Տարիներ անց նույն սցենարը. հայկական ատոմակայանում կոռուպցիոն սխեման վաղուց էր մշակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախկին իշխանությունների ստեղծած ամենաթողության հետեւանքները թավշյա հեղափոխությունից հետո դեռեւս շարունակվում են երեւան գալ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին հերթական հաղորդագրությունը տարածեց: Կիզակետում այս անգամ հայկական ատոմակայանն էր:

Այսպես, ըստ ԱԱԾ հայտարարության` «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջեւ վերավաճառքի ձեւական գործարքներ են ձեւակերպել եւ ապրանքների իրական գներն ուռճացրել: Արդյունքում ատոմակայանի առաջին դասի անվտանգության սարքավորում համարվող ընդամենը շուրջ 7 մլն դրամ արժեքով պահեստամասերը ՀԱԷԿ-ին 2017-2018 թվականների ընթացքում վաճառել են 33 մլն դրամ գումարով` այդպիսով մեկ տարվա ընթացքում վատնելով շուրջ 25 մլն դրամ:

Բացահայտումից հետո ԱԱԾ-ն կասկածի տակ է դրել ՀԱԷԿ-ին կատարված մյուս մատակարարումները, ստուգվում է նաեւ դրանց օրինականությունը: Թե կոնկրետ ովքեր են անցնում այս գործով, ովքեր են կալանավորված, ԱԱԾ-ն չի հայտնել:


Կատարվածը հերթական անգամ ի ցույց դրեց նախկին իշխանությունների օրոք տիրող ամենաթողությունն ու անպատժելիության մթնոլորտը: Բանն այն է, որ դեռեւս 2014 թվականին ՀԱԷԿ տնօրինությունը հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն ամեն ինչ դրանով էլ ավարտվել էր: Տարիներ շարունակ պետության փողերը հափշտակած բարձրաստիճան պաշտոնյաները մնացին անպատիժ` պարարտ հող ստեղծելով հաջորդիվ եկողների քաղցը հագեցնելու համար:

Ըստ քրեական գործի նյութերի` այդ ժամանակ ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը, կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսեսյանն ու վերանորոգման նախապատրաստման բաժնի պետ Էդիկ Ղազարյանը ատոմակայանից վեց տարի շարունակ ընդհանուր մոտ 783.5 մլն դրամի չափ գումար են հափշտակել: Ու չնայած կատարված հանցագործության ծանրությանը, պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի նյութական վնասին` երեքն էլ մնացին ազատության մեջ:

Կարճ ժամանակ կալանքի տակ պահվելուց հետո միայն փոխվեց նրանց խափանման միջոցը, եւ ՀԱԷԿ ղեկավարներն ազատ արձակվեցին: Նրանց նկատմամբ շատ ավելի ներողամիտ էր գտնվել դատարանը. այս անձանց թեեւ դատապարտել էր ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, ու սահմանվել էր փորձաշրջան: Ակնհայտ է, որ նման քրեական գործերի դեպքում որեւէ դատավոր չէր համարձակվի առանց Բաղրամյան 26-ում համաձայնեցնելու ինքնուրույն դատավճիռներ կայացնել, այնպես որ, այս մեղմ դատավճիռը եւս թելադրված էր Բաղրամյան 26-ից: Իսկ թե ինչու այդպես ներողամիտ էին գտնվել ՀԱԷԿ արդեն նախկին ղեկավարների հանդեպ, մնում է միայն գուշակել:Դե, ինչ խոսք, նախկին իշխանություններին հատուկ գործելաոճ…

ՀԱԷԿ-ում կազմավորված կոռուպցիոն սխեման ներկայացնենք ավելի մանրամասն. նախկինում կատարվածը լիովին արտացոլում է ԱԱԾ նոր բացահայտումը. ինչպես նախկինում, այս անգամ եւս էժան ապրանքները ձեռք են բերվել թանկ գներով:

Այսպես, նախաքննությամբ պարզվել էր` Գագիկ Մարկոսյանը, Ռուբիկ Մովսեսյանն ու Էդիկ Ղազարյանը ՀԱԷԿ-ի կարիքների համար գնումներ անելու նպատակով մրցույթներ են անցկացրել եւ անհրաժեշտ ապրանքները ձեռք բերել նախընտրելի իրավաբանական անձանցից շուկայականից էականորեն բարձր գներով եւ այդպես` վեց տարի շարունակ:

2008-2014թթ. ընթացքում նրանք շուկայականից մի քանի անգամ բարձր գներով ատոմակայանի համար ձեռք են բերել միջուկային վառելիքի վերբեռնման մեքենայի հատուկ ստորջրյա տեսախցիկներ, աղեղամարիչ խցիկներ, աշխատակիցների համար հատուկ հանդերձանք:

Բացի այդ, 2008թ. հուլիսին առանձին ստորաբաժանման կարգավիճակով կազմավորվել է «Ակնալիճ» հանգստյան տունը` տնօրենի եւ ադմինիստրատորի հաստիքներով, որը, սակայն, ստեղծման օրվանից որեւէ գործունեություն չի իրականացրել, բայց համապատասխան անձինք աշխատավարձ են ստացել: Կարճ ասած` ՀԱԷԿ ղեկավարությունը հնարավոր բոլոր եղանակներով փորձել է գումար «վաստակել»:

Ի դեպ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կատարվածից հետո եւս մեկ անգամ նախազգուշացնում է, որ բյուջեի միջոցների պատշաճ տնօրինման գործընթացը մշտապես պահվելու է օպերատիվ հսկողության ներքո, ձեռնարկվելու են անհրաժեշտ բոլոր միջոցառումները չարաշահումների եւ յուրացումների հնարավոր դեպքերը կանխելու եւ բացահայտելու ուղղությամբ:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս