Իմ իմացած հեքիաթներում վիշապը երեք գլուխ ունի, սրանցը 67-ն է. Լալա Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին սկանդալային նախագիծը: Քվեարկությանը հետեւեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը ժողովրդին՝ շարժվել դեպի Ազգային ժողով: Ընդամենը մեկ ժամից խորհրդարանի շենքը շրջափակված էր: Այնուհետեւ Փաշինյանը բանակցեց խորհրդարանական ուժերի հետ, ինչից հետո հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբեր ամսին: Նա հայտնեց, որ վարչապետի պաշտոնից հրաժարական է տալու առաջիկա օրերին, բայց պետք է ԱԺ խմբակցությունները գիտակցեն, որ եթե այլ անձի ընտրեն վարչապետի պաշտոնում, ապա դա ժողովրդի մոտ կարող է վատ արձագանք առաջացնել: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հետ:

-Տիկի՛ն Մնացականյան, ի՞նչ տպավորություն ունեք հոկտեմբերի 2-ի իրադարձություններից:

-Կարծում եմ՝ այդ 67 հոգին բեմադրություն ցույց տվեցին, բայց ռեժիսորը շատ վատն էր: Նրանք մտածում էին, որ առջեւում «Ֆրանկոֆոնիա»-ն է, Հայաստան են գալու մեծ թվով արտասահմանցիներ, եւ լավ պահ էր Հայաստանի վարկանիշը գցելու համար: Այդ հաշվարկով ուզում էին մեկ անգամ եւս կաթսան խառնել: Շատերն են դա գլխի ընկել: Բայց դա տգեղ, անմակարդակ քայլ էր, կներեք, կապիկություն արեցին: Իմ իմացած հեքիաթներում վիշապը երեք գլուխ ունի, սրանցը 67-ն է: Այս ի՞նչ վիշապ է, կտրում ես, կտրում ես, նոր գլուխ է բուսնում: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն այս պահին ինչ է մտածում, բայց նրա քայլերի, մտադրության վերաբերյալ ունեմ իմ վերսիան, որը չեմ բարձրաձայնի:

Համենայն դեպս, մեր վարչապետը ազնիվ է եւ խելացի: Իսկ ազնիվ մարդը խաբելու բան չունի, սողոսկելու ձգտում չունի: Նրա թիկունքին ժողովուրդն է կանգնած, իմաստուն չլինելու իրավունք չունի: Նիկոլ Փաշինյանն արդեն ժողովրդի իմաստության կրողն է: Չեմ կարծում, որ նա ժողովրդին երբեւէ կտանի առճակատման, սթրեսի, որ նա կանի քայլեր, որոնցից ժողովուրդը կտուժի, թեեւ այդ 67 հոգին հրահրում են, որ այդպես էլ լինի: Ես չեմ կասկածում՝ նրանք մի կաթիլ ազնվություն անգամ չունեն: Եվ բնական է, որ այդ մարդիկ ուզում են մինչեւ վերջ պայքարել. ախր այնքան թաքցնելու բան ունեն, որ համաձայն են անգամ մեռնել, միայն թե իրենց արածները չբացահայտվեն:

-Շատ քաղաքագետներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ռիսկային են համարում՝ զգուշացնելով, որ այդպիսով վտանգի տակ է դրվում հեղափոխությունը, ժողովրդի հաղթանակը: Դուք ի՞նչ կասեք:

-Էլի եմ ասում՝ չեմ կարծում, թե Փաշինյանը ռիսկային քայլի կգնա: Մի առիթով նա ասել էր, որ աշխարհի ոչ մի գանձ մարդկային վստահության գինը չունի: Այդ մարդը բոլորովին այլ հարթության վրա է գտնվում: Նա վտանգի տակ չի դնի մեր հաղթանակը:

-Հիմա ինչի՞ սպասի ժողովուրդը, ո՞րը պետք է լինի նրա անելիքը:

-Ժողովուրդն այս վիշապների կործանումը դեռ չի տեսել, սպասում է, թե երբ են հրեշին վերջնականապես գլխատելու: Ինձ նույնիսկ արտասահմանից են պարբերաբար զանգում, բավական հուզված ասում են, որ տեղները չեն գտնում այս նյարդային իրավիճակից: Մի՞թե այդ 67 հոգին ավելի ուժեղ են, քան բարիկադի մյուս կողմում կանգնած ժողովուրդը: Ինչու՞ ենք երբեւէ որոշել նրանց տալ այդ առավելությունը, եթե կարելի է հանգիստ լուծարել խորհրդարանը: Այս խորհրդարանը չի վայելելու ժողովրդի սերը, մարդիկ խորշում են այդ 67 հոգուց, շատ քիչ տոկոս կա, որ մարդիկ կցանկանան՝ այնտեղ լինի: Նրանք բառացիորեն մարդկային դեմք չունեցող կերպարանքներ են, ազգություն էլ չունեն: Նրանց երբեմն թուրք են անվանում, բայց նույնիսկ թուրքը մեր ազգի հետ այսպես չէր վարվի: Այնպես որ, հարկավոր է լինել միասնական առավել, քան երբեւէ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս