Շուրջ 6000 մարդ Երեւանում եւ մարզերում անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին եւ կայուն զարգացման գրասենյակի հատուկ հարցերով խորհրդական Ջեֆֆրի Փարեթչանին։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հակոբ Արշակյանը խոսել է տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիական ոլորտի զարգացման կարեւորության մասին։

Նա ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող Հայաստանի կառավարության քաղաքականությունը, նախարարության առաջնահերթություններն ու ծրագրերը, ընթացիկ աշխատանքները։

Ոլորտի զարգացմանն ուղղված կարեւոր առաջնահերթությունների ցանկում նախարարը հատկապես կարեւորել է տեխնոլոգիական կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերը, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը, թե՛ մասնագիտական բուհերի ուսանողների, թե՛ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նորագույն տեխնոլոգիական գիտելիքներ ստանալ։ Մասնավորապես, շուրջ 6000 մարդ Երեւանում եւ մարզերում հաջորդ տարվանից անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն կունենան։

Նախարարն անդրադարձել է նաեւ նորարարական գաղափարների խթանմանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով Ազգային վենչուրային հիմնադրամի, մի շարք դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաեւ ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված հարկային արտոնություններից օգտվելու հնարավորությունները։

Տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին Հակոբ Արշակյանը կարեւորել է նաեւ «Հայաստանի վիրտուալ կամուրջ» ծրագիրը, համաձայն որի՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործունեություն սկսած ցանկացած ընկերություն՝ ոչ միայն հայկական, հնարավորություն կունենա օգտագործել հայկական սփյուռքի ներուժը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մեր երկրում թվայնացման գործընթացների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ թվային օրակարգից մինչեւ ներկա ձեռքբերումներ եւ ապագայի ծրագրեր։




Լրահոս