ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այսօր սաղ շանտաժով են ապրում, հարցեր կան, թող գան ճշտեն». Սուրիկ Խաչատրյանի եղբայրը դատի կտա իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, քանի որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ անձանց ապօրինի կարգադրություն տալով` դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Ըստ ՀՔԾ-ի` պարզվել է, որ Սուրիկ Խաչատրյանը, 2011-2012թթ. ընթացքում զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն`Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որեւէ օրինական հիմքիիր եղբորը հանձնելու վերաբերյալ:

Լավրենտիկ Առաքելյանը, օրենքի պահանջների խախտմամբ, առանց խողովակներն օտարելու մասին համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, այն համայնքի ավագանու որոշմամբ եւ սահմանած պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու փոխարեն, Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ, Նորավան համայնքի սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով` 5.132.891 ՀՀ դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը:

Բացի այդ, 2016թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սուրիկ Խաչատրյանը Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն` Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցովիրկողմից նշված անձին` Աշոտ Գեւորգյանին օտարելու վերաբերյալ:

2019թ.-ի նոյեմբերի 19-ին Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ս. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Լավրենտիկ Առաքելյանին, Աշոտ Գեւորգյանին:

Սուրիկ Խաչատրյանի եղբայրներից մեկը մահացել է: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նրա մյուս եղբոր՝ Աղալար Խաչատրյանի հետ` հասկանալու համար, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանը խողովակը տվել է իրեն:

Եվ, ահա, Աղալար Խաչատրյանը բավականին վրդովված հայտարարեց. «Ես ցանկանում եմ իրենց դատի տալ, եղբայրները ի՞նչ կապ ունեն, մի եղբայրը ես եմ, մյուս եղբայրը մահացել է»:

-Պարո՛ն Խաչատրյան, Ձեզ այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության կանչե՞լ են` պարզելու համար, թե, օրինակ, Ձեր եղբայրը Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն`Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որեւէ օրինական հիմքի Ձեզ հանձնելու վերաբերյալ:

-Ես կյանքում խողովակի հետ ո՛չ աշխատել եմ, ո՛չ էլ վերցրած կամ ո՛չ էլ գիտեմ` ինչ խողովակի մասին է խոսքը:

-Այսինքն` Դուք տեղյակ չե՞ք, Նորավան համայնքի ղեկավարի հետ երբեւէ չե՞ք առնչվել:

– Նորավան համայքի ոչ գյուղապետին եմ ճանաչում, ոչ մեկի հետ շփված չեմ:

-Միգուցե Ձեզ չեն տվել, բայց Ձեր մահացած եղբորն են տվե՞լ:

-Ոչ մեկին ոչ ազգանունով գիտեմ, սուտ խոսել չեմ կարող: Մյուս եղբայրս մահացել է, ուզում են երեւի գցեն վրան, նման բան գոյություն չունի, 3-4 տարի առաջ է մահացել, նա էլ դժվար այդ ամենի հետ կապ ունենա: Շանտաժ է էլի, մի սուտ բան սարքում են, էնքան որ մի բան սարքեն:

-Հիմա պատրաստվո՞ւմ եք դատի տալ իրավապահներին:

-Ես քիչ առաջ խոսում էի այդ մասին, ուզում եմ դատի տալ, ես այստեղ եմ, թող գան տեսնեն, թե այդ ով է ինձ խողովակ տվել` չեմ իմանում:

-Իսկ Ձեր եղբոր հետ կապ ունե՞ք, խոսո՞ւմ եք:

-Խոսում եմ, միշտ էլ խոսում եմ, վիճակը լավ չի, պառկած է: Այսօր երկիրը փոխվել է, սաղ շանտաժով են ապրում, ես պատրաստ եմ, ցանկացած ժամի կարող են գալ, տեսնել, հարցեր կան, ճշտեն, ես այդ մասին տեղեկություն չունեմ:

Քնար Մանուկյան




Լրահոս