Օգոստոսի 18-ին եւ 19-ին Շիրակի մարզի մի շարք համայնքներում կարկուտը մեծ ավերածություններ է գործել: Սառնաղբյուր, Լանջիկ, Ազատան, Ախուրյան, Վահրամաբերդ, Մարմաշեն համայնքները ենթարկվել են կարկտահարության: Գյուղացիների պնդմամբ` այս տարին կարկտահարության առատությամբ աննախադեպ էր: Գյուղացիները չեն էլ հիշում` վերջին 10 տարվա ընթացքում երբ էր նման տեւողությամբ եւ հաճախականությամբ կարկուտ տեղացել: Շիրակի մարզում 20 օրից բերքահավաքն էր մեկնարկելու, բայց բուսականությունը, ըստ գյուղաբնակների, «դեռ աշխատելու տեղ ուներ»: «Այս տարի որոշեցինք ավելի շատ կաղամբ ու կարտոֆիլ ցանել: Հույս ունեինք` բերքը կվաճառենք ու ձմռանը կնախապատրաստվեինք: Մեր հույսերը ջուրը լցվեցին: Ընդամենը մի քանի վայրկյան, ու գյուղացին այլեւս ոչինչ չունի»,- ասում է Սառնաղբյուրի բնակիչներից մեկը:
Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրն արդեն երրորդ անգամն է կարկտահարվում: Վնասված են բոլոր բանջարաբոստանային կուլտուրաները: Գյուղի վարչական ղեկավար Գեւորգ Աճեմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ բնակիչներին առավել հուսահատեցրել է այն, որ գյուղացին չէր հասցրել տուն բերել հացահատիկը. «Մոտ 20 հա հացահատիկ մնաց դաշտերում: Դա է առավել խնդրահարույց: Այժմ գյուղում հատուկ հանձնաժողովն է աշխատում: Հաշվարկում ենք` ով ինչքան վնաս է կրել: 10 ահազանգ էլ ունենք, որ տներ են վնասվել՝ պատուհաններ ու կտուրներ: Մենք կներկայացնենք Շիրակի մարզպետարան: Թե ինչ արձագանք կլինի, չեմ կարող ասել: Բայց այն որ գյուղացին այսօր այլեւս այլ ելքեր չունի, հստակ է»,-ասաց վարչական ղեկավար Գեւորգ Աճեմյանը:
Գյուղացիները վար ու ցանք կատարել են վարկերի միջոցով: Հիմա ինչպես է փակելու վարկերը, չգիտի. «Ամեն օր ապահովագրությունից են խոսում: Թող գան, ապահովագրեն, որ գոնե իմանանք` ինչ-որ փոխհատուցում կլինի: Մենք որեւէ մեկին այլեւս չենք վստահում: Ամեն տարի էլ գալիս, գրում ու գնում են: Փոխհատուցում գյուղացին երբեւէ չի տեսել»,- ասում է Անի համայնքի բնակիչներից մեկը:
Շիրակի մարզում լուծված չէ հակակարկտային կայանների խնդիրը: Գյուղացիները շատ են լսել հակակարկտային ընդհանուր ցանցի կառուցման մասին ծրագրերը՝ տարբեր նախարարների ներկայացմամբ: Սակայն Շիրակի մարզում ծրագիրը խոսքից գործի այդպես էլ չվերածվեց:
Այժմ Շիրակում վնասներն են հաշարկում: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունից էլ հայտնեցին` 10-ից ավելի համայնքում վնասի չափը հասնում է 100 տոկոսի: Հստակ թվեր առաջիկայում կներկայացվեն: Գյուղացին էլ փոխհատուցման ակնկալիքով ստիպված է սպասել:
Շուշանիկ Օհանյան
Գյումրի