Իրավապահ համակարգում ներքին խմորումներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգում ներքին խմորումներ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննություն իրականացնող մարմինը տարբեր քրեական գործերով չի կարողանում համաձայնության գալ վերահսկող դատախազների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազությունը գրեթե բոլոր նախաքննական մարմիների հետ խնդիրներ ունի: Բանն այն է, որ Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հայտնվել են խնդրի առաջ:

Մի շարք փաստաբաններ, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, հայտնեցին, որ դատարաններ միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների մասով, սակայն քննիչնները չեն ներկայանում դատարան` պատճառաբանելով, թե շատ զբաղված են: Արդյունքում իրենց պաշտպանյալները շարունակում են ամիսներով մնալ կալանքի տակ:

Իսկ արդյոք քննիչները զբաղվա՞ծ են, թե՞ այլ խնդիր կա: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրականում քննիչների վարույթում հսկայական գործեր են ավելացել: Միաժամանակ, քննիչները քրեական գործերը վերահսկող դատախազների հետ քրեական գործերով անհամաձայնություն ունեն, եւ որպեսզի երկու ուժային կառույցները իրենց ներքին խմորումները ի ցույց չդնեն փաստաբանների մոտ, առաջ են քաշում զբաղվածության հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազությունը նախաքննական մարմինների հետ խնդիրներ ունի: Բանն այն է, որ քննիչները գործը վերահսկող դատախազներին այդքան էլ չեն վստահում, եւ այդ մթնոլորտը բերում նրան, որ այս օրերին մի շարք քրեական գործերով դատարաններ ներկայացվող միջնորդությունների ու քննչական գործողությունների ընթացքը կասեցվել է: Ի պատասխան մեր հարցման` հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Նմանատիպ խնդիրների, քննիչների կողմից դատախազներին չվստահելու մասին խոսակցությունները ծիծաղելի են: Դատախազության եւ նախաքննության մարմինների մեջ բնականոն աշխատանքային հարաբերություններ են:

Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանել է դատավարական գործընթացի ցանկացած փուլում, ցանկացած իրավիճակում դատավարության մասնակիցներից, քրեական հետապնդման մարմիններից յուրաքանչյուրի իրավասություններն ու անելիքները: Նման անհեթեթությունների հանրայնացումը ոչ այլ ինչ է, քան այդ կառույցների միջեւ եւ հատկապես Դատախազության հանդեպ անվստահություն սերմանելու անհաջող փորձ»:

Քնար Մանուկյան




Լրահոս