ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ 180 ՄԼՆ ՊԱՐՏՔ Է ԿՈՒՏԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանի հետ:

-Տիկի՛ն Ստեփանյան, կարո՞ղ եք ասել` ինչ ժառանգություն եք ստացել ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանից:
-Ժառանգությունը նախանձելիներից չէր: Ստացա 180 մլն դրամից ավելի պարտք, քայքայված ավտոպարկ, ոչ բարեհաճ վերաբերմունք նախորդ համայնքապետի աշխատակազմի կողմից, ինչպես նաեւ մի շատ հետաքրքիր նվեր, որ նախորդ համայնքապետը թողել էր ինձ: Խոսքը այս ոգելից խմիչքի մասին է:
-Նկատում ենք, որ տարայի մեջ օձ է:


-Այո, շատ հետաքրքիր եւ էկզոտիկ խմիչք է: Նախկինում ես չեմ տեսել այսպիսի խմիչք: Կդժվարանամ ասել, թե որ նշանակալի ձեռքբերումն է նա փորձել նշել:
-Չարաշահումներ հայտնաբերե՞լ եք:
-Անկեղծ ասած, ինձ համար զարմանալի էր, որ Հրազդանի բյուջեն, որ շատ չէ, բայց քիչ էլ չէ, բայց, ամեն դեպքում, 180 մլն դրամ պարտք է կուտակվել: Ասեմ, որ շատ հարցերի տրվել է տնավարի, մակերեսային մոտեցում: Նշեմ, որ նախորդ շաբաթ ավարտվեց անկախ աուդիտի գործունեությունը ընդամենը մեկ՝ հարկային բաժնի աշխատանքների ուսումնասիրությամբ: 2015-2018-ն ընկած ժամանակահատվածի գործունեությունն է ուսումնասիրվել: Բոլորը հին կադրեր էին, որեւէ մեկը աշխատանքից չի հեռացվել: Ընդամենը 2.3 տարվա ընթացքում 138 մլն դրամի չարաշահում է հայտնաբերել: Գրությունով արդեն ուղարկել ենք մարզպետարան, այնտեղից էլ՝ Տարածքային կառավարման նախարարություն: Օրենքով սահմանված կարգող խնդիրը լուծում կստանա: Ես իրավական գնահատական չեմ տա, բայց բարոյական, քաղաքական գնահատական պիտի տա ժողովուրդը, Հրազդանի բնակիչները: Ինչո՞ւ է հատկանշական մոտ 140 մլն դրամ չարաշահումը: Եթե 2004 թվականից որոշ պարտքերի առումով մինչ այսօր ունենք 180 մլն դրամ եւ ավելի պարտք, ընդամենը 2.5 տարում հարկային բաժնից հափշտակվել է 140 մլն դրամ: Վստահ եմ, որ քրգործ հարուցվի, թիվը կմեծանա, քանի որ դրանում ընդգրկված չէ մեքենաների զրոյացման հետ կապված ինֆորմացիան վերջնական: Ինձ համար բավականին զարմանալի էր, որ հուլիսի 2-ից նախկին համայնքի ղեկավարը իր լիազորությունները վայր դնելուց հետո մոտ 30 որոշումներ է կայացրել` հողհատկացումներ, աշխատանքի նշանակումներ, ազատումներ եւ այլն: Նա իրավունք չուներ լիազորությունների ավարտից հետո կնիքը եւ ստորագրությունը օգտագործել: Բացի այդ, մենք «ասֆալտի գործով» ունենք 20 մլն դրամի պարտք «Մավշին» ընկերությանը, որի առիթով եւս ունենք հարուցված քրգործ, քանի որ համայնքի ղեկավարը պետք է վճարի մի բանի համար, որ չի արվել կամ ամբողջությամբ չի արվել: Հրազդանի քաղաքապետը չունի ո՛չ իրավաբան, ո՛չ իրավական բաժին: Թերեւս իրավաբանի բացակայությունն է եղել, որ Հրազդանի համայնքի ղեկավարի կողմից կնքված փաստաթղթերը լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Բացի այդ, զբոսայգին, հասարակական նշանակության շատ տարածքներ 99 տարով տրվել են տարբեր մարդկանց վարձակալությամբ, բայց ոչ մի գումար չի մուտքագրվել բյուջե:
-Ո՞ւմ հետ են կնքել այդ պայմանագրերը:
-Անուններ հնչեցնելը այս պարագայում կարեւոր չէ: Նախկին քաղաքապետի հետ կապ ունեցող մարդկանց մասին է խոսքը: Մենք բոլորին ծանուցումներ ենք ուղարկել, որ գումարները վճարեն, եւ մեր բյուջեն հարստացնենք:
-Ի՞նչ ձեռքբերում ունեցաք այս կարճ ժամանակահատվածում:
-Ամենամեծ ձեռքբերումը Հրազդանի երիտասարդական թաղամասի կոյուղագծերի հետ կապված խնդրի լուծումն էր Կառավարության հետ համատեղ: Մյուսը, որ իմ համար բավականին զարմանալի է, 21-րդ դարում այնտեղ դույլերով ջուր են կրում: Առաջիկայում այդ հարցն էլ կլուծվի, քանի որ ընդգրկված է Կառավարության հրատապ ծրագրերի մեջ: Քաղաքացիների կյանքի որակի վրա անմիջական ազդեցություն կունենա նաեւ մեր մյուս ծրագիրը, որ քաղաքն ունենա բոլորովին նոր աղբատար մեքենա:
-Իսկ դուք ի՞նչ ժառանգություն եք տալու Հրազդանի նորընտիր քաղաքապետին:
-Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի նոր քաղաքապետը չունենա այն խնդիրները, որոնք ես ունեցել եմ: 2.5 ամսվա ընթացքում ես որեւէ նոր պարտավորվածություն չեմ բերել Հրազդանի համայնքապետարանի բյուջեի վրա: Համագործակցելով խոշոր տնտեսվարող սուբյեկտների հետ` կարողացել ենք մանկապարտեզների, երաժշտական դպրոցների, գրադարանների տանիքները վերանորոգել: Լավ համագործակցության հիմքեր ենք դրել զբաղվածության կենտրոնի հետ: Կարողացել ենք 2 զբոսայգի բացել Հրազդանում: Շուրջ ամիս ու կես` շաբաթ եւ կիրակի օրերին, համերգային ծրագրեր ենք իրականացրել: Մեծ էկրան ունենք, որ գեղեցիկ երաժշտություն ունենանք:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել վաղը ArmLur.am լրատվական կայքում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԱԶԱՏԱՄՈՒՏՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտում համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել: Սեպտեմբերի 28-ին եւ հոկտեմբերի 1-ին ցույցեր եւ դպրոցում դասադուլներ են եղել: 1949թ. ծնված Ժ. Մարտիրոսյանը 2008 թվականից Ազատամուտ համայնքի ղեկավարն է, նա վերընտրվել է 2016թ. սեպտեմբերի 18-ին: Նա սկզբում եղել է ԲՀԿ անդամ, հետո դարձել ՀՀԿ անդամ: Հոկտեմբերի 1-ի հանրահավաքում ելույթ է ունեցել Ազատամուտի դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանը, ով հայտարարել է, որ դասերը չեն կայացել աշակերտների ծնողների կամքով` նշելով համայնքում առկա վախի մթնոլորտի մասին: Վերջերս Ժորա Մարտիրոսյանի թոռան եւ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներից մեկի միջեւ թունդ վեճ է տեղի ունեցել: Հանրահավաքում ելույթ ունեցողներն ասել են, որ Ժ. Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով համայնքի 940 բնակիչ ստորագրել է: Ժ. Մարտիրոսյանը չի ընդունում իր հրաժարականի պահանջը` ասելով, որ ինքը ընտրվել է ազատամուտցիների կողմից եւ պետք է ղեկավարի մինչեւ իր պաշտոնավարման ժամանակաշրջանի ավարտը: Նա ճիշտ չի համարում, որ աշակերտներին ներառել են իր հրաժարականի պահանջով հանրահավաքներին: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ինքը եղել է Ազատամուտում, փորձել է խնդիրը լուծել օրինական ճանապարհով: Մարզպետի եւ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանի ներկայությամբ բողոքավոր ազատամուտցիները իրենց պահանջներն են ներկայացրել Ժ. Մարտիրոսյանին: Վեճն անցնել է փոխադարձ մեղադրանքների բավական լարված մթնոլորտում: Ոստիկանության սպաները միջամտել են, որ թունդ վիճաբանությունը կռվի չվերածվի: Ներկաներից մեկը` Ազատամուտի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչը, հայտարարել է, որ 2 տարի առաջ` համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ, Ժ. Մարտիրոսյանը եւ նրա տեղակալը եկել են իր տուն, ընտրելու համար կաշառք առաջարկել, սակայն ինքը մերժել է: Ժ. Մարտիրոսյանը եւ նրա տեղակալը չեն ընդունել այդ մեղադրանքը: Հանդիպման ժամանակ մարզպետ Վ. Ղալումյանը Ժ. Մարտիրոսյանի հրաժարականը պահանջող ազատամուտցիներին հայտնել է, որ նրանք կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացավ, որ այդ վարչությունում քրեական գործ է քննվում, որում միավորվել են մի քանի քրեական գործեր՝ սպանության սպառնալիքի, գույքի դիտավորյալ վնասման հոդվածներով: Այդ դեպքերը կատարվել են 2 ամիս առաջ: Սույն գործով մեղադրվում են Ժորա Մարտիրոսյանի որդիները եւ Ազատամուտի մի բնակիչ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԱՐԿ` ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ կառավարությունը «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շարունակության նոր փուլի վերաբերյալ որոշում է կայացրել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով` այս որոշմամբ երիտասարդ ընտանիքները կարող են արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել: Ավելին` եթե նախկինում երիտասարդ էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների առավելագույն տարիքը 65-ն էր, ապա այն հիմա դարձել է 70: Ըստ վարչապետի` երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն` ոչ նորակառույց շենքից բնակարան ձեռք բերել հետեւյալ պայմաններով` Երեւանում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կլինի առավելագույնը 7,5 տոկոս, մարզերում` 5,5 տոկոս:

«Ընդ որում, խոսքն առավելագույն տոկոսի մասին է, որովհետեւ որոշակի բանկային մրցակցության պայմաններում այդ տոկոսներն ավելի ցածր կարող են լինել: Ես խոսել եմ կենտրոնական բանկի նախագահի հետ եւ նա ասաց, որ արդեն կան բանկեր, որ ավելի ցածր տոկոսով վարկեր կտան»,-հայտարարել է Փաշինյանը:
Հաջորդ կարեւոր փոփոխությունը, որը վարչապետը շտապեց հայտնել, այն է, որ եթե նախկինում պահանջվում է կանխավճար բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով, հիմա այն կարող է լինել 10 տոկոս, եթե առկա է երկրորդ գույքի գրավ, կամ բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով ապահովագրություն. «Այսինքն` հնարավոր է, որ երիտասարդ ընտանիքը բնակարան է ձեռք բերում եւ ծնողներից մեկի բնակարանը գրավ են դնում, երբ կփակեն վարկը, բնակարանը գրավից դուրս կգա»: Իսկ նորակառույց բնակարանների համար վարկի մարման ժամկետը կկազմի 30 տարի, իսկ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում ժամկետը կլինի 20 տարի:
Վարչապետը փոխանցեց նաեւ, որ այս ծրագրով բնակարան ձեռք բերող քաղաքացիները հետ կստանան իրենց եկամտահարկը: Այսինքն` նրանց համար շատ դեպքերում կգործեն անտոկոս վարկեր, այսինքն 30 տարով անտոկոս վարկ: «Ես կարծում եմ` սա շատ լավ հնարավորություն է: Ես հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնք միջինից բարձր վճարվող աշխատանք ունեն, այս հնարավորությունից կօգտվեն»,-հույս հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Բայց որոշման այս նախագիծը պաշտոնապես հայտնի կդառնա կառավարության առաջիկա նիստերից մեկում: Թե երբ կարող են երիտասարդները արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել, դեռեւս հայտնի չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս