Որեւէ բան նշանավորելու համար օր սահմանելը ամենալավ միջոցն է. Էդգար Առաքելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչպես է պատրաստվում նշել իրենց իսկ խմբակցության կողմից նախաձեռնած Քաղաքացու օր կոչվող տոնական միջոցառումը:

-Կարծում եմ` մեր քաղաքացիները այդ օրը նշելու հետ կապված որեւէ խորհրդի կարիք չունեն: Թերեւս կառավարությունը ինչ-որ միջոցառումների շարք նախատեսած լինի, ես դեռեւս չեմ հասցրել ծանոթանալ, բայց վստահ եմ` կլինի այդպիսի բան: Ամեն դեպքում, դա որոշակի առումով ռեկոմենդացիա է լինելու. յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշելու, թե ինչպես պետք է անցկացնի այդ օրը: Ոչ ժողովրդավարական, կոռումպացված ռեժիմի դեմ այդքան սպասված հաղթանակի մեկամյակը, կարծում եմ, բոլորն են նշելու, ու ամեն մեկն էլ ինքն է որոշելու, թե ինչ է անելու այդ օրը: Ես, օրինակ, միանշանակ նշելու եմ ընտանիքիս հետ, մեր հայրենակիցների, քաղաքացիների հետ:

-Ընդդիմադիրները համարում են, որ քաղաքացու օրը նշվում է ամեն օր, տարվա բոլոր օրերին, համարում են, որ դա ձեւական բնույթ կրող օր է լինելու: Չե՞ք կարծում, որ իսկապես անհասկացված մնաց այդ օրվա խորհուրդը:

-Մենք արդեն նշել ենք, որ այդ դեպքում մենք չպետք է մյուս տոնական օրերն ունենաք, ասենք` մարտի ութը, որովհետեւ կանանց օրը պետք է նշել ամեն օր, կամ երեխաների, մարդու իրավունքների պաշտպանության, անկախության եւ այդպես շարունակ: Ես կարծում եմ, որ այստեղ դեմագոգիայի մեծ տարր կա, պետք չի մանիպուլացնել այդ աստիճանի եւ այդքան պարզունականացնե: Այո, որեւէ բան նշանավորելու համար օր սահմանելը ամենալավ միջոցն է հանրության ուշադրությունը դրա վրա սեւեռելու համար: Մենք ունեցել ենք այնպիսի հեղափոխություն, որի մասին կարելի է անընդհատ խոսել, անընդհատ հիշել, ու այն ժողովուրդը, ով կարողացավ նման հեղափոխություն իրականացնել, նա էլ կորոշի, թե ինչպես, որտեղ ու ինչ ձեւ է նշելու իր օրը: Պետք չի, որ որեւէ մեկը անհանգստանա այդ հարցի հետ կապված:

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս