Նրանք չեն կարող սպանել իրենց միջի ստրուկին. Նաիրա Զոհրաբյանը` դատավորների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները:

«Հայաստանում այսօր չկա այնպիսի դիսկուրս, թե արդյոք մեր դատական համակարգն ունի բարեփոխումների խնդիր, որովհետև ոչ միայն ունի բարեփոխման, այլև հեղափոխական բարեփոխման խնդիր»,- Ազգային ժողովում անցումային արդարադատության թեմայով լսումների ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով` տարիներ շարունակ Հայաստանում կայացվել են քաղաքական դատավճիռներ, տարիներ շարունակ կայացվել են նախագահական նստավայրից ու կառավարությունից թելադրված վճիռներ, և դրա վկայությունն են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կուտակված հայցերը։

«Բայց ի՞նչ միջավայրում մենք պետք է կարողանանք մեր դատական համակարգը ամբողջապես ենթարկել բարենորոգման։ Այս միջավայրո՞ւմ, երբ կա տոտալ անհանդուրժողականություն մյուսի կարծիքի հանդեպ։

Երբ նայում ես հասարակական դիսկուրսը, հնչում են գիլյոտինի կոչեր, քաղաքական վենդետաների կոչեր։ Անգամ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունն են զտում, մի կողմը տալիս է իրեն հաճելի մասը, մյուս կողմը՝ իրեն հաճելի։

Բայց իրականությունն այն է, որ համազեկուցողների հայտարարության մեջ, այո, կար հստակ գնահատական, որ դատական համակարգի վրա քաղաքականմ պրեսսինգ չպիտի լինի, բայց կար նաև լիակատար աջակցություն գործող իշխանությանը՝ կոռուպցիայի դեմ և դատական համակարգն առողջացնելու պայքարում»,- ասաց նա։

Նա նշեց, որ ինքը չի հավատում հին արժեհամակարգով գործող դատավորների «ռեսթարթին», որովհետև եթե մարդիկ տարիներ շարունակ աշխատել են քաղաքական պատվերի ռեժիմի տակ, նրանք չեն կարող սպանել իրենց միջի ստրուկին։




Լրահոս