Ի՞նչ է սպասվում ծառայությունից խուսափած քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, նախագիծ ներկայացնելով, փորձում է խրախուսել բանակում չծառայելը եւ հնարավորություն ստեղծել, 10 մլն դրամ վճարելով, ընդամենը ծառայել մեկ ամիս եւ վերջ, պարզվում է` ՀՀ պաշտպանության նախարարությունը չի երկարացնի մեկ այլ օրենքի գործողության ժամկետը: Խոսքը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի մասին է, որն այս տարիների ընթացքում մի քանի անգամ երկարացվել է եւ հնարավորություն է տալիս բանակում չծառայած եւ 27 տարին լրացած քաղաքացիներին վճարել որոշակի գումար եւ այդպես ազատվել քրեական պատասխանատվությունից:

Նախ նշենք, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու եւ օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնությունը: Մասնավորապես, նախագծի հեղինակներն առաջարկում են, որօրենքի գործողության ոլորտն ընդգրկի մինչեւ 2019թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածըեւ տարածվի այդ ընթացքում «Զինապարտության մասին» օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաների դեպքում՝ 35) տարին լրացած կամ մինչեւ 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով, օրենքով սահմանված կարգով, հարուցված է քրեական հետապնդում:

Նախագծի հեղինակները փոփոխությամբ ակնկալում են, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը եւ, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

Նշենք, որ այս նախագիծը նախկին գումարման խորհրդարանի գործունեության ժամանակ մի քանի անգամ երկարաձգվել է, եւ փոփոխություն կատարելը նախորդ խորհրդարանի ամենավիճահարույց նախագծերից էր,ընդ որում`այն նախագծերից էր, որ խորհրդարանում ներկայացնում էին թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները: Եվ յուրաքանչյուր անգամ կառավարության կողմիցնշվում էր, թե սա կարող էվերջին անգամ լինել: Եվ, ահա, նման հայտարարությամբ խորհրդարանում դեռեւս 2017 թվականին հանդես էր եկել այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: Այդ ժամանակ օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու հետմեկտեղ բարձրացվեցին նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու դրույքաչափերը: Եվ եթե մինչեւ 2015 թվականը գործողօրենքով մեկ զորակոչից խուսափելու համար քաղաքացին վճարում էր նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ապա այդ տարվա փոփոխությամբ` չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց արդեն վճարվում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով գումար:

Եվ այդ ժամանակ քննարկումների արդյունքում նաեւ նշվեց, որ օրենքի առկայության պարագայում պետական բյուջե է վճարվել 8 մլրդ դրամից ավելի գումար: Եվ, ահա, այդ օրվանից հետո օրենքի փոփոխություն տեղի չի ունեցել, եւ այն գործելու է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, եւ այս օրենքիցօգտվում են այս պահին այն մարդիկ, ում 27 տարին լրացել է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:

Ինչպես երեկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, սա վերջին երկարացումն է եղել, եւ անկախ այն հանգամանքից, որ արդեն նման նախագիծ կրկին դրված է շրջանառության մեջ, Պաշտպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տալու: Ըստ այդմ, 2019թ-ից հետո այն չի երկարաձգվելու, որի պարագայում կա՛մ պետք է լրանա օրենքով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, կա՛մ անձը Հայաստան գալու դեպքում կենթարկվի քրեական պատասխանատվության: Այսինքն` որեւէ անձ, ով, ենթադրենք, 2019թ-ի դրությամբ 26 տարեկան է եւ չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, պետք է ներկայանա ծառայության, հակառակ դեպքում կենթարկվի քրեական պատասխանատվության:

Այստեղ նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1 մասի համաձայն` ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը, այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Եվ քանի որ արարքը համարվում է միջին ծանրության հանցագործություն, ուստի անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի ժամանակահատվածը: Եվ ընդհանուր կանոնի համաձայն` անձի քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը անցած կհամարվի միայն 32 տարեկանը լրանալու դեպքում:

Ամեն դեպքում, ընդդիմադիր խմբակցության կողմից շրջանառության դրված նախագիծն արդեն ուղարկվել է կառավարություն, որն առաջիկայում կընդգրկվի նիստի օրակարգ, որիցհետո կուղարկվի խորհրդարան եւ կքննարկվի արդեն Պաշտպանության հանձնաժողովի նիստում: Եվ չնայած այն հանգամանքին, որ Պաշտպանության նախարարությունը դեմ է արտահայտվել այս նախագծին, չի բացառվում, որ խորհրդարանականները կողմ լինեն դրան: Հավելենք, որ նախկինում եւս յուրաքանչյուր անգամ օրենքում փոփոխությունը հանգեցնում էր խորհրդարան-կառավարություն բախմանը. թերեւս նոր խորհրդարանի պարագայում այդպիսի սցենար կանխատեսելը եւս իրատեսական է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս