաջինի` ՀՀ նախագահ լինելու հանգամանքով պայմանավորված: Նախ, հանդիպումը եղել է քաղաքավարական բնույթի, որտեղ չէր կարող ռեալ քաղաքականություն քննարկվել, ապա Արմեն Սարգսյանը միջազգային հրաշալի կապեր ունի, որոնց անխուսափելի գործադրմամբ է համաշխարհային այս խառնաշփոթի պայմաններում հաջողեցրել հանդիպել Փոմփեոյին:

Սարգսյանը, ի դեպ, հազիվ թե ԱՄՆ պետքարտուղարին հանդիպելու մեծ ջանքեր գործադրեր առանց Հայաստանում համապատասխան քարոզչական ֆոն ապահովելու մտադրության: Վերջինն էլ նախերգանքն է քաղաքական հավակնություններով հանդես գալու եւ հեղափոխական կառավարությանն այլընտրանք դառնալու մի մեծ խաղի, որը պոտենցիալ ունի ծավալվելու Հայաստանում: Եվ ահա հարվածելով Նիկոլ Փաշինյանի ամենամոտ անձին ու նրան բացասական լույսի ներք հակադրելով Արմեն Սարգսյանի հետ` վերջինիս քաղաքականպես գործոն դարձնելու հստակ միտումներ են նկատվում: Այնպես որ, խնդիրը ոչ թե Արարատ Միրզոյանի այցը սեւացնելն էր, այլ այն Արմեն Սարգսյանի այցին հակադրելը վերջինիս քաղաքականապես ավելի «հասուն» գործիչ ներկայացնելու հստակ նպատակով:

Ն. Հովսեփյան




Լրահոս