Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ ազատ արձակվեց մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը։ Գրել էինք, որ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն չի ներկայացվել՝ դատարան Գեղամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու մասով։ Այսօր լրանում էր նրա՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, ուստի, այսպես թե այնպես, վաղը Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցը փոխվելու էր, եւ նա հայտնվեց ազատության մեջ:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն:

Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, թե տեսել է`ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա: Հուլիսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը հայտնել էր, որ «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը եւ պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, եւ մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին: Համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել:

Այսինքն` կայացված փորձաքննությունների համաձայն՝ ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից:




Լրահոս