Ազնավուրը իմ կուռքն էր, աննկարագրելի էր նրան տեսնելը. Սամի Նասերին Ազնավուրի և այլնի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին իր եղբոր` Բիբի Նասերիի հետ այս օրերին գտնվում է Հայաստանում: Նրանք ներկա էին փետրվարի 24-ին Հայաստանում կայացած MIX FIGHT 40 մրցաշարին: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է զրուցել վերջինիս հետ մեծագույն շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին, պարզել, թե ինչպիսի հարաբերությունների մեջ է աշխարհահռչակ դերասանը Ազնավուրի ընտանիքի հետ, ինպես նաեւ տեղեկացել ենք դերասանի սպորտային կողմնորոշումների մասին:

-Գիտեմ, որ մտերիմ եք եղել աշխարհահռչակ հայ Շառլ Ազնավուրի հետ, այդ պատճառով կցանկանամ հարցնել. կմտաբերե՞ք այնպիսի հիշողություն, որը կարող եք ներկայացնել հանրությանը:

-Շատ հիշողություններ ունեմ` կապված Շառլ Ազնավուրի հետ (հուզվում է փոքր-ինչ-Է.Մ.): Երբ մենք փոքր էինք, իմ հայրը մեզ լսել էր տալիս Շառլ Ազնավուրի երգերից: Մենք Ազնավուրի երգերն էինք վայելում նաեւ մեքենայի մեջ, երբ մեկնում էինք հանգստի: Այդ ամենից հետո, երբ ես սկսում էի դերասանական կարիերաս, հանդիպեցի Շառլին: Աննկարագրելի զգացողություններ էին. մենք պետք է նկարահանվեինք նույն ֆիլմում:

Ազնավուրը իմ կուռքն է, ինպես Ռոբերտ Դե Նիրոն եւ Ալ Պաչինոն: Ցավոք, ֆիլմը այդպես էլ չնկարահանվեց: Մեր մտերմությունը խորացավ այն ժամանակ, երբ իմ ընկեր Ժան Ռաշիդը ամուսնացավ Շառլ Ազնավուրի աղջկա` Կատիայի հետ: Իսկ վերջին անգամ, երբ տեսա Ազնավուրին, իր համերգի օրն էր Վերսալում: Մենք գնացինք ռեստորան, որը աշխատում էր 24 ժամ: Ժամը 10-ից մինչեւ 4-ը զրուցեցինք տարբեր թեմաներից, եւ այնքան կարճ թվացին այդ ժամերը, այնքան հուզիչ էին նրա պատմությունները Պիաֆից, Ժակ Բրելից եւ մյուս մեծագույններից: Այդ օրը ամենահիշարժան օրերից մեկն է կապված Ազնավուրի հետ:

-Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք Շառլ Ազնավուրի որդու` Նիկոլյա Ազնավուրի հետ:

-Շատ լավ հարաբերություններ ունեմ նրա որդու հետ, լավ ընկերներ ենք: Մինչեւ հիմա իմ ընկերն է Ժան Ռաշիդը, մտերիմ եմ նաեւ նրա կնոջ (Ազնավուրի աղջկա)` Կատիայի հետ:
Հաճախ հանդիպում ենք Փարզիում, զրուցում եւ ժամանակ անցկացնում:

-Հենց Խառը մենամարտե՞րն է Ձեր սիրած սպորտաձեւը:

-Իհարկե ոչ: Սիրում եմ տարբեր սպորտաձեւեր` բոքս, թենիս, ֆուտբոլ: Ֆուտբոլը ամենից շատ: Այնտեղ էմոցիաներն ուրիշ են, կա կիրք, պայքար: Ֆուտբոլն ուրիշ աշխարհ է:

-Իսկ ո՞ր ֆուտբոլային հանդիպումն է, որ դրոշմվել է Ձեր հիշողության մեջ, եւ այն ամենաէմոցիոնալն եք համարում:

-Կառանձնացնեմ 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը, որտեղ Ֆրանսիան ուղղակի սուպեր մակարդակի վրա էր, բայց չեմ կարող չանդրադառնալ նաեւ Զիդանին: Զիզուն լավագույնն է պատմության մեջ, 1998-ի եզրափակչի ժամանակ վիրտուոզը գերֆանտաստիկ խաղաց բրազիլացիների դեմ: Կառանձնացնեմ այդ երկու հանդիպումները, եւ Զիդանին. նա լավագույնն է ինձ համար:

Հ.Գ. Մեզ նաեւ հաջողվել էր Նասերիից իմանալ, որ փետրվարի 24-ի երեկոյան երկրպագելու է Դավիթ Խաչատրյանին:
Դավիթ Խաչատրյանը արդեն հաղթել է իր մենամարտում իտալացի Սիմոնե Բոտինոյին եւ WMMAL վարկածով հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս