ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր փոփոխություն. տուն-ինտերնատներում բնակվող մարդկանց փոխհատուցում կտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2020 թվականի հունվարի 1-ից դրամական փոխհատուցում տալ բնակարանի վարձակալության դիմաց որոշակի բնակության վայր չունեցող, աշխատող այն անձանց, ովքեր բնակվում են տուն-ինտերնատներում։

Բանն այն է, որ այսօր տուն-ինտերնատներում խնամվողների մեջ կան անձինք, ովքեր ցանկանում են և ի վիճակի են աշխատելու, սակայն տուն-ինտերնատի կանոնադրությունն արգելում է նրանց աշխատել: Կան նաև անօթևան անձինք, ովքեր, ցանկանում են աշխատել, սակայն չունեն կացարան, ուստի ստիպված չեն աշխատում, երբեմն էլ՝ ազատվում են աշխատանքից և դիմում տուն-ինտերնատ ընդունվելու համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 3 տուն-ինտերնատում իրականացված նախնական հարցումները ցույց են տվել, որ առնվազն 20 խնամվող պատրաստ է դուրս գալ տուն-ինտերնատից, աշխատել, եթե ունենա կացարան և ստանա որոշակի աջակցություն։

Բացի տուն-ինտերնատներում բնակվողները, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանում ևս կան մարդիկ, որոնք նույնպես կացարան ունենալու դեպքում՝ կաշխատեին: Պարզվում է, որ
ՀՀ կառավարությունը մտադիր է աջակցել որոշակի բնակության վայր չունեցող, աշխատող այն անձանց, ովքեր բնակվում են վարձակալական հիմունքներով, նրանց հատկացնելով դրամական փոխհատուցում բնակարանի վարձակալության դիմաց:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ըստ նախնական հաշվարկների՝ առնվազն 30 խնամվող դուրս կգրվի տուն-ինտերնատներից և անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանից, կաշխատի, կվարի անկախ կյանք։
Ըստ սոցապ նախարարության 2020 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանա, քանի որ տուն-ինտերնատներից դուրս գրվող խնամվողների համար նախատեսված գումարները կուղղվեն այս ծրագրի իրականացմանը։

Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցման գումարի առավելագույն չափը կսահմանվի ամսական ոչ ավել, քան 100 000 դրամ: Այս որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից։

Ս. Հ.




Լրահոս