Օրվա երկրորդ կեսին դատարան կներկայանան Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն չորրորդ օրն ընթացող դատական նիստը մեկնարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում:

Դատարանի բակում շարունակվում են ակցիաները, սակայն և՛ Քոչարյանի աջակիցները, և՛ նրա ազատությանը դեմ հանդես եկող անձինք դեռևս շատ քիչ թիվ են կազմում:

Դատարանի դիմաց ոստիկանական ուժերը հսկում են կարգուկանոնը: Դատական նիստի ժամանակ շարունակվելու է քննվել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը՝ հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցը:

Դատական նիստը 5 րոպեով ընդմիջվեց, որպեսզի կարգավորեն բարձրախոսների հետ կապված խնդիրը: Նախորդ դատական նիստերի ընթացքում պարզ լսելի էր միայն նիստը նախագահող դատավորի ձայնը, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններրի և մեղադրող կողմի ներկայացուցիչների ձայները դժվար լսելի էին: Բարձրախոսների խնդիրը լուծելու միջնորդություն դատարանին ներկայացրել էին նաև լրագրողները:

Այսօր օրվա երկրորդ կեսին նիստին ներկա կլինեն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը` պնդելու իրենց անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորոդությունը:

Նրանք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել, իսկ այն քննարկելու համար նրանց ներկայությունը դատական նիստին պարտադիր է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մայիսի 15-ի նիստի ընթացքում դատարանին խնդրեցին պայմաններ ապահովել, որպեսզի Արցախի ներկա և նախկին նախագահները կարողանան մայիսի 17-ի նիստին ներկա լինել, սակայն դատավորն ավելի նպատակահարմար գտավ, որպեսզի նրանք ներկա լինեն մայիսի 16-ի նիստին, քանի որ դատարանին գոնե մեկ օր պետք է դատական ակտ կազմելու համար, իսկ մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր: Դատավորը նաև նկատեց, որ մայիսի 19-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը, ուստի նպատակահարմար է, որպեսզի Արցախի ներկա և նախկին նախագահները ներկա լինեն մայիսի 16-ի նիստին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ կփորձեն պարզել՝ կկարողանա՞ն Արցախի ներկա և նախկին նախագահները ներկա լինել մայիսի 16-ի դատական նիստին, թե՞ ոչ: Քոչարյանի պաշտպանները խոստացան մայիսի 16-ի առավոտյան դատարանին տեղյակ պահել:




Լրահոս