ՏՈՒՆԸ ՓԼՎԵԼ Է, ԻՍԿ ԿԻՆԸ` ՀԱՅՏՆՎԵԼ ՓՈՂՈՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հերթական զրուցակիցը 62-ամյա Սաթենիկ Նավասարդյանն է, որը, արցունքակալած աչքերով, անհույս դեմքով եւ այս կյանքից իսկապես հոգնած, նստած էր  Նալբանդյան փողոցի մի անկյունում:Տիկին Սաթենիկը բորբոքվեց մեր այն հարցից, թե ինչու է նստել փողոցում ու գլուխն առել ձեռքերի մեջ. «Հարցնում ես խի՞ եմ էս վիճակում, որովհետեւ տուն չունեմ, գլխիվայր ամեն ինչ շուռ ա էկել: Ի՞նչ անեմ,  ըստեղ-ընդեղ ընգած ման եմ գալիս, որ մեկին խնդրեմ, աղաչեմ, պաղատեմ` ինձ օգնի իմ տունը սարքեմ, ուրիշ բան չեմ ուզում»: 62-ամյա կինը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ մեկ տղա ունի, որը Հայաստանում չի ապրում, մեկնել է արտերկիր` աշխատելու եւ չի վերադարձել: Տիկին Սաթենիկի խոսքերով  այն տունը, որտեղ տարիներ շարունակ ապրել են մայր եւ որդի, այժմ այնպիսի վիճակում է գտնվում, որ ավելի լավ է փողոցում ապրել, քան թե այդ փլատակների մեջ. «էդտե վաբշե ապրելու տեղ չի, ախր ընդհանրապես հնարավոր չի, ա՛յ աղջիկ ջան»: Հուսալքված կինն ասաց, որ իր տունը գտնվում է Փարաքարում եւ այն, ըստ էության, իսկապես փլվել է իր գլխին. «էտի տուն չի, ոնց ուզում եմ մի ձեւով կարգավորեմ, ապրեմ, հնարավոր չի լինում, ի՞նչ անեմ, հազար տեղ ձեռս գցեցի, օգնություն խնդրեցի, որ մեկը գա, մի էրկու կոպեկ տա էտ փլված տունը մի ձեւով սարքեմ, ապրեմ, չեղավ»: Տիկինը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ շատերին է դիմել, սակայն մինչ օրս որեւէ  օգնություն չի ստացել: Այժմ Սաթենիկն ապրում է հարազատների բնակարաններում. «Չէ, էնտեղ չեմ կարում գոնե հարմարվել, ապրել, հավատացե՛ք ինձ, ըտեղ հնարավոր չի անգամ գոյատեւել: Հիմա հարազատներիս տներն եմ գնում, խնդրում եմ, որ մի քանի օրով թույլ տան ապրեմ:  Յոլա եմ գնում, ուզում եմ մի բան անեմ, բայց չի ստացվում, մեկը չի օգնում, ա՛յ բալա ջան»: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ կորցրել է իր անձնագիրն ու մյուս  անհրաժեշտ փաստաթղթերը. «Չգիտեմ` ինչ անեմ, չգիտեմ` որտեղ եմ դրանք   կորցրել: Ուր գնում եմ, ասում են` մենք չենք կարա գտնենք»: 62-ամյա կինն ասաց, որ հասկացել է, թե ինչու իրեն չեն օգնում այդ հարցում. «Ես գիտեմ խի ա տենց, որովհետեւ էս երկրում ոչ մեկը մեր նմանների հետ պատիվ չի համարում խոսա, դրա համար էլ ուր գնում եմ,  միանգամից դուրս են հանում»: Այդուհանդերձ, տիկինը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ինքը երբեք ձեռք չի մեկնելու անցորդներից գումար մուրալու համար, չնայած, որ ոչ մի օգնություն չի ստանում պետության կողմից. «Իմ վատ վիճակի համար խի՞ պիտի ժողովրդից պահանջեմ, որ ինձ օգնեն, չէ, ես տենց բան չեմ անի: Ուղղակի կուզեմ, որ ինձ մի ունեւոր մարդ օգնի, իմ տունը մի փոքր սարքեմ, որ ես էս պատի տակ, էն պատի տակ չմնամ»: 62-ամյա Սաթենիկը սնվում է ՀԱԹ-ի տարածքում գտնվող «Գթության ճաշարանի» «ճաշացանկից»` չունենալով այլ ելք. «Հա, գոնե կարում եմ Բանգլադեշի ճաշարանից օգտվել, թե չէ չգիտեմ` ինչ պիտի անեի: Էլի փառք Աստծո,  ինձ օգնում են էդ առումով, նույնիսկ շորեր են տալիս»: «Ժողովուրդ»-ի զրուցակիցն ասաց, որ անգամ «ճուտ պահողները» այդ ճտի համար նորմալ պայմաններ են ստեղծում, իսկ ինքը անգամ այդ պայմաններից է զուրկ. «Ճուտ պահողն ավելի լավա վերաբերվում իրա պահած ճտին, քան էսօրվա դրությամբ պետությունը մեր հետ, էսօր ես էդ գոմը անգամ չունեմ, որ գնամ մնամ, բա տենց բան կանե՞ն, էն էլ մեծահասակ մարդու հետ»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս