ԱՄՆ-ն դեմ չէ ռուսների մուտքին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` նոյեմբերի 10-ին Հայաստան կատարած այցի ժամանակ չստորագրվեց փաստաթուղթ, որը ռուս մասնագետների, այդ թվում` ռազմական մուտքի հնարավորություն էր ստեղծելու Երեւանում գտնվող բիոլաբորատորիա, որը ամերիկյան ֆինանսավորմամբ է կառուցվել: «Այդ հուշագրի ստորագրման ժամկետները դեռեւս հայտնի չեն»,- Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում:

Բայց նախարար Լավրովը, Երեւանում հույս հայտնելով, թե փաստաթուղթն առաջիկայում կստորագրվի, ասաց. «Հուշագրի տեքստի շուրջ աշխատանքներն, ընդհանուր առմամբ, ավարտված են, հիմա փաստաթուղթը յուրաքանչյուր կողմում միջգերատեսչական համաձայնության փուլ է անցնում»: Իսկ ավելի վաղ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն բանակցում են Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների ներկայությունը բացառող համաձայնագիր մշակելու վերաբերյալ: Ահա այս օրերին արդեն արձագանք եղավ նաեւ ամերիկյան կողմից:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայկական լրատվամիջոցներից մեկին ասել է, թե ԱՄՆ-ն խնդիր չի տեսնում, որ ամերիկյան ֆինանսավորմամբ ՀՀ-ում վերազինված կենսաբանական լաբորատորիաներ կարողանան մուտք գործել Ռուսաստանի պետական մարմինների ներկայացուցիչներն ու մասնագետները:Ամերիկացի դիվանագետը, հիշեցնելով, որ իր երկիրը Հայաստանի հետ կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցում է դեռեւս 2008-ից, ընդծել է նաեւ, որ խնդիր չի տեսնում այդ ոլորտում ՀՀ – ՌԴ փոխգործակցության հարցում:

Եւ ուրեմն ի՞նչն է խնդիրը, որ այս հարցը տեւական ժամանակ է` հետեւողականորեն քննարկվում է բոլոր կողմերում: Պենտագոնի միջոցներով ստեղծված, բիոնյութերի ուսումնասիրությամբ զբաղվող այսպիսի լաբորատորիաներ կան նաեւ Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղազախստանում: Մոսկվայում կասկածով են վերաբերվում փակ ռեժիմով գործող հետազոտական այդ կենտրոններին, որոնց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ն: Հայաստանի հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը 10 մլն դոլար է հատկացրել:

Բայց հիշենք, որ դեռեւս անցած տարի էր վարչապետ Փաշինյանը «Կոմերսանտին» ասել. «Այդ լաբորատորիաներն ամբողջությամբ Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ են: Մենք պատրաստ ենք համագործակցության, եւ ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են ու համոզվել, որ այնտեղ՝ այդ լաբորատորիաներում, ոչ մի սարսափելի բան չկա»:




Լրահոս