Արտաքին նոր իմիջով. ժողովրդավարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին մեր երկրում տեղի ունեցավ շատ կարեւոր մի միջոցառում` ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դեիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողով: Սակայն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալության լուրը խճճեց լրահոսը, եւ դուրս մնաց այս կարեւորագույն իրադարձությունը: Հայաստանյան դեսպանների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարեւոր ելույթ ունեցավ եւ մի շարք ուղերձներ տվեց մեր դիվանագիտական ներկայացուցիչներին, որպեսզի նրանք ավելի ակտիվ աշխատեն:

Վարչապետը նախ ասաց. «2018 թվականի հայկական հեղափոխությունը անձի մասին չէ, քաղաքական թիմի կամ խմբի մասին չէ, այն երկրի, պետության ու ժողովրդի մասին է, ժողովրդի ու պետության աստիճանի ու պոտենցիալի մասին է, եւ այն պետք է պատշաճ ձեւով ներկայացվի ողջ աշխարհին՝ այս անգամ արդեն ոչ թե որպես լրատվական անցողիկ թողարկման նյութ, այլ որպես երկիրը բնորոշող տեղեկատվություն: Այս տեղեկատվությունը, իմ խորին համոզմամբ, Հայաստանն աշխարհի համար հետաքրքիր դարձնելու անփոխարինելի միջոց է, մանավանդ ժամանակակից աշխարհում, որտեղ բոլորը եւ ամենուր խոսում են ժողովրդավարության ճգնաժամի մասին»:

Համաձայնեք, կարեւորագույն մեսիջ է սա, որը, իհարկե, հայ դեսպանները վաղուց պետք է ինքնուրույն իրագործած լինեին: Բայց, պարզվում է, նախաձեռնողականության խնդիր ունենք: Մինչդեռ պետք է վաղուց բոլորը հասկանային, որ ժողովրդավարությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը, եւ մեր խնդիրն է աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, որովհետեւ այն հիմնված եւ հենված է ոչ թե անձի, ոչ թե կոնկրետ քաղաքական շրջանակի, այլ ժողովրդի գիտակցության, կամքի եւ ձգտումների վրա:

«Եվ, հետեւաբար, փոքրի բարդույթը հաղթահարելը կենսական նշանակություն ունի մեզ համար, եւ սրա գործնական լուծումը, իմ պատկերացմամբ, հետեւյալն է. Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի կամ իշխող էլիտայի կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ, համայն հայության ներկայացուցիչ»,- հայտարարեց վարչապետը:

Նկատենք, որ մինչ օրս մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները այդպես էլ չկապիտալիզացվեցին, որը միայն եւ բացառապես ԱԳՆ-ի եւ դեսպանների ուղղակի գործառույթն է: Հուսանք՝ նաեւ վաղը ԱԺ-ում կայանալիք հավաքից հետո Հայաստանի արտաքին իմիջը փոփոխություններ կկրի:




Լրահոս