«Օրինավոր» հեղափոխականները ստեղծեցին մի իրավիճակ, որ ուժ տվեց նախկին ռեժիմին. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է այն հարցը, թե ինչ հիմքերով հնարավոր կլինի դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները, և կարծես, թե գնալով օղակը սեխմվում է նրա ընտանիքի անդամների շուրջ: ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ  զրուցել է քաղաքագետ Հայկ մարտիրոսյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:

ՍԴ նախագահի շուրջ զարգացումները ես դիտարկում եմ ընդհանուր համատեքստում: Այսպիսի իրականություն ես շատ վաղուց էի կանխատեսել՝ դեռևս այսպես կոչված հեղափոխության օրերին: Այն ժամանակ այսօրվա իշխանության առաջնորդները մեծամիտ քմծիծաղով էին վերաբերվում իմ զգուշացումներին, հետո դա փոխվեց թշնամական ընկալման, իսկ հիմա իրենք այլևս համակարծիք են ինձ հետ, թեև թշնամանքն իրենց կողմից ավելի է խորացել: Սա տգետ և մոլորյալ քաղաքական մոտեցման արդյունք էր: Երբ ըստ իրենց որոշեցին ամեն բան «օրենքով» անել:

«Օրինավոր» հեղափոխականները ստեղծեցին մի իրավիճակ, որ ուժ տվեց նախկին ռեժիմին, զրոյացրեց հեղափոխության պոտենցյալը՝ հեղափոխությունը վերածելով անձափոխության և այլևս որևէ արդեն ոչ միայն խորքային՝ այլև անձային փոփոխություն դարձնելով գրեթե անհնար: Սա այս իշխանության ինքնասպանական գծի առաջին ախտանիշներից մեկն է: Ընդհանրապես երկրի քաղաքական կյանքի ապականումն ահռելի մաշտաբների է հասել, իսկ Թովմասյանի գործով արդեն երևում է թե իրականում որքան անմիտ և որքան թույլ է այլևս այս իշխանությունը: «Օրինական» դաշտում իշխանությունն ինքնատապալվում է, հակառակ ճամբարից նրան այլևս վստահորեն սպառնում են բանտով և ռեպրեսիաներով, իսկ ժողովրդական մի որոշ զանգված նայում է իրենց «սիրելի» առաջնորդին, նրա ձեռագիր ֆոլկլորային օջախամոլ երկտողին և հրճվում: Եվ այս ամենում Թովմասյանի հարցն այլևս քիչ կարևորություն ունի: Մնա Թովմասյանն իր պաշտոնում, թե վերջաես հեռացվի՝ այլևս շատ քիչ բան է փոխելու երկրում:

-Ի՞նչ զարգացումներ  եք սպասում Սահմանադրական դատարանի շուրջ: 

Դժվարանում եմ ասել: Կարելի է մեկ բան միայն կանխատեսել: որ առկա իրավիճակում որևէ մասնակի՝ առանձին դեպքի մասով կանխատեսում անչափ դժվար է անել: Գուցե վերջապես այս իշխանությանը հաջողվի ինչ-որ պահի հեռացնել Թովմասյանին, գուցե բազում տապալումների պես՝ դա էլ չհաջողվի և որոշ ժամանակ անց Փաշինյանին՝ թավշյա հեղափոխականի կոստյումով տեսնենք այլևս թավշյա դարձած Թովմասյանի կողքին կանգանծ՝ ինչ-որ միջոցառման մասնակցելիս:

Գուցե: Գուցե և ոչ: Ամեն դեպքում տեսանելի է, որ այս իշխանությունը, սեփական մոլորյալությունից խառնված՝ առավել անհեթեթ շարժումներ է անում և իրենց «օրինականության» շրջանակներն այլևս այնպես է խախտում, որ դա իրոք դատապարտելի է դառնում: Ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելն անհեթեթ և այլևս հախուռն պահվածքի ոլորտից է:

Թուլության և անուժության նշան, որ տեսանելի է դարձնում սեփական ուղու տապալումն ու նախկին ռեժիմի դաշտում խաղալու անկարողությունը: Սերժ Սարգսյանի օրենքներով և դրանց միջոցով փոփոխություններ կատարելու որևէ հնարավորություն այս իշխանությունն այլևս չունի:

Իրենց «պաշտած» «օրինականության» դաշտում իշխանությունը Թովմասյանի հարցում այլևս պարտված է, ինքնապարտված: Հենց դրա համար էինք մենք հենց սկզբում առաջարկում, պահանջում գնալ հեղափոխական ուղով և գորգային՝ համապարփակ հեղափոխական փոփոխություններ իրականցնել հեղափոխության ուժով և ժողովրդի տված մանդատով:

Իսկ հիմա ԱԱԾ կանչելը ցույց է տալիս հուսահատության նոր մակարդակ: Պետք է սպասել և տեսնել թե ուրիշ ի՞նչ ճանապարհով կփորձեն գնալ կեղծ հեղափոխականները: Ամեն պարագայում այս ամենը տգեղ տեսարան է: Տգեղ և հուսահատեցնող: Հայաստանում նոր, բավական մութ ժամանակներ են սկսվում: Չգիտեմ թե ելքը որն է լինելու:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս