Յուրի Խաչատուրովը չի կարող օգտվել դիվանագիտական անձեռնմխելիությունից. ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար հանդիսացող Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակն իրոք առանձնահատուկ է: Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում է Հայաստանում 2008 թվականի Մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելուն մասնակցելու համար: Սկզբում նրա նկատմամբ որպես խափանման միջոց նախատեսված էր ընտրել կալանքը, բայց Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Իհարկե, այն ժամանակ Յուրի Խաչատուրովը եղել է հայկական բանակի բարձրաստիճան գեներալ, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դարձել է 2017 թվականին: Ու նաեւ որպեսզի ՀԱՊԿ-ի հեղինակությանը վնաս չլինի, Խաչատուրովը միանգամից չկալանավորվեց, եւ նրան մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո ՀՀ-ն նախաձեռնեց նրան հետ կանչելու գործընթաց:

«Հաշվի առնելով, որ խոսքը գնում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին, եւ մեծ կարեւորություն տալով Կազմակերպության հեղինակության եւ անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը՝ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց», – ասվել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքում։ Սակայն ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը նշել էր, թե «Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում ՀՀ ԱԳՆ-ի՝ Խաչատուրովին վերոհիշյալ պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հայտարարությունը» : «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Տիգրան Բալայանից հասկանալ` ինչպես են վերաբերում ռուսական լրատվամիջոցի կողմից արձագանքերին, սակայն վերջինս նշեց, թե ինքը չի մեկնաբանում անանուն աղբյուրների տեղեկատվությունը` խորհուրդ տալով կրկին ընթերցել իր մեկնաբանությունը:

Թե ում կառաջադրի հայկական կողմը, պարզ չէ: Ամեն դեպքում Խաչատուրովի հետ կապված պատմությունն առանձնահատուկ է, որովհետեւ նա, ի վերջո, դիվանագիտական ծառայության մեջ է ու Հայաստանը ներկայացնում է ՀԱՊԿ-ում, որը մեր երկրի համար համարվում է ռազմավարական կարեւորություն ունեցող ռազմաքաղաքական բլոկ։ Շատերը մտավախություն են հայտնում, թե Խաչատուրովին քրեական հետապնդման ենթարկելով՝ Հայաստանի կառավարությունը խաղում է մեր երկրի միջազգային վարկի, ՀԱՊԿ-ի հեղինակության հետ։ Սակայն կա նաեւ այն տեսակետը, որ պաշտոնական Երեւանն անում է առավելագույնը, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները ձերբազատվի կրիմինալ շերտից։ Մանավանդ, որ Խաչատուրովը չի օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությունից: Ըստ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 4-րդ կետի` դիվանագիտական գործակալը օգտվում է անձեռնմխելիությունից միայն ընդունող երկրի տարածքում եւ ըստ այդմ` նա անձեռնմխելի չէ ուղարկող երկրի համար:

Եվ մինչ Հայաստանը սկսել է նրան հետ կանչելու գործընթաց, հետադարձ հայացք գցենք հասկանալու համար, թե, ի վերջո, որքան բարդ ստացվեց ՀԱՊԿ քարտուղարությունը ստանձնելը: Մասնավորապես, ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվեր դեռեւս 2016թ. հոկտեմբերին՝ Երեւանում կայացած գագաթնաժողովի ժամանակ, սակայն այն ժամանակ այդ հարցը հետաձգվել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի բացակայության պատճառով:

Հարցի քննարկումը տեղի չէր ունեցել նաեւ դեկտեմբերի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ Խորհրդի նիստի ժամանակ, այս անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով: Եվ միայն 2017 թվականի ապրիլին ստացվեց ստանձնել այդ պաշտոնը:  Ընդ որում` մինչ այդ էլ տարբեր անուններ էին շրջանառվում` Սեյրան Օհանյան, Վաղարշակ Հարությունյան, սակայն ընտրությունը կանգ առավ հենց Խաչատուրովի վրա:

Ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հրապարակվում, թե ՀԱՊԿ խորհրդի նիստում գագաթնաժողովի մասնակիցները հրաժարվել են Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար դարձնելու մտադրությունից` այդ քայլը մեկնաբանելով, թե այսպիսի նշանակումը ներկա պահին կարող է ընկալվել որպես ալյանսի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները սրելու ցանկություն, ինչը անդամ երկրները չեն ցանկանում։ Եվ ահա, երկար քննարկումներից հետո որոշվեց Խաչատուրովին նշանակել այդ պաշտոնում:

Եվ հիմա այս իրադարձություններն անմիջապես ազդեցություն են ունենում նաեւ միջազգային կառույցում մեր ներկայացուցչի վրա, սակայն հուսադրողն այն է, որ ամեն դեպքում մինչ 2020 թվականը Հայաստանն է նախագահելու այդ կառույցում, այսինքն ընդամենը ներկայացուցիչ է պետք փոխել, այլ ոչ թե քարտուղարի պաշտոնը փոխանցել այլ երկրի: Չնայած, այս առումով չի բացառվում ցանկացած շրջադարձ, առավել եւս, երբ հայկական կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի անուն չի շրջանառվում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս