88 հոգի ենք և ունենք 88 կարծիք, մեր քննարկումները թեժ են լինում. իմքայլականը՝ խմբակցության նիստերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց խմբակցությունում պատգամավորների բացակայությունների հետ կապված խոսակցություն եղել է, բայց, ըստ իշխանական պատգամավորի, իրենց մոտ բացակայությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ մի շարք օրենսդիրներ գործուղումների են մեկնում: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր, որ իմքայլականներին զգուշացվել է այլեւս չբացակայել խմբակցության նիստերից, քանի որ հարցեր են քննարկվում, ու որոշումներ են ընդունվում նիստերի ժամանակ, որոնցից պատգամավորներն անտեղյակ են մնում:

-Պարո՛ն Մովսիսյան, նախորդ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ Ձեր իշխանությունը արդեն քաղաքական բանտարկյալների է անցել, այսինքն` այն մարդիկ, ովքեր այլ քաղաքական դիրքորոշում են հայտնում, նրանք հայտնվում են բանտերում: Ինչո՞ւ եք նման քաղաքականություն որդեգրել:

-Մենք քաղաքական հետապնդումներ չենք իրականացրել ու չենք իրականացնում: Ես բազմիցս նշել եմ, որ ցանկացած անօրինականության հետ կապված խնդիր բարձրաձայնվում է, ու քրեական գործ է հարուցվում, այդ ժամանակ պաշտպանողական ռեակցիա է առաջանում, ու այդ պաշտպանման միջոցներից մեկը այն է` հայտարարել, որ իրենք քաղհալածյալ են, բայց իրականում նման բաներ չկան. այն, ինչ կատարվում է այս պահի դրությամբ դա իրավական գործընթաց է, ու քաղաքական հետապնդում որեւէ մի անձի նկատմամբ չի կարող լինել: Այս իրավական գործընթացը միտված է արդարության վերականգնմանը:

-Բայց ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավար Արսեն Բաբայանի կալանավորման դեպքում, իր փաստաբանները պնդում են, որ անգամ հիմքեր չկան կալանք կիրառելու համար: Դուք վստա՞հ եք, որ իրավական հիմքերն ամուր են` այդ դեպքի հետ կապված:

-Կոնկրետ այդ դեպքի հետ կապված` մանրամասներին ծանոթ չեմ, բայց վստահ եմ, որ եթե կալանավորում է կիրառվել, ապա համապատասխան հիմքերն առկա են. իրավապահ համակարգի ներկայացուցիչները իրենց աշխատանքներն իրականացնում են օրենքի տառին համապատասխան: Չեն կարող Հայաստանում լինել գործողություններ, որոնք չհամապատասխանեն օրենքին: Ես վստահ եմ, որ ամեն ինչ արվում է օրենքով: Մենք վենդետաներ չենք անում. հավատացեք` եթե նման բան լիներ, ապա շատ շուտ` դեռ հեղափոխությունից անմիջապես հետո, այդ ամենը մարդիկ իրենց մաշկի վրա կզգային, այդ մարդիկ պատասխան կտային իրենց կատարած վատ արարքների համար: Բայց մենք նման բան չենք արել ու չենք անում, մեր քաղաքական թիմը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ չեն լինելու վենդետաներ, ու մինչեւ հիմա այդ ուղղությունը պահվում է:

-Պարո՛ն Մովսիսյան, ըստ մեր տեղեկությունների` Ձեր խմբակցության նիստերի օրակարգային հարցերի երկար ու անհետաքրքիր լինելու պատճառով շատ պատգամավորներ այլեւս չեն մասնակցում նիստերին: Դուք մասնակցո՞ւմ եք խմբակցության նիստերին, արդյոք նման խնդիր կա՞:

-Գրեթե միշտ մասնակցում եմ խմբակցության նիստերին, իրականում բացականեր շատ չենք ունենում, հիմնականում բացակա լինում են այն մարդիկ, ովքեր գործուղման մեջ են գտնվում, իսկ ովքեր, որ բացակայում են, հարգելի են լինում հիմնականում: Մենք միշտ էլ քվորում ենք ունենում, ես միշտ մասնակցում եմ նիստերին: Մեր խմբակցության նիստերի օրակարգային հարցերը ձեւավորվում են` ոչ թե հետաքրքրությունից ելնելով, այլ այն բանից հետո, թե ինչ արդիական հարցեր կան:

Այսինքն` այն հարցերը, որոնք հետաքրքրում են մեր ժողովրդին, դրանք հուզում են բոլորին, մենք ձեւավորում ենք օրակարգ ու քննարկում ենք դրանք: Ինչ վերաբերում է օրակարգի հարցերի երկար քննարկմանը, ապա կան հարցեր, որոնք իսկապես պահանջում են երկար քննարկում, իսկ մենք խմբակցությունով քիչ չենք, մենք բոլորս դիրքորոշում ենք ներկայացնում:

Անկախ նրանից` այդ հարցը հետաքրքիր կամ անհետաքրքիր է ինչ-որ անձանց, մենք դրանք օրակարգային ենք համարում ու քննարկում ենք մեր նիստերի ժամանակ: Մեզ համար կարեւոր հարց է, որ այն հետաքրքրի հանրությանը, ու դրանց մենք քննարկումների միջոցով լուծումներ տրամադրվի: Պարզ է, որ բարդ աշխատանք է, ու մենք էլ պետք է հստակ իրականացնենք:

-Ըստ մեր տեղեկությունների` վերջին նիստի ժամանակ խմբակցության ղեկավարությունը նկատողություն է տվել պատգամավորներին այն բանի համար, որ վերջին նիստերին մի քանի պատգամավորներ են ներկա գտնվում: Զգուշացվել է այլեւս չբացակայել նիստերին. կա՞ նման բան:

-Բացակայությունների հատ կապված խոսակցություններ եղել է, բայց արդեն նշեցի, որ բացակաները լինում են հիմնականում գործուղումների պատճառով, ու եթե լինեն պատգամավորներ, ովքեր բացակայում են նիստերից, ապա իրենք նախապես տեղեկացնում են խմբակցությանը իրենց բացակայության մասին:

-Բայց նշվում է, որ այդ բացակայությունները կապված են այն հանգամանքի հետ, որ խմբակցության ղեկավարությունը չի հանդուրժում այն պատգամավորներին, ովքեր այլ դիրքորոշում ունեն մեծամասնության ներկայացրած դիրքորոշումից: Այդ հարցում տարաձայնություններ ունե՞ք:

-Գիտեք, ես բազմիցս ասել եմ, որ մենք խմբակցությունում 88 հոգի ենք ու ունենք 88 կարծիք, մեր քննարկումները թեժ են լինում, ու կարծիքները տարբեր են լինում, բայց սկզբունքային հարցերում մենք միասնական ենք եւ գրեթե միշտ վեր ենք կենում կոնսենսուսով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս