Աստղերի անհայտ կողմը. ինչպե՞ս ինժեներ Արթուր Իսպիրյանը սիրահարվեց երաժշտությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Արթուր Իսպիրյանն է: Քչերը գիտեն, որ նա ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական ֆակուլտետը: Պարոն Իսպիրյանն իր առաջին մասնագիտությունն օգտագործել է միայն պրակտիկայի ընթացքում. «Կարծում էի՝ ապագա ունեցող մասնագիտություն եմ ընտրել:

Աշխատել եմ Հրազդանի ՀԷԿ-ում, իսկ դրանից հետո անցել եմ կուսակցական աշխատանքի Մասիսի շրջանում` վարագույրների գործարանում, եղել եմ Կոմսոմոլի քարտուղար: Ես ավարտել եմ արդյունաբերական էներգետիկայի բաժինը: Ցավոք, դրանից հետո մեկնեցի ԱՄՆ, եւ առիթ չի եղել, որ իմ մասնագիտությամբ աշխատեմ»,-մանրամասնեց երգիչը:
Նա նշեց, որ մասնագիտությունն օգնում է իրեն առօրյայում, կենցաղային գործերում. հիշում է իր ստացած գիտելիքներն ու կիրառում: Բայց ինժեների մասնագիտությամբ զբաղվելուն խանգարել է սերը երաժշտության հանդեպ. «Գերադասել եմ տրվել երաժշտությանը: Դեռ ուսանողական տարիներին համատեղում էի կրթությունս երաժշտության հետ:

Բոլոր ընկերներս Կոնսերվատորիայում էին սովորում, երաժշտական կրթություն ունեին: Մենք խումբ ունեինք, որի կազմում էին Արամոն, Գրիգոր Անտոնյանը, Գրիշա Աղախանյանը, Արաքսյա Մուշեղյանը, Արթուր Գրիգորյանը: Հավաքվում էինք ու ստեղծագործում, նվագում: Այդ ժամանակ շատ լավ ակումբ կար, կոչվում էր «Ազատ ժամանց»: Այդտեղ երգում էին Տաթեւիկ Հովհաննիսյանը, Էռնա Յուզբաշյանը, Աշոտ Բզնունու խումբը: Այնքան գնացի այդ ակումբ, որ ամբողջովին մոռացա ինժեների մասնագիտությունն ու սիրահարվեցի երաժշտությանը»,-մեկնաբանեց պարոն Իսպիրյանը:

Հավելենք, որ Արթուր Իսպիրյանը 1988թ. սկսել է երաժշտական գործունեությունը` կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի աջակցությամբ: 1989թ. Տալլինում Վահագն Հայրապետյանի հետ հանդես է եկել մենահամերգով: 1992թ. Արթուր Գրիգորյանի եւ Տաթեւիկ Հովհաննիսյանի հետ Լոս Անջելեսում հանդես է եկել համերգային ծրագրով, իսկ 1996թ. ներկայացել է համերգով Էլվինա Մակարյանի հետ: 1998թ. արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս