Պայթյունավտանգ իրավիճակ՝ համայնքների խոշորացման հարցերի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին օրենսդիր մարմնի իշխանական թեւը բուռն աշխատանքային քննարկումների մեջ է: Բանն այն է, որ մինչեւ տարվա վերջ իմքայլականները պետք է ավարտեն «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն ու ԱԺ քառօրյա նիստերում քննարկեն, ընդունեն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` պահանջ կա նաեւ մինչեւ տարվա ավարտը փոփոխել եւ ընդունել Ընտրական օրենսգիրքը հիմնովին, սակայն իշխանությունները բացահայտել են, որ դա անհնարին բան է այս կարճ ժամանակահատվածում իրականացնել, քանի որ լուրջ խնդիրների առաջ են կանգնել:

Ըստ մեր տեղեկությունների` նախ խնդրահարույց կետեր կան ՏԻՄ-ի հետ կապված, ինչպես նաեւ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել համայնքների խոշորացման հարցերի վերաբերյալ: Եւ իշխանությունները այդ հարցում խնդրի առաջ են կանգնել, քանի որ տարբեր համայնքներում բողոք է հասունանում խոշորացման ծրագրի կյանքի կոչման հետ կապված: Ուստի իշխանության ներսում որոշում կա Ընտրական օրենսգրքի փոփոխությունն անել ավելի հանգիստ հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Ինչեւէ, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, ով համակարգում է այս երկու նախագծերի փոփոխությունը, մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր խորհրդարանական լսումներ են հրավիրել` նվիրված «Կուսակցությունների մասին» օրենքին։ Գրանցվողների թիվը արդեն անցել է 100-ը:

Տեղեկացանք, որ լսումներով ավարտվելու է հասարակական սեկտորի հետ հանդիպումները ու սկսելու է բուն օրենսդրական նախաձեռնության աշխատանքային հատվածը: Նախատեսված է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ելույթը, ով պետք է ներկայացնի ողջ պրոցեսը:

Նյութը` Սոնա Գրիգորյանի




Լրահոս